13 06 2019

Ֆրանսիական քաղաքները չեղարկում են Արցախի հետ բարեկամության հուշագրերը. Վահե Հովհաննիսյան

Ֆրանսիական քաղաքները չեղարկում են Արցախի հետ բարեկամության հուշագրերը. Վահե Հովհաննիսյան

Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է.

«Մինչ մենք մսխում ենք մեր պետական միտքը դատարաններում և մինչ համառորեն հորինում ենք հակամարտություն Արցախի հետ, մեր շուրջը տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք մեր օրակարգից դուրս են, և մենք ձև ենք անում, թե դա մեզ չի վերաբերում:

Երեկ Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին և միանալու է այս տարի պլանավորված թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած` երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության մեծացմանը:

Ըստ էության, երեկ հայտարարվել է տարածաշրջանում նոր ռազմական ձևաչափի մասին: Մենք չկարողացանք կանխել, մենք զբաղված ենք այլ կարևոր գործերով:

Այս հարցը մեր լրահոսում չկա, քաղաքական քննարկումներում չկա, Ազգային Ժողովում չկա, պաշտոնական Երևանի արձագանք չկա, ընդդիմության ահազանգ չկա: Հայտնի չէ` մենք այս թեմայով Ռուսաստանի հետ ունեցե՞լ ենք քննարկումներ, կոնսուլտացիաներ: Մենք հաշվո՞ւմ ենք ռիսկերը, մենք հաշվո՞ւմ ենք թուրք-ադրբեջանա-վրացական խորացող ռազմական համագործակցության հաջորդ քայլերը: Կա խոր կասկած, որ սա միայն սկիզբն է և ունենալու է շարունակություն: Որո՞նք են մեր հակաքայլերը:

Մենք չենք կարող անտեսել նոր իրողությունը, նոր մարտահրավերը: Տարածաշրջանում իրողությունները սկսել են արագ փոփոխվել: Որքանո՞վ ենք մենք դրանց պատրաստ:

Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող դատական ճահիճը, ապրիլյանի հանձնաժողովի ստեղծումը, հաղթած հրամանատարների հանդեպ հետապնդումները, Արցախի գեներալների հանդեպ ճնշումները, ընդհանրապես Արցախի հանդեպ խրախուսվող սառնությունը էապես թուլացնում են մեր դիրքերը:

Զուգահեռ՝ բավականին վտանգավոր և անհասկանալի պրոցես է ընթանում համանախագահ երկիր Ֆրանսիայում: Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է: Հայաստանում ո՞վ է այս հարցով զբաղվում՝ իրավական էլիտան, դիվանագիտական էլիտան, ո՞վ: Եվ տեղյա՞կ է արդյոք որևէ մեկը այդ գործընթացից: Հաշվարկե՞լ է որևէ մեկը, որ սա կարող է նախադեպային դառնալ ԵՄ այլ երկրների համար, և ստանանք շրջափակման նոր մակարդակ:

Հայաստանի ներքին մթնոլորտը, որը օր օրի ավելի անտանելի է դառնում՝ էապես թուլացնում է մեր դիրքերը: Մենք խաբում ենք մեզ, եթե կարծում ենք, որ այսօրվա լայվերի ու լոզունգների ռեժիմով կարողանալու ենք հակակշռել հին և նոր մարտահրավերներին: Պարզապես օրվա հրամայական է՝ սկսել աշխատելը: Միայն աշխատող Հայաստանը կարող է դիմակայել և գտնել զարգացման ռեսուրսներ: Իսկ աշխատանքի համար նախապայման է ագրեսիայի, ներքին սուր կոնֆլիկտների բացառումը, մի քանի կարևոր թեմաների շուրջ տեսակետների վերանայումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ