7or.am-ը գրում է․ «Էն գլխից» էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանիհամար «Մարտի 1»–ի գործի վերաբացումն ու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի հարուցումը հետապնդում են բացառապես քաղաքական նպատակ։
Պարզ էր նաև, որ «ժողովրդի» վարչապետին չեն հետաքրքրում 2008–ի մարտի 1–ի 10 զոհի հետ կապված հանգամանքները։
Նրան պետք էին «վենդետտա» և սեփական մեղքերից փախչելու գործընթաց։
Փաշինյանին այս ամենի համար, բնականաբար, կամակատարներ էին պետք։ Կամակատարներ, որոնք կբավարարեին նրա պահանջները։ Այդպիսիք գտնվեցին։
Արթուր Դավթյանը, որը մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը վերջինիս կալանավորելու միջնորդությամբ մտել էր խորհրդարան, ճամբարափոխ եղավ ու պահպանեց իր տեղը գլխավոր դատախազի աթոռին։
Կամակատարի ֆունկցիա կատարելուն «այո» է ասել նաև տխրահռչակ Սասուն Խաչատրյանը, ով ստացավ ՀՔԾ պետի պաշտոնը։
Քոչարյանի դեմ սարքած գործին ներգրավվածությունն, ի դեպ, բարեհաջող է ոմանց համար ոչ միայն կարիերային, այլ նաև կոմերցիոն առումով։
Օրինակ՝ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցները հեղափոխությունից հետո կտրուկ աճել են:
Սա այն նույն Հրաչն է, որի մասին հայտնի գաղտնալսման մեջ խոսում էին Վանեցյանն ու Խաչատրյանը՝ թեև նրա անունը սխալ էին օգտագործում։
Ի դեպ, Հրաչյա Մուշեղյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է մեկ տարվա մեջ հաջողացրել ավելացնել իր եկամուտները, նշել է, որ այգիներ ունի և այգուց է եկամուտ ստացել։
Փաստորեն, «Մարտի 1»–ի գործում ներգրավված քննիչն այնքան ազատ ժամանակ ունի, որ այգեգործությամբ է զբաղվում ու դեռ մի բան էլ լավ եկամուտներ ստանում։ Եվ դա այն դեպքում, երբ առավոտից մինչև երեկո այգեգործությամբ զբաղվող գյուղացիների մեծ մասը վարկերի տակ է ու չի կարողանում եկամուտ ստանալ։
Հետաքրքրականն այն է, որ Մուշեղյանը միշտ է գյուղացի տղա եղել, բայց նրա մոտ այգեգործությամբ զբաղվելը հաջողակ ստացվեց հատկապես այն պահից, երբ դարձավ «Մարտի 1»–ի գործով քննչական խմբի ղեկավար, ու իրեն պահում է այնպես, ինչպես Նիկոլն է ցանկանում։
Տեղին է հիշեցնելը, որ երբ Նիկոլը դեռ ընդդիմադիր էր աշխատում և տարատեսակ ներիշխանական ինտրիգների մասնակցում որպես հաճախորդ, մեղադրում էր նախորդ իշխանության այս կամ այն ներկայացուցչին, երբ նրանք հայտարարում էին, թե այգի ունեն և եկամուտը գյուղատնտեսական աշխատանքներից են ստանում, այլ ոչ թե պաշտոնն օգտագործելիս։
Հիմա Նիկոլը, բնականաբար, չի զարմանում, որ իր նշանակած քննիչի եկամուտները մեկ տարվա մեջ կտրուկ ավելանում են։ Իսկ միգուցե ի՞նքն է նպաստում այդ ավելացմանը։ Ո՞վ գիտե»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը