08 06 2019

Հարյուրավոր գործիչներ Դիլիջանում են․ մեկնարկել է է «Մտքերի գագաթնաժողովը»



Դիլիջան քաղաքում մեկնարկել է ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը», որին մասնակցում են ՀՀ նախագահն ու վարչապետը:  Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս:

Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադադարձ կկատարվի Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն:

Իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց  «Մտքերի հայկական գագաթնաժողովը»՝ հատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին։

«Հին հնդկական հարցը հարց է դնում՝ ինչն է ավելի շատ, քան աստղերը եւ բնականաբար պատասխանում է՝ մտքերն են ավելի շատ: Ընդ որում նկատի է առնվում մեկ մարդու մտքերը, որ ծնվում են գլխում: Միտքը այն ամենակարեւոր շրջադարձային երեւույթն է, որ կերտել է մեր իրականությունը: Ամբողջ քաղաքակրությունը հիմնված է մեկ գործոնի վրա եւ դա մարդկային միտքն է: Երկրագնդի գոյության ողջ ընթացքում երկու գործոն կա, որ ազդել է Երկիր մոլորակի վրա՝ մեկը տիեզերական գործոններն են, մյուսը՝ մարդկային միտքը։

Եթե նայենք, աշխարհում, տարածաշրջանում տնտեսական միտումները, ներդրումային միտումները, ընդհում աշխարհաքաղաքական միտումները, կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են մարդկային մտքի ոլորտում: Այօր տնտեսության շարժիչ ուժը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլեւս չի բավարարվում ինքն իրենով եւ աշխարհում սկսվել է արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման պրոցես: Սա է 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը:

Երբ մենք նայենք վերջին 20-30 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության կառուցվածքը, ամենադրամատիկ փոփոխությունը հենց դա է, որ տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք հիմնված են մարդկային մտքի, մարդկային տաղանդի ու ինտելեկտի վրա: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն Երկիր մոլորակի վրա, այլեւ սկսել է փոփոխություններ կատարել այլ մոլորակներում»:

Վարչապետն իր խոսքում նաև նշեց՝ Երևանից Դիլիջան գնալիս ճանապարհին տեսել է տարբեր ռեստորաններ, խանութներ, որոնցից մի մասը հաջողակ է, մյուսերը ոչ այնքան. «Ի՞նչն է նրանց տարբերում. Հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումը առավել մեծ չափաբաժին ունի: Ինչպես սիրում են ասել տնտեսագետները, այլ հավասար պայմաններում հաջողակ են այն գործարարները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է»,-նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ  21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի զարգացման դար է.

«Դա է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի, հայ ժողովրդի դարն է: Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառահեղ վերածնունդ: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք: Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա եկել է մտքի դարը եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա»,- նշեց վարչապետը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ