top-news.am կայքը գրում է.
«Այսօր կառավարության նիստում դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան կոչ արեց բռնության կոչերին չվերաբերել առանձին վերցրած հոդվածների, այլ հանրային, պետական անվտանգության տեսանկյունից:
«Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է արժանանա կոշտ հակահարվածի»,- կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը, ավելացնելով, թե բռնության քարոզ անողները գործելուց, բերանները բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն, իսկ եթե անգամ դրանից հետո քարոզ անեն, ապա պետք է արժանանան տասնապատիկ հուժկու, այն էլ երկաթյա հարվածի:
Գլխավոր դատախազը շատ ուշադիր լսեց նրան, և գլուխը վերուվար անելով համաձայնության նշաններ արեց, անգամ հայտարարեց, թե աշխատանքներ են իրականացվում ամբողջ ցանցը և կազմակերպիչներին բացահայտելու համար:
Եւ հիմա կարծում ենք, որ Արթուր Դավթյանը պետք է ապացուցի, որ ճիշտ է հասկացել գործող վարչապետին և կոնկրետ քայլեր է ձեռնարկելու բռնություն քարոզողներին իրավական պատասխանատվության ենթարկելու համար:
Հենց նույն կառավարության նիստի ժամանակ, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային իրավիճակ է, ներքաղաքական լարված, պայթյունավտանգ վիճակ է... Այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Հասկացանք, 1, 2, 3, 4, այսինքն այդ գող, ավազակները պետք է երկրում իրենց լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով, «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է և լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»:
Կրկին հենց նույն նիստի ժամանակ վարչապետը նաև հայտարարել է.
«Ինչ վերաբերում է սեւազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել եւ ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:
Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խաթարել դատարանների աշխատանքը, անգամ դատավորներին ներս չթողնել աշխատանքի, անգամ ներս մտելու փորձ անող դատավորին բռնությամբ արգելեցին իրականացնել իր գործառույթը:
Եւ հենց այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:
Արթուր Դավթյանը լսելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, հանձնարարականը, պետք է շատ արագ անցնի գործի եւ որակում տա վերոհիշյալ հայտարարություններին:
Դատախազը պետք է որ շատ լավ հասկանա, որ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի որեւէ մեկը որևէ մեկին կամ մի խումբ անձանց իրավունք չունի որակել որպես գող կամ ավազակ:
Դատախազը պետք է որ շատ լավ իմանա, որ երբ ինչ որ մեկը հայտարարում է, թե ինչ որ մեկը կամ մի խումբ անձինք իրավունք չունեն քայլել փողոցում, եւ պետք է մայթերի տակով անցնեն, ապա դա հենց ատելության քարոզ է և բռնության կոչ:
Վարչապետի համակիրը լսում է նրան, որոշում իր գլխում, թե ովքեր են գողերն ու ավազակները եւ նրանց տեսնելով փողոցում քայլելիս, հարձակվում նրա վրա: Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ բռնության քարոզ:
Դատախազը պետք է որ հրաշալի հասկանա, որ եթե վարչապետի կողմնակիցը լսում է սևազգեստ մարդկանց մասին նրա հայտարարությունները, ապա փողոցում սեւ վերնաշապիկ կրող տղաների տեսնելուց հետո, ջանք ու եռանդ է գործադրելու նրանց ծաղկավոր բաբչկա «նվիրելու» համար:
Դատախազը պետք է գիտակցի նաև, որ չի կարելի որեւէ կերպ խաթարել դատարանների նորմալ գործունեությունը և առավել ևս՝ դատավոր քաշքշել:
Եւ ամենակարեւորը, դավադիր պատերազմի մասին հայատարարությունը եւս գլխավոր դատախազի ուշադրությունից չպետք է վրիպի: Չէ որ հենց այդ կոչին հետեւեց ոմն Ջիվանի հայտարարությունը, այն էլ հանրահավաքի ժամանակ, թե պատրաստ է «ցխել» Արցախի նախագահի գլուխը: Ի դեպ, որքան էլ տարօրինակ հնչի, նման կոչեր այս երեսուն տարվա ընթացքում անգամ Բաքվում չէին հնչել:
Ի դեպ, դատախազությունը ոչ մի կերպ չպետք է կոծկի ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի դեմ տեղի ունեցած հարձակումը, երբ նա թոռների հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:
Վերևից եկող բռնության եւ ատելության կոչերն են հանգեցնում նրան, որ չկայացած երիտասարդների խումբը որոշում է ՀՀ քաղաքացուն նետել աղբամանը կամ առեւանգել:
Եւ ամենակարեւորը, յուրաքանչյուր հոդվածի, ֆեյսբուքյան գրառման տակ հարյուր հազարավոր բռնության եւ ատելության կոչեր են արվում, եթե հոդվածագիրը կամ գրառման հեղինակը համարձակվում է քննադատել կամ համաձայն չլինել վարչապետի կամ կառավարության հետ:
Այնպես որ, Արթուր Դավթյանը շատ կոնկրետ քայլեր ունի անելու և շատ կոնկրետ մարդու հայտարարությունների հիման վրա:
Հայաստանն արդեն ծնկի է եկել բռնության և ատելության ամենօրյա կոչերի տակ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը