30 05 2019

Փաշինյանն ուրիշներին չափում է իր արշինով․Դավիթ Շահնազարյանը հերքում է․168.am

Փաշինյանն ուրիշներին չափում է իր արշինով․Դավիթ Շահնազարյանը հերքում է․168.am

Օրեր առաջ 168.am-ը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ս/թ մայիսի 24-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ղեկավարության հրավերով՝ (МГИМО) ինստիտուտում «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով ելույթ է ունեցել 1992-1995թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Ելույթից հետո տեղի էր ունեցել հարցուպատասխան ու քննարկում։ Միջոցառմանը մասնակցել էին ինստիտուտի դասախոսներ, աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ու այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։

168․am-ն այս առնչությամբ գրում է․ «Մենք փորձել էինք մանրամասներ ճշտել Դավիթ Շահնազարյանից։ Վերջինս հաստատել էր միջոցառման փաստը, բայց նաև տեղեկացրել, որ թե՛ իր ելույթը, թե՛ քննարկումը մամուլի համար ամբողջությամբ փակ են եղել։

Սակայն մամուլում, այնուամենայնիվ, հրապարակում եղավ այդ միջոցառման մանրամասների մասին, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ նախ՝ այդ միջոցառմանը Դավիթ Շահնազարյանի մասնակցությունն իբր կազմակերպված է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի միջնորդությամբ, և, բացի դրանից, իր հիմնական ելույթից հետո նա, իբր, քննադատել է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ինչպես նաև՝ վերջինիս վարած արտաքին քաղաքականությունը, МГИМО-ի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին փորձել է ներկայացնել, որ, եթե Մոսկվան չաջակցի Ռոբերտ Քոչարյանին Փաշինյանի դեմ պայքարում, ապա շուտով Հայաստանն ընտրություն կկատարի հօգուտ Արևմուտքի ու կպահանջի Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան։

Այս պնդումները 168.am-ը խնդրեց մեկնաբանել Դավիթ Շահնազարյանին։

Վերջինս նշեց, որ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե իրեն այդ միջոցառմանը հրավիրել են Վիկտոր Սողոմոնյանի միջնորդությամբ։ «Հրավերը եղել է հենց МГИМО-ի ղեկավարության նախաձեռնությամբ։ Գիտեմ՝ ինչի մասին եք հարցնում։ Այդ հրապարակումը Փաշինյանին ուղղակիորեն ենթակա, այսպես կոչված՝ մամուլինն է, որը հիմնականում զբաղված է ստահոդ տեղեկություններ ու զրպարտություններ տարածելով, և Ձեր նշած այդ հրապարակումը նման զրպարտության վառ օրինակ է»,- ասաց Շահնազարյանը։

Անդրադառնալով այն «տեղեկությանը», թե ինքը փորձել է ռուսական կողմին հասկացնել, որ, եթե իրենք չաջակցեն Ռոբերտ Քոչարյանին Փաշինյանի դեմ պայքարում, ապա շուտով Հայաստանն ընտրություն կկատարի հօգուտ Արևմուտքի ու կպահանջի Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան, Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իր ելույթի ընթացքում ինքն ընդհանրապես հայաստանյան ներքաղաքական որևէ հարցի չի անդրադարձել:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինքը կոչերով է հանդես եկել, որ Ռուսաստանի իշխանությունները խառնվեն Հայաստանի ներքին խնդիրներին, դա ևս, Շահնազարյանի խոսքով, բացարձակ զրպարտություն է, ավելին, Շահնազարյանը նշեց, որ ինքը երբևէ, իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում որևէ այլ երկրի, որևէ այլ միջազգային կազմակերպության երբեք կոչ չի արել խառնվել մեր ներքին խնդիրներին, ընդհակառակը՝ միշտ կտրականապես դեմ է եղել, որ որևէ արտաքին ուժ խառնվի Հայաստանի ներքաղաքական հարցերին։

«Փաշինյանը թող իմանա, որ արտաքին ուժերի ներքաշումը ՀՀ ներքին քաղաքականության մեջ ոչ միայն անբարոյական է, այլև հակաօրինական՝ քրեորեն պատժելի հանցագործություն։

Այդ հրապարակումն ուղղորդված է եղել անմիջապես վարչապետ Փաշինյանի կողմից։ Փաշինյանն ուրիշներին, այդ թվում՝ նաև ինձ, չափում է բարոյականության իր արշինով, պետականության հանդեպ ունեցած իր պատկերացումներով։ Ուղղակի ասեմ, որ նման գործունեությամբ, այլ երկրների, այլ ուժերի Հայաստանի ներքաղաքական խնդիրների մեջ ներքաշելով՝ ինքը՝ Փաշինյանն է զբաղված։

Նա ու իր շրջապատն արևմտյան որոշ երկրների դեսպաններին ասել են, որ իրենց պետք է Արևմուտքի օգնությունը, որպեսզի թե Հայաստանում, թե Արցախի Հանրապետությունում քաղաքականապես ոչնչացնեն այն ռազմաքաղաքական շերտը, որի համար Արցախի Հանրապետության պետականությունը, Հայաստանի պետականությունը, Արցախի ազատամարտը կարևորագույն՝ բացարձակ արժեքներ են։

Ավելին, նա ասել է, որ քանի այդ շերտը կա, ինքը չի կարող «կառուցողական» դիրք զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում, և նրանցից այդ հարցերում աջակցություն է խնդրել»,- ասաց 1992-1995թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ ԼՂ բանակցային գործընթացը Փաշինյանն ամբողջապես տապալել է, և ինքն այդ մասին հրապարակայնորեն Հայաստանում բազմիցս խոսել է, և որևէ հակափաստարկ իր ներկայացրած փաստերին իրենց կողմից չի ներկայացվել, որովհետև իրականում այն, ինչ որ վարչապետն անում է բանակցային գործընթացում, ուղղակիորեն հարվածում է Արցախի և Հայաստանի շահերին։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանն արդեն վաղուց ուղղակի հարձակում է սկսել թե Հայաստանի, թե Արցախի՝ այդ արժեհամակարգը կրող գործիչների նկատմամբ, թե մեր զինված ուժերի դեմ, և ջանք չի խնայում նրանց վարկաբեկելու և Արցախում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու համար։

«Դուք տեսնում եք այն ցնծությունը, որը կա Ադրբեջանում։ Ավելին, ինքը բազմիս հայտարարել է, որ Արցախի Հանրապետության անունից ինքը չի բանակցելու, բայց հիմա բանակցում է, և բանակցությունները, ինչպես ես ասել եմ, հիմա տարվում են արդեն կոնկրետ փաստաթղթի շուրջ, որքան էլ իշխանությունները փորձեն դրանից խուսափել, և բանաձևը, ինչպես նշել եմ, հետևյալն է՝ «տարածքներ՝ ինչ-որ խոստումների դիմաց»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ ավելի քան համոզված է, որ անցումային  արդարադատություն կոչվածը հետապնդում է երկու նպատակ, մեկը՝ վերը նշված նպատակը, երկրորդը՝ սեփականության վերաբաշխումը։ «Փաշինյանը, այսպես կոչված՝ մամուլում նման հրապարակմամբ ուղղակիորեն կրակում է ինքն իր ոտքին, որովհետև միջոցառմանը ներկա էին Արտգործնախարարության և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ: Նրանք, ովքեր մասնակցել են այդ հանդիպմանը, այդ հրապարակումը երբ կարդում են, իրենց համար ակնհայտ է դառնում, որ այն փաշինյանական հերթական զրպարտությունն ու սուտն է, ինչը, կրկնում եմ, բնորոշ է այս իշխանությանը»,- եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ