28 05 2019

Հաղթանակներն անհավատալի էին շատերի, բայց ոչ մեզ համար․ Բակո Սահակյանի ուղերձը

Հաղթանակներն անհավատալի էին շատերի, բայց ոչ մեզ համար․ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

« Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե 1918-ին չկազմավորվեր  Հայաստանի Առաջին Հանրապետությունը, եթե մեր պապերը հերոսաբար չկանգնեին թշամու դեմ ու չկերտեին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառավոր հաղթանակները: Այդ հաղթանակներն անհավանական ու անհավատալի էին շատերի համար, շատերի, բայց ոչ մեզ համար: Դեռ նոր ցեղասպանություն տեսած, հող ու հայրենիք կորցրած հայ ժողովուրդն այլընտրանք չուներ, պետք է շտկեր կորացած մեջքը եւ շարունակեր իր բազմադարյա ուղին, շարունակեր արժանապատվորեն եւ հային վայել կեցվածքով:

Այդպես եղավ նաեւ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ համայն հայությունը միավորվեց՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն, միավորվեց ու շարունակեց մայիսյան հաղթանակների շարքը, ազատագրեց հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, պաշտպանեց ու շենացրեց նախնիների հողը:

Այսօր բոլորիս պարտքն է միահամուռ ուժերով անել ամեն ինչ հայոց անկախ պետականությունը շարունակաբար զորացնելու, մայր Հայրենիքը զարգացնելու, մեր Եռամիասնությունը միշտ անսասան պահելու ուղղությամբ:      

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ