26 05 2019

Սորոսի հիմնադրամը՝ անցումային արդարադատության առաջամարտիկ․ փաստեր․ Antifake.am

Սորոսի հիմնադրամը՝ անցումային արդարադատության առաջամարտիկ․ փաստեր․ Antifake.am

Antifake.am-ը գրում է․ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»  կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լսումներից հետո տեղի ունեցած ճեպազրույցիընթացքում լրագրողի այն հարցին, թե որքանով է հիմնադրամը ներգրավված անցումային արդարադատության այս պրոցեսում, պատասխանել է. «Այս պրոցեսում հիմնադրամը բացարձակ ներգրավված չէ»։ Այնուհետև հավելել, որ իրենց ներգրավվածությունը հանրային լսումներին մասնակցությունն է։ «Խորհրդարանն այս լսումները կազմակերպել է, մենք այստեղ ներգրավված ենք այնքանով, որքանով արդարադատությունը, իրավունքի գերակայությունը, իրավունքի գերիշխանությունը և արդար դատավարությունը, պատշաճ կառավարումը մեր հռչակած նպատակներն են և այդ նպատակները, որ մենք փորձում ենք իրականացնել և աջակցել Հայաստանում», -հավելել է Մինասյանը։

Անհրաժեշտ է նշել, որ Լարիսա Մինասյանի պնդումը, որ հիմնադրամը առնչություն չունի անցումային արդարադատության գործընթացի հետ չի համապատասխանում իրականությանը, քանի որ անցումային արդարադատության օրակարգը Հայաստան բերվել է հենց Սորոսի հիմնադրամի կողմից, որը կյանքի կոչելու համար հիմնադրամը ահռելի դրամաշնորհներ է հատկացրել իր կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին։

Եվ այսպես, դեռևս 2018 թվականի հուլիսի 18-ին Կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների ներկայացուցիչների միջև, որին ներկա է գտնվել նաև Լարիսա Մինասյանը, ինչպես նաև մայիսի 24-ին ՀՀ ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով հիմնական բանախոս Ռուբեն Կարանզան։ Հանդիպման հիմնական օրակարգը եղել է հենց անցումային արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը։

Սորոսի ֆոնդի ֆինանսավորմամբ 2018 թվականի ապրիլից բազմաթիվ սեմինարներ, հանրային քննարկումներ են կազմակերպվել և անցկացվել անցումային արդարադատության թեմայով Հայաստանի տարբեր քաղաքներում ինչպես Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի, այնպես էլ դրանից ֆինանսավորվող այլ կազմակերպությունների կողմից։ Անհրաժեշտ է նշել, որ հանրային քննարկումները կազմակերպվել և անցկացվել են Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, իսկ անցումային արդարադատությանը վերաբերող հրապարակումները ևս հեղինակվել են այս կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Օրինակ՝

Դեռևս 2018 թվականի ապրիլի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  նախագահ Արթուր Սաքունցի «Սովորել ինչպես ապրել և գործել ազատ պայմաններում» հոդվածը հրապարակվել է sivicus.org կայքում, որում նշել է, որ անցումային արդարադատության կոնցեպտը մշակվում է հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների կողմից իշխանություններին ներկայացնելու և կիրառելու համար։2018 թվականի մայիսի 29-ի «Քաղբանտարկյալները Հայասանում» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում անցումային արդարադատության թեման ներկայացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից,2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Նոր Հայաստան. արդարադատության և արդյունավետ կառավարման բարեփոխումների օրակարգ» թեմայով հանրային քննարկում,2018 թվականի հոկտեմբերի 31-ին Սորոսի հիմնադրամը 155.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնին Հայաստանում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

Հիմնադրամից դրամաշնորհներ ստացած մյուս կազմակերպությունները, որոնց դրամաշնորհների ստացման անմիջական նպատակը չի եղել անցումային արդարադատությունը, այնուամենայնիվ, փաստացիորեն վերջին մեկ տարվա ընթացքում իրենց հիմնական օրակարգը հռչակել են անցումային արդարադատությունը: 

2018 թվականի նոյեմբերի 27-ի «Ավտորիտար վարչակարգի քաղաքական և իրավական գնահատականը որպես ժողովրդավարական կառավարմանն անցման նախապայման» հանրային քննարկում, որի ժամանակ անցումային արդարադատության վերաբերյալ զեկույցով է հանդես եկել փաստաբան Վահե Գրիգորյանը,2018 թվականի դեկտեմբերի 3-ի «Քաղաքացիական հասարակության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում անցումային արդարադատության վերաբերյալ զեկույցով է հանդես եկել փաստաբան Վահե Գրիգորյանը։

2018 թվականի դեկտեմբերի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակվել է «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նորընտիր Խորհրդարանի առաջիկա անելիքների վերաբերյալ» զեկույցը, որում առաջարկվել է մշակել անցումային արդարադատության ռազմավարություն և ապահովել դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքում առկա են մի շարք փաստաթղթեր, հարցազրույցներ, զեկույցներ անցումային արդարադատության վերաբերյալ։2018 թվականի դեկտեմբերի 8-ին Թրանսփարենսի ինթերնեշլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է հակակոռուպցիոն քաղաքականության նկատմամբ համակարգված մոտեցմանը և նշել, որ անհրաժեշտ է կիրառել անցումային արդարադատություն։2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԹԻՀԿ պաշտոնական կայքում Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակվել է հայտարարություն, որում անցումային արդարադատությունը ներկայացվել է որպես անհրաժեշտություն։ԹԻՀԿ կայքում հրապարակված է նաև անցումային արդարադատության մասին դրույթներ պարունակող ճանապարհային քարտեզը։ԹԻՀԿ կայքի գրադարանում առկա են անցումային արդարադատության մասին մի շարք հրապարակումներ, գրքեր։2019 թվականի հունվարին Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ» ճանապարհային քարտեզը, որում մի ամբողջ գլուխ (29-31-րդ էջեր) նվիրված է անցումային արդարադատությանը։

Փաստաթուղթը հեղինակվել է Սորոսի ֆոնդից սնվող «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրազեկ քաղաքացիների միավորման, Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից։

2019 թվականի մայիսի 24-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակվել է «Անցումային արդարադատության օրակարգում կորպորատիվ հաշվետվողականությանն ուղղված գործողությունների ներառման առաջարկություններ» փաստաթուղթը, որը մշակվել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մի շարք կազմակերպությունների և անձանց կողմից։

Վերը թվարկված կազմակերպությունների առանցքային անձինք, ինչպես նաև Սորոսի ֆոնդի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ այլ կազմակերպություններ և անհատներ 2018 թվականի ապրիլից սկսած տարբեր սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում պարբերաբար հանդես են գալիս անցումային արդարադատության վերաբերյալ գրառումներով, հրապարակումներով և հարցազրույցներով։

Չենք կարող չնշել նաև, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզան ունեն մտերիմ հարաբերություններ։

Այսպիսով, Լարիսա Մինասյանի այն պնդումը, համաձայն որի` Սորոսի հիմնադրամը ներգրավվածություն չունի Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության իրականացման գործընթացին, ակնհայտ սուտ է, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Սորոսի ֆոնդի և դրա կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների հիմնական օրակարգը եղել է անցումային արդարադատությունը և դրա ներդրումը Հայաստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ