Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին:
«Առանձին կանդրադառնամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատաիրավական ոլորտում նախատեսված բարեփոխումներին,որոնք, իրոք, անհրաժեշտ են... Բայց այդ ամենը կարելի էր անել առանց ավելորդ աղմուկ-աղաղակ-շոուների, ինչպես ժամանակին արվել են նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետություններում և արևելաեվրոպական շատ երկրներում...
Հավելեմ, որ դատական ոլորտում vetting-ի՝ զտման քաղաքականությունը նոր բան չէ և պարոն Փաշինյանը առանց ավելորդությունների այն կարող էր կյանքի կոչել... Սակայն, որքան հասկանում եմ, ժողովրդի ուսերին իշխանության եկած Փաշինյանը կարիք ուներ իմանալու, թե որքան է իրականում նրա վարկանիշը հասարակության մոտ, ապացուցել իրեն քննադատողներին, որ շարունակում է վայելել իր ասած ԺՈՂՈՎՐԴԻ վստահությունը և հենց դրա համար էլ դատարաններին ու դատավորներին «պատին ծեփելու» և «ասֆալտին փռելու» գործողությունը հանրայնացրեց, ինչպես 2018 թ-ի հոկտեմբերին, երբ ԱԺ-ին ծնկի բերելու համար նրա կոչով 50-60 հազար զանգված հավաքվեց Բաղրամյան պողոտայում և պարտադրեց ԱԺ-ին կապիտուլյացիայի ենթարկվել՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի պահանջները...
Այս անգամ ՀՀ վարչապետի կոչը ժողովրդին՝ դուրս գալ փողոցներ և արգելափակել դատարանների մուտքերը, ձախողվեց... Այո, նրա փոքրաթիվ և շատ դեպքերում ագրեսիվ կողմնակիցները կարողացան ձախողել դատարանների աշխատանքները,սակայն դա ընդամենը Փաշինյանի ուսերին իշխանության եկած կողմնակիցներն էին և երկրպագուները, ոչ ավել, որոնց հետ իրավապահները գերադասեցին չկապնվել՝վարչապետ Փաշինյանի հրահանգն անարգել կատարելու համար... Այդտեղ ժողովուրդ չկա... Դա ժողովրդի շատ փոքրիկ մասն էր, որը վարչապետին կոչին ընդառաջ դուրս եկավ փողոցներ...
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տվյալներով ժամը 10.00 դրությամբ Երևանում գտնվող դատարանների դռները փակելու գործընթացին մասնակցել է ընդամենը 1100 մարդ... Թող ժամը 12.00-ին, ենթադրեքն, որ նրանց թիվը կրկնապատկվել է... Բայց դա չի նշանակում, որ պարոն Փաշինայնը կամ նրա կողմնակիցներն իրավունք ունեն շարունակել ԺՈՂՈՎՐԴԻ անունից հայտարարություններ անել և ինչ-որ հարցեր շահարկել... Ժողովուրդը 2018 թ-ի ապրիլ-մայիսին էր, երբ կանգնեց Փաշինյանի կողքին և իշխանության բերեց նրան...Իսկ այսօրվա զանգվածն ընդամենը Փաշինյանի կողմնակիցներն էին, որոնց մեջ բազմաթիվ պատգամավորներ և իշխանության ներկայացուցիչներ կային...
Երևանում մասնակիցների թիվն անհամեմատ մեծ էր, քան մարզերում...Գյումրիում դատարանի դռները փակել էին 35-40 հոգի, Վարդենիսում և Չարենցավանում՝ 10-12, իսկ Մեղրիում դատարանի դռները փակելու գործողությունն ընդհանրապես ձախողվել է... Ու այսքանից հետո որևէ մեկը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից...
Հ.Գ.Կոչ եմ անում այսուհետ սեփական նախաձեռությունները և շահերն առաջ տանելու համար չշահարկել ժողովրդի անունը...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը