ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարծում եմ, յուրաքանչյուր սթափ եւ մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից եւ էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք, կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գործողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների եւ սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:
Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողությունները այսօր, վաղը եւ այսուհետ միշտ, կլինեն օրինական եւ ադեկվատ:
Այլապես, հետեւանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու: Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետեւանքների մասին: Այո, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։
Սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ոչ մի գործողություն, ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը