16 05 2019

Հանգիստ թողեք մարտի մեկի զոհերի հարազատներին. Գեղամ Նազարյան

Հանգիստ թողեք մարտի մեկի զոհերի հարազատներին. Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանի հոդվածը.

«Պետք է օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ Քլոյանի հորը, զոհերի մյուս հարազատներին, լայն հանրությանը բացատրել, ասել, որ ընթացող դատավարությունը և ոչ մի կապ չունի տասը զոհերի հետ:

Եղավ այն, ինչ չպետք է լիներ, եղավ այն, ինչը չպետք է թույլ տայինք: Մեզ հայտնի և անհայտ որոշ ուժեր խաղում են մարտի մեկի զոհերի ծնողների, ընտանիքի անդամների հույզերի հետ և նրանց ծառայեցնում իրենց նեղ անձնական և խմբակային շահերին:

Մարդկայնորեն ծանր է տեսնել զոհերից մեկի՝ Քլոյանի հոր վիճակը, որն այս օրերին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքի առջև սպասում է արդար դատաքննության: Ծանր է, քանի որ վերոհիշյալ հայտնի և անհայտ ուժերը նրան համոզել են, թե շուտով բացահայտվելու է, թե ով և ինչու է հրամայել կրակել մարդկանց վրա և պարզվելու է, թե ովքեր են կրակողները:

Ժամանակն է Քլոյանին, մյուս զոհերի հարազատներին ասել, որ այս դատավորության ընթացքում, մինչև դատավորությունը խնդիր չի դրվել բացահայտել սպանությունների հեղինակներին և կատարողներին:

Հերիք է խաղալ զոհերի հարազատների, հանրության զգացմունքների հետ: Պետք է կանգ առնել, քանի որ այս ամենը մեզ լավ տեղ չի տանելու: Պետք է կանգ առնել, բայց ցավոք որոշ ուժեր ամեն կերպ ավելի են սրում իրավիճակը, ավելի հուզական մթնոլորտ են ստեղծում և այդ հուզականությունը փորձում վերածել ատելության և բախման:

Գոնե հիմա զոհերի հարազատներին, լայն հանրությանը պետք է տեղեկացնել, որ այս դատավարությունը ոչ մի կապ չունի տասը մարդու սպանության փաստի հետ:

Տպավորություն է, որ ոմանք օգտագործելով զոհերի հարազատների հուզական վիճակը, նրանց միջոցով ցանկանում են ավելի թունավորել երկրում առկա մթնոլորտը։ Իհարկե, շուտ, թե ավելի շուտ այս շինծու գործը պայթելու է: Բոլորը, այդ թվում և մարտի մեկի զոհերի հարազատները հասկանալու են, որ որոշ ուժեր իրենց օգտագործել են ինչ-ինչ հարցեր լուծելու համար և այդ ժամանակ, հաստատ, ոմանք շատ, մեղմ ասած, շատ տհաճ իրավիճակում են հայտնվելու:

Իսկ մինչ այդ, ամեն օր, ամեն ժամ պետք է բարձրաձայնել, որ ընթացող դատավարությունը ոչ մի կապ չունի մարտի մեկի զոհերի հետ և նպատակ չունի պարզել սպանության կազմակերպիչներին և հեղինակներին: Այստեղ լրիվ ուրիշ հարցեր եմ լուծվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ