Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «20 տարի շարունակ լևոնական ու հհշ֊ական շրջանակները Ռոբերտ Քոչարյանին զրպարտում են հոկտեմբերի 27–ով, իսկ հետո էլ 2008֊ի մարտի 1֊ը «կպցրին»՝ զանգվածներին բախման տանելով ոստիկանության հետ, ու ևս 10 զոհ գրեցին Քոչարյանի վրա։ Վերջը եկան իշխանության, մարտի մեկի գործը բացեցին, որ Քոչարյանի վրա արյունը օրենքով էլ գրեն, կնքեն, բայց չստացվեց. հասարակության աչքի առաջ սուտ դուրս եկավ նաև իրավական հարթության վրա այն կեղծիքը, թե Քոչարյանը հրաման է տվել կրակել խաղաղ ցուցարարների վրա։ Տարիներ շարունակ Քոչարյանը դատի էր տալիս զրպարտության համար, բայց այսօր զրպարտիչներն իշխանության են, ու իրենք էլ դարձել են զրպարտության հովանավոր, որը սադրում է զրպարտողների աճ, գիտեն՝ ինչքան էլ գոռան «Ռոբե՛րտ, մարդասպա՛ն», պատասխանատվության չեն ենթարկվելու։
Մի խոսքով, Քոչարյանի դեմ զրպարտության և ատելության խոսքի անպատասխանատու հասարակություն է ստեղծվել, որի առաջնորդը դարձավ Վարդգես Գասպարին, ով երեկ ցուցապաստառ էր պարզել «Հոկտեմբերի 27 մարտի 1» ու գոռում էր՝ «Ռոբի՛կ, մարդասպա՛ն» Քոչարյանի հարազատների, բարեկամների, աջակիցների առաջ։ Եթե դատական կարգով նրան պատասխանատվության չեն կարող կանչել, ի՞նչ էր մնում անել։ Գասպարիի աչքի տակի այտուցի պատճառը վարչապետն է, ով ստեղծել է թշնամանքի ու ատելության ու անպատասխանատու խոսքի այս մթնոլորտը։ Ինչքան էլ նա լեգիտիմ լինի, 70 տոկոս ձայն ստացած լինի, ինչքան էլ ոստիկանություն, դատախազություն ու դատարան գրպանը լինի, մեկ է, դիմացինները հավի ճտեր չեն, որ նրանց ինչ ուզեն՝ ասեն, և հետները ինչ ուզեն՝ անեն։
Այսօր արդեն դատարանի առաջ անպատասխանատու ամբոխը Քոչարյանի համար ցմահ է պահանջում, մյուս կողմում էլ Քոչարյանի աջակիցներն ազատություն են վանկարկում։Եթե այս ատելության մթնոլորտը չկանգնեցվի, ավելի կոշտ բախումներ կարող են լինել, էլ չասած, որ կկախվի երկրի վրա երկիրը քայքայող մթնոլորտ։ Բայց եթե վարչապետին է մնալու հասարակական համերաշխության գործը, ապա հույս չունենանք. նա, հակառակը, ավելի է սրում, առանց այն էլ նրա պատասխանատվության զգացումը նորմայից ցածր էր, ընտրություններում ստացած ձայների քանակն էլ ավելի է իջեցրել այն, ու կանխատեսումները չարագուշակ են դառնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը