08 05 2019

Մահ իշխանության համար. Իսագուլյանը՝ Արցախի նախագահներին մերժելու մասին․ 168.am

Մահ իշխանության համար. Իսագուլյանը՝ Արցախի նախագահներին մերժելու մասին․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկադյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա մասնակցել Արցախում եռատոնին նվիրված միջոցառումներին։

«Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»,- նշված է գլխավոր դատախազին ուղղված նամակի մեջ։

Ի պատասխան երկու նախագահների խնդրանքին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:

«Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար՝ Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»,- նշել է գլխավոր դատախազը:

168.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով Արցախի նախագահների դիմումին և գլխավոր դատախազի պատասխանին՝ նկատեց՝ դատախազը ստել է, քանի որ այն ժամանակ, երբ նախագահների կողմից այդ նամակ-խնդրանքը գրվել է, Ռոբերտ Քոչարյանի գործով դեռևս դատավոր նշանակված չի եղել՝ դատավորներից մեկն ինքնաբացարկ է հայտարարել, և նրա փոխարեն մեկ ուրիշը նշանակված չի եղել։

«Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահները կարող էին այդ նույն գրությունը գրել Հայաստանի որևէ քաղաքացու՝ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին և այլոց, ու դրանից հետո որևէ մեկն ասի, որ դա իր տիրույթում չէ՝ կնշանակի, որ նա կույր է և ոչինչ չի տեսնում, քաղաքականության մեջ գոյություն չունի։ Չի ընդունում, որ գոյություն ունի Արցախի Հանրապետություն՝ իր անկախ պետական ինստիտուտներով։ Արցախի երկու նախագահները շատ հստակ հարցով դիմել են Հայաստանին, այս դեպքում՝ գլխավոր դատախազին։ Խափանման միջոց կալանքը ներկայացրել է հիմնական կողմը, որն ամբողջությամբ գտնվում է դատախազի իրավասության ներքո։ Ճիշտ է, դա քննիչն է ներկայացնում կամ քննչական խմբի ղեկավարը, բայց նրանք բոլորն ուղղակի ենթարկվում են ՀՀ գլխավոր դատախազին։ Եթե չի բավարարվում Արցախի երկու նախագահների խնդրանքը, սա նշանակում է մեկ բան, որ ՀՀ ամբողջ ղեկավարությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի, չի ընդունում, որ կա անկախ Արցախի Հանրապետություն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքական առումով այս ամենը մահ է հայաստանյան այսօրվա գործող իշխանության համար։ Ավելին, եթե մայիսի 9-ին ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ և չմասնակցի եռատոնի միջոցառմանը՝ կնշանակի, որ ՀՀ ղեկավարությունը դրանով իրեն դուրս է դնում հայկական շահերը ներկայացնողի կարգավիճակից։

«Ինչ մեթոդ ուզում են՝ թող կիրառեն, թող բացատրեն, որ նամակը ճիշտ մարդու չի ուղարկվել, այս ամենը, բացի անբարոյականությունից, այլ բան չի նշանակում։ Այս պահից սկսած՝ այն բոլոր պաշտոնյաները, սկսած՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ մինչև ԱԱԾ տնօրեն, ԱԺ նախագահ ու պատգամավորներ, բոլորը հայտնվում են ուղղակի թիրախի նշանառության տակ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա դժվարացավ ասել, արդյո՞ք գլխավոր դատախազն այնքան համարձակություն կունենա, որ հարկ եղած դեպքում Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիրքորոշում կարտահայտի, սակայն այս պահին դատախազն իրավասու էր անելու ամեն ինչ, որպեսզի Քոչարյանը մայիսի 9-ին լիներ Արցախում։

«Նրանք կեսգիշերին դատական նիստ էին նշանակում Քոչարյանի խափանման միջոց կալանք ընտրելու հարցով, հիմա էլ կարող էին դատավորին խնդրել, որ նիստ հրավիրեր ու փոխեր խափանման միջոցը, այս ամենը դատախազի իրավասությունների ներքո էր։ Նրանք այսօր էլ կարող են դա անել, այլապես բոլորը մասնակցում են մեր թշնամի պետության գործողություններին, այն է՝ չճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն, և կստացվի, որ արհամարհում են այս միջնորդությունը»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ