07 05 2019

Հիմա էլ սպորտի նախարարն է ցանկանում հեղափոխություն անել

Հիմա էլ սպորտի նախարարն է ցանկանում հեղափոխություն անել

«Կարևորագույնն այս տարի՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրենքի մեջ փոփոխություններ ենք կատարելու, նոր խմբագրությամբ ենք ներկայացնելու օրենքը: Դա շատ սպասված է, և դրանով կարգավորվելու են սպորտի ոլորտի շատ հարցեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ սպորտի ոլորտում իրականացնելու են կոնկրետ հեղափոխություն:

Ղազարյանի կարծիքով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միաձուլումը ԿԳ նախարարության հետ մի շարք հարցերի լուծում կտա, օրինակ՝ նախադպրոցական հիմնարկներն էլ կունենան ֆիզկուլտուրա առարկան. «Բոլոր համայնքները պետք է ունենան մարզաբազաներ: Խնդրել ենք, որ նախահաշվարկներն իրականացվեն երեք տեսքով՝ բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ, լողավազան և հրաձգարաններ: Դրանք այն հիմնական մարզաբազաներն են, որոնց կարիքն այսօր շատ ունենք: Այդ ամեն ինչն իրականացելը հեշտ է, չենք ասում մեծ գումարներ են պետք, ուղղակի պետք է սկսել ու իրականացնել»,- ասաց Ղազարյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ուզում են բոլոր մարզիչ-մանկավարժներին, մարզիկներին ապահովագրության դաշտ բերել. «Վարչապետի հանձնարարությամբ՝ պետք է բոլոր մարզադպրոցները բերենք միասնական դաշտ: Բոլոր մարզադպրոցների մարզիչ-մանկավարժները պետք է վճարվեն համապատասխան միասնական դաշտում: Մենք գտնում ենք՝ սխալ է, որ մեր ենթակայության տակ գտնվող դպրոցների մարզիչ-մանկավարժները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան համայնքային մարզադպրոցների մանկավարժ-մարզիչները: Դա ճիշտ չէ: Չեմ ասի, որ լինելու են մեծ կրճատումներ: Աշխատողը էլի աշխատելու է  նույն տեղում, բայց ստանալու է ավելի բարձր աշխատավարձ: Մեր նպատակը դա է, և մենք դա իրականացնելու ենք մոտակա ժամանակներս»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Անդրադառնալով նախարարության կողմից Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորման կասեցմանը, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Oլիմպիական կոմիտեն կասեցրել է Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը, իսկ Օլիմպիական կոմիտեի՝ 2017-ի հուլիսի 24-ի հրամանով հստակ նշվում է՝ պետական բյուջեից ֆինանսավորվող ազգային ֆեդերացիաները որոնք են: Որպեսզի ազգային ֆեդերացիան ստանա այդ պետական աջակցությունը, պետք է անդամակցի ՀՀ օլիմպիական կոմիտեին: Քանի որ կասեցվել է Օլիմպիական կոմիտեի կողմից անդամակցությունը, բնականաբար, մենք էլ օրենքի սահմանում կասեցրել ենք ֆինանսավորումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ