07 05 2019

Արցախի նախագահն ու երկրորդ նախագահ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով

Արցախի նախագահն ու երկրորդ նախագահ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում ասված է.

«Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։  

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։

Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար։

Հարգանքով՝

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ