07 05 2019

Դժվար է պատկերացնել Արցախն առանց Մայր Հայաստանի ու Հայաստանն` առանց Արցախի. Աշոտ Ղուլյան



Արցախի Հանրապետության նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը՝ «Հայաստան-Արցախ ռազավարական դաշինք» ֆորումին։

«Հարգելի գործընկերներ,

Հարգարժան նախագահողներ,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ բոլորիդ՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի կազմակերպիչներին ու մասնակիցներին Արցախի Հանրապետության խորհրդարանում և գոհունակություն հայտնում նման կարևոր թեմայով համաժողովի անցկացումը հայկական երկրորդ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Անշուշտ, անհնար է պատկերացնել Արցախն առանց Հայաստանի և հակառակը. մայր հայրենիքն՝ առանց Արցախի: Հայկական միասնական տարածքի այս փոխկապակցվածությունն է, որ մեզ ավելի է ուժեղացնում հայրենիքում, իսկ Սփյուռքի մեր եղբայրներին և քույրերին հավատ ու վստահություն ներշնչում մեր ազգային նպատակներին միահամուռ հասնելու ձգտումների նկատմամբ:

Համատեղ գործելու անհրաժեշտությունը ոչ միայն կենսական պահանջ է, այլ նաև հայկական երկու հանրապետություններում համազգային համերաշխությունն ու համաչափ զարգացումն ապահովելու և մեր անվտանգությունը լավագույնս երաշխավորելու կարևոր միջոց:

Հատկանշական է, որ պետականաշինության միևնույն ճանապարհն անցնելով, մենք շատ հաճախ առաջնորդվել ենք փոխադարձ փորձի կիրառման, համատեղ քննարկումների ընթացքում ձևավորվող դիրքորոշումներ և տարբեր հարցերի շուրջ ընդհանուր տեսլական ունենալու գաղափարներով:

Որպես խորհրդարանի ղեկավար՝ ուզում եմ առանձնակի կարևորել Հայաստանի Հանրապետության օրենսդիրի հետ մեր կայուն համագործակցությունը, որն արտահայտվում է ինչպես տարբեր մասնագիտական հանձնաժողովների միջև մշտական հանդիպումների, այնպես էլ, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությամբ: Տեղեկացնեմ, որ այս ամսվա ընթացքում նախատեսված է ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում, որի ընթացքում ևս մենք առիթ կունենանք անդրադառնալու համահայկական օրակարգի տարբեր հարցերի:

Հարգելի ներկաներ,

Անցած տարիների ընթացքում արտաքին մարտահրավերներով, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ունեցել ենք ժամանակներ, երբ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը շատ մոտ էր իրականություն դառնալուն, սակայն օբյեկտիվ իրողություններից ելնելով՝ մեր մոտեցումը համարյա միշտ հանգել է նրան, որ դաշինքի կայացումը պետք է լինի խորը քննարկումների արդյունք՝ հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմամբ և տարբեր տեսակետների ու դիրքորոշումների հաշվառմամբ:

Բոլոր հիմքերն առկա են վստահ լինելու համար, որ այսօրվա ֆորումը կդառնա այն հարթակը, որտեղ համակողմանիորեն քննության կառնվեն երկու հայկական հանրապետությունների միջև իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պահանջն ու դրա իրագործման ժամկետները, իսկ ձևավորվելիք դիրքորոշումը կարտահայտի մեր ազգային շահերը և թույլ կտա հավատարիմ մնալ միջազգային իրավունքով մեր ստանձնած պարտավորություններին ու մինչ այժմ անթերի պահպանած պարտաճանաչ իրավասուբյեկտի վարքագծին:

Համոզված եմ, որ այսպիսի ներկայացուցչական կազմով քննարկումները հնարավորություն են տալիս քաղաքական, հանրային ու փորձագիտական լայն մասնակցությամբ խնդրո առարկայի շուրջ մտքեր փոխանակելու, դիքորոշումներ հստակեցնելու և անելիքներն ուրվագծելու համար: Ուստի, ողջունելով ՀՅԴ՝ համազգային օրակարգի շուրջ հայության երեք հատվածներին միավորելու նախաձեռնությունը՝ ֆորումին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ