02 05 2019

Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ շանտաժով խոսել. Վանեցյան. Factor.am

Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ շանտաժով խոսել. Վանեցյան. Factor.am

Չեմ կարծում, որ անդամահատության կարիք կլինի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կողմից կաշառք վերցնելու տեսանյութի մասին։

«ԱԱԾ-ն իր աշխատանքն անում է շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի  նկատմամբ կիրականացնի ապօրինի  հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի, թե՛ հասարակության առջև»,– ասել է նա։

Վանեցյանը նաև հավելել է, որ որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել։

Հարցին՝ ինքը պատրա՞ստ է հրաժարական տալ, եթե պարզվի, որ Սանասարյանի դեմ գործը իրականության հետ առնչություն չուներ, Վանեցյանն ասել է. «Իսկ ինչո՞վ է տարբերվում պարոն Սանասարյանը ՀՀ քաղաքացիներից: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում՝ նախաքննության ընթացքում չի հաստատվում։ Այ, եթե ապացուցվի, որ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակում ԱԱԾ-ի կողմից թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ, դրա համար ով թույլ է տվել այս կեղծիքները, պատասխան կտա օրենքի առջեւ: Իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, նույնպես պատասխան կտամ»:

Մարդկանց, որոնք պնդում են, թե գործը շինծու է կամ կոմպրոմատներ են կիրառվել, Վանեցյանը մատնանշել է այն երկու կառույցները, որտեղ կարող են հաղորդում ներկայացնել՝ Գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ. «Սակայն այդ մարդիկ չեն ներկայացնում այդ հաղորդումը մի պատճառով, որովհետեւ երբ մարդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, նրան զգուշացնում են, որ կեղծ հաղորդման համար նա կենթարկվի պատասխանատվության»։

Վանեցյանը պնդել է, որ չի ազդում գործի ընթացքի վրա։ «Ես որպես հետաքննող մարմնի ղեկավար տիրապետում եմ գործի մանրամասներին, ես չեմ կարող չտիրապետել»։

Դիտարկմանը, թե կարծես թե ՊՎԾ–ԱԱԾ հակամարտություն է ընթանում, ԱԱԾ տնօրենը նկատել է․ «Ազգային անվտանգության ծառայությունը Պետական վերահսկողական ծառայության հետ ի՞նչ ունի կիսելու»։ Դիտարկմանը, թե միայն ՊՎԾ–ն կարող է ստուգում անել ԱԱԾ–ում, ԱԱԾ տնօրենն արձագանքել է. «Ձեզ միայն թվում է, նման բան չկա, ընդհակառակը՝ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի։ Մեզ ստուգելու լիազորություն ունի Գլխավոր դատախազությունը, նաեւ կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում»։

Նա նշել է, որ Ազգային անվտանգության ծառայությունում էլ հեղափոխությունից հետո կոռուպցիոն բացահայտումներ եղել են, սակայն նպատակահարմար չեն համարել հրապարակայնացնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ