01 05 2019

Արթուր Վանեցյանը ՔՈ անդամին երեք օր է տվել հերքման համար

Արթուր Վանեցյանը ՔՈ անդամին երեք օր է տվել հերքման համար

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքման պահանջով դիմել է «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միսկարյանը։

Պատճառը Միսկարյանի կողմից ապրիլի 18-ին արված ֆեյսբուքյան գրառումն է, որում օգտատերը հայտարարել է, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում զբաղվում է վառելիքի ներկրմամբ։

«Էն որ Վայեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»,- գրել է Միսկարյանը։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը հերքման տեքստում նշել է, որ «հոդվածում հրապարակված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դրանք իրենց մեջ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն»։

Ներկայացուցիչը, «որպես բարի կամքի դրսևորում» Միսկարյանին առաջարկել է եռօրյա ժամկետում հերքել գրառմամամբ տարածված ապատեղեկատվությունը ՝ ֆեյսբուքյան համապատասխան գրառման միջոցով.

«Միաժամանակ տեղեկացնում եմ , որ նշված տեղեկությունը սահմանված կարգով չհերքելու դեպքում , ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների»,- ասված է ԱԱԾ տնօրենի ներկայացուցչի ուղարկած դիմումում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ