Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի աշխատել և վերջ տա ԱՄՆ-ի հետ քաղաքականություն խաղալուն։ Այս մասին Twitter-ում գրել է Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին՝ մեկնաբանելով Փաշինյանի քննադատությունն ԱՄՆ հասցեին։
Նա նշում է, որ ԱՄՆ-ը դժգոհ էր Քոչարյանից և Սարգսյանից 2008-ին, ուստի դադարեցրեց «Հազարամյակների մարտահրավերների» ֆինանսավորումը։ Քարնեգիի փորձագետը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը զգալիորեն ավելացրել է օգնությունը Հայաստանին իշխանափոխությունից հետո։ «Ի տարբերություն ԵՄ-ի, որը խոստանում է փող, բայց դանդաղ է տալիս, 6 ամսում Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է 14 մլն դոլար որպես հավելյալ ֆինանսավորում։ Փաստորեն, անցած տարի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 25 մլն դոլար. սա ավելի է, քան երբևէ եղել է 1992-ից։ ԱՄՆ-ը պատրաստ է ավելին տալ, մանավանդ եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի քաղաքականության առաջնահերթություններում, և նրանց ծրագիրը պարզ լինի»,-գրում է փորձագետը։
Սթրոնսկին նաև անդրադարձել է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության հարցին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հասկանում են Հայաստանի շահը սփյուռքի պատճառով։ «Սակայն, հայ ականազերծողների գտնվելը Սիրիայում ռուսների հետ՝ ԱՄՆ-ի համար մեծ հարց է»,- գրում է նա։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը երկար ժամանակ դիմակայել են Ռուսաստանի ճնշմանը՝ ուժեր ուղարկել Սիրիա, բայց Հայաստանն առայժմ միակ երկիրն է, որը համաձայնել է դրան։ «ԱՄՆ-ը այդ ականազերծողներին սովորեցրել է որպես Հայաստանում ականազերծման ԱՄՆ աջակցություն։ Դա 1 մլրդ դոլարի չափով օգնություն էր, որը տրամադրվել էր Հայաստանին։ Ուստի նրանց տեղակայումը Սիրիայում Ռուսաստանի հետ հատկապես վատ է երևում ամերիկյան լսարանի աչքին»,- կարծում է նա։
Սթրոնսկին ընդգծել է, որ Արևմուտքին ոչ մի մեսիջ չի արվել, և չի ըմբռնվել այն, թե ինչպես դա կպատկերվի Հայաստանի եվրոպացի և ամերիկացի գործընկերների համար։ «ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններն ամուր են, և դա ակամա սխալ չէ։ Բայց Փաշինյանն աշխատանք ունի, և նա պետք է աշխատանք կատարի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին»,- ամփոփել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը