Panorama.am-ը գրում է․ «2019-ի ապրիլի 23-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններում տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին օրենքի նախագիծը: Գովելի է, բայց որոշ ձևակերպումներ հարցեր են առաջացնում, ավելի ճիշտ՝ մտահոգություն, որ առաջիկա տարիներին ևս անդադար շահարկվելու է մարտի 1-ը:
Մասնավորապես խոսքն օրինագիծն առաջադրողների այն ենթադրության մասին է, որ տուժածների թիվը կարող է ավելանալ:
Համահեղինակ Լենա Նազարյանի կարծիքով. «... չի բացառվում, որ այս ընթացքում հայտնվեն մարդիկ, որոնք նախկինում խուսափել են հայտնել իրենց տուժած լինելու կարգավիճակի մասին, և հիմնավոր ապացույցներ կներկայացնեն: Նրանք նաև որպես վկա կներգրավվեն գործում, երբ պատմեն՝ ինչպես է դա եղել, որտեղ, ինչ հանգամանքներում: Սա կնպաստի նաև Մարտի 1-ի գործի բացահայտմանը»։
Տիկնոջ հաջորդ միտքը՝ «Փոխհատուցում ստանալու հիմք կծառայեն դատաբժշկական տեղեկանքները, որոնք 2008 թվականին պետք է ստանային տուժածները», տրամաբանորեն պետք է որ կասեցնի նոր տուժողների ասպարեզ գալու հանգամանքը, բայց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս կարծում է, որ տուժողների թիվը կարող է աճել:
Ինչպես երևում է՝ իշխանական վերևներում դեմ չեն նոր տուժողների հայտնվելուն: Կարծես թե իրականություն է դառնում «Մարտի 1-ի անվան Հայաստան» դառնալու դժնի կանխատեսումը:
Օրինագծով երեք ամիս է նախատեսված փոհատուցման ձևն ու կարգը ճշտելու համար, և երեք տարի՝ տուժողների և նրանց իրավահաջորդների դիմումներն ընդունելու համար: Այսինքն առաջիկայում ևս Մարտի 1-ի գործը վառ պահելու մտադրություն ունեն այս իշխանությունները:
Իսկ այս 10 ամիսների ընթացքում ինչո՞վ են զբաղված եղել դատաիրավական մարմինները, միթե Մարտի 1-ը չե՞ն քննում... թե դա սոսկ պատրվակ է Ռոբերտ Քոչարյանին և բանակի գեներալներին մեկուսացնելու համար: Մյուս կողմից էլ Քոչարյանի դատավարությունը հաստատ հնարավորիս կձգձգվի, այնպես որ գործը բաց կմնա և ընթացքում կհամալրվի նորանոր «դոնոսներով»:
Գուցե հենց նմանատիպ անվերջանալի սերիալի համար են հող նախապատրաստում օրինագծի լողացող ձևակերպումները: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ փոխհատուցման դիմումների ընդունման երեք տարիների ընթացքում մեր ժողովրդի նպաստասեր հատվածը, ովքեր «սատկած էշ են ման գալիս, որ նալերը պոկեն», հազար ու մի կեղծիքներով 11-14 տարվա վաղեմության վնասվածքների մասին հեքիաթներ չեն ներկայացնի...
Բողոքելն իրենցից, տեղեկանքն ու նպաստը՝ իշխանություններից: Այս օրենքը կոռուպցիոն նոր շղթայի սկիզբ կդնի, քանի որ շահադիտական նպատակներով բողոքել սիրողներին լայնորեն ծավալվելու տեղ է տալիս:
Արդարության առաջամարտիկներ երևալու իշխանությունների նկրտումներին կհավատայինք, եթե նույն ջանադրությամբ ցանկանային բացահայտել նաև 1996թթ. բախումների, հոկտեմբերի 27-ի, ԼՏՊ-ի ժամանակվա քաղաքական սպանությունների մեղավորներին: Իսկ միայն Մարտի 1-ով արդարության վերականգման փորձերը սոսկ իրենց կրած պարտության համար վրեժ լուծելու տպավորություն են թողնում:
Հետաքրքիր եզրահանգումներ է առաջացնում նաև տուժողների թվային պատկերը նախագծում «... իրադարձությունների հետևանքով վնասվածքներ է ստացել 63 մարդ, որոնցից 13-ը` շարքային քաղաքացիներ, 20-ը` ոստիկաններ, մեկ պայմանագրային զինծառայող, 29-ը` ոստիկանության ներքին զորքերի ծառայողներ» (բնականաբար նաև 10 զոհերը): Իսկ ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասում է՝ «...Կա 10 զոհ, մարմնական վնասվածքներ ստացած 187 ոստիկան և 32 քաղաքացի»։
Թե ինչու 187 ոստիկանները օրինագծի մեջ դարձան է 20+1+29, պատասխանը դարձյալ Լենա Նազարյանի խոսքերում է. «Մարտի մեկի տուժածներին ավելի վաղ պետությունն օժանդակել է, բայց տարբերակված մոտեցում է ցուցաբերել ոստիկանների և քաղաքացիների միջև»:
Այսինքն՝ մի իշխանությունը փոխհատուցում է տրամադրում ոստիկանին, մյուսը՝ քաղաքացո՞ւն... Ամո՛թ երկուսին էլ: Հետաքրքրությունն այլ տեղ է. եթե տասը տարի շահարկվող տարբերակի համաձայն՝ 2008-ի մարտի 1-ին ոստիկանները «գազանաբար ցրել են խաղաղ ցույցը», ապա ինչու են իրենք թվով վեց անգամ շատ տուժել... մանկապարտեզի ոստիկանության թի՞մն էր կռվի դուրս եկել: Կամ գուցե վերջապես պետք է դադարել աղավաղել իրականությունը, և խոստովանել, որ հունից դուրս եկած ամբոխն էր զանգվածային անկարգություններ թույլ տվել, այլ ոչ թե «իշխանությունն էր սպանդ կազմակերպել»... (արտահայտությունը ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանինն է):
Գուցե ա՞յլ վայրում պետք է փնտրել «սպանդի» կազմակերպչին. օրինակ Ծիծեռնակաբերդի խճուղում, որտեղ բառացիորեն մի քանի կմ հեռավորության վրա կատարվող իրադարձություններին իր տնից հետևում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: 11 տարի շարունակ նա ստում էր, որ իրեն տնային կալանքի տակ էին պահում, դրանով իբր թոթափելով իրենից հեղված արյան պատասխանատվությունը: Բայց տարիներ ձգված այս սուտն էլ բացվեց:
2019-ի ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Լ.Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Դատարանն անհիմն է համարել նրա բողոքի այն կետը, ըստ որի Ազատության հրապարակից իրեն հեռացնելն ու տնից դուրս չթողնելն անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։
ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ չէր խախտվել նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նա իր կամքով էր տանը փակվել, ինչը երբեք էլ գաղտնիք չի եղել, և որն ապացուցվում է թեկուզ միայն մարտի 2-ին Ա. Արզումանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում նրա խոսքերով:
Հիմա «սպանդի» մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյա՞նը չէ, ով ցանկության դեպքում կարող էր ժողովրդին հանդարտվելու կոչ աներ: Նույնիսկ տնից դուրս գալ պետք չէր, նա կարող էր հեռախոսով փոխանցել ընդվզումը դադարեցնելու կոչերը: Փոխարենը՝ լիազորված անձանց միջոցով դիտավորյալ կերպով սրացրեց բախումները: Եվ 11 տարի նրա ամբիցիաների ու ստերի գերին ենք:
Հետո՞...Շուտով կլրանա Մարտի 1-ի գործի վերաբացման մեկ տարին, որոշ ժամանակ էլ կձգվի դատավարությունը: Նշանակված գլխավոր մեղավորին՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները իրավական տեսանկյունից աղբ ու ջուր են, Ռուսաստանում և Եվրոպայում հնչում են մտահոգություններ նրա քաղաքական բանտարկյալ լինելու կապակցությամբ...
Հետո՞: Հետո էլ երրորդ սերիան կսկսվի՝ տուժածներին փոխհատուցում տալու անվան տակ, և մշտապես վառ կմնա թշնամանքը մարտի 1-ի բարիկադների տարբեր կողմերում կանգնածների միջև»։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը