ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարությանը և Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարություններին։
Արձագանքելով Թուրքիայից վերջերս հնչող հայտարարություններին՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, ԱԳՆ խոսնակն ասել է․
«Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կարող եմ ցավով արձանագրել, որ մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի: Ժխտումը եղել է հետևողական, իսկ ժխտման ձևերը և բովանդակությունը՝ ոչ։
Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, մեկ փորձել են հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների և զոհերի միջև, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում են դրա զոհերին և արդարացնում կատարողներին։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես օրինակ մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։
Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»:
ննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարությանը, թե ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է․
«Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։
Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը: »
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը