Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում երկու ժամից ավելի պատասխանեց օգտատերերին հուզող՝ ամենաշատ «լայքեր» հավաքած հարցերին՝ անդրադառնալով անցումային արդարադատության, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների, մաքսատան՝ իր հրահանգով աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակցի, իշխանափոխությունից առաջ իր տված խոստումների կատարման, երկրում աշխատանք գտնելու դժվարությունների, վարկերի, մարտի մեկի գործի և այլ թեմաների։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին և համար նախատեսված սոցիալական քաղաքականությանը՝ վարչապետն ասաց․
«2019 թվականից հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնք ցածր են եղել սպառողական պարենային զամբյուղից՝ բարձրացվել են, որպեսզի այդ մարդկանցից ոչ ոք սոված չի մնա։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ հենց այսօրվա Հայաստանում պետք է իրենց առավել լավ զգան: Այսօր ՀՀ կառավարությունում կա հաշմանդամություն ունեցող երկու նախարար՝ ՀՀ արդարադատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի: Սա նաև ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձն ընկալվում է որպես մարդ, ով ունի կարեկցանքի, բարեգործության, քնքշանքի կարիք, սակայն դա սխալ մոտեցում է: «Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվել որպես լիարժեք քաղաքացու, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ունի հասարակության լիարժեք մաս կազմելու իրավունք»,- շեշտեց վարչապետը:
Անդրադառնալով անցումային արդարադատության թեմային՝ վարչապետը նշեց՝ անցումային արդարադատությանն անցնելը բազմաթիվ նրբերանգներ ունի, այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը ռիսկեր է բերում:
«Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը տանք, աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով։ ՀՀ-ում ինչ համակարգ ներդնենք, չպետք է մոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եթե այդ գործերով ՄԻԵԴ-ում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել ենք, պետք է նորից հետ պտտվեն, և արդյունքում կստացվի, որ մենք ոչ մի բան չարեցինք, որովհետև մտածում էինք, որ ինչ-որ բաներ կանենք։
Կա մեկ այլ խնդիր․ մենք պայմանավորվել ենք, որ դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի մենք հավասարակշռված քայլերով գնանք առաջ:
Բայց կառավարությունն իր հերթին ձեռնարկում է քայլեր, և մենք այսօր քննարկում էինք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն անցումային արդարադատության շատ կարևոր էլեմենտ է, այնպես որ, ես նկատի ունեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց վարչապետը։
Օգտատերերից մեկը հարցրել էր երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի մասին։ Փաշինյանն ասաց՝ օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է՝ նկատելով, որ կան օրենսդրական նախաձեռնություններ, սակայն 10 ամսվա ընթացքում դեռևս որպես օրենք չեն ընդունվել, քանի որ կարևոր օրենքները «շըփ-թըփ» չեն ընդունվում։
«Բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է, և ինձ տրված տեղեկանքով առաջիկա մեկ ամսվա մեջ արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը՝ հարցադրում անելով, թե ինչու այս հարցի շուրջ ոստիկանությունը դեռևս չի աշխատել ու չի պատրաստել օրենսդրական փոփոխություն: «Ասում են, որ հանձնարարական չեմ տվել, բայց այն, որ ես կառավարության նիստում այս մեխանիզմի անհրաժեշտության մասին հայտարարություն եմ անում, բավական չէ, բա հանձնարարականը պոզով-պոչո՞վ է լինում։
Սա մեր թերացումն է, բայց էլի եմ ասում, որ եթե կառավարության նիստում հայտարարում եմ, պետք է ոստիկանության համապատասխան մարմիններն արձանագրեին, որ դա հանձնարական է: Եվ ես հիմա ուղիղ եթերում հանձնարարում եմ: Արդեն 10 ամիս ուշացել եք և չեք կատարել այդ հանձնարարականը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով հարցին, թե երբ է պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն, Փաշինյանը նշեց, որ ինքը չափից ավելի մեծ ուշադրություն է կենտրոնացնում իր վրա, և ուրիշների կատարած աշխատանք լավ չի երևում։
Նա չհայտարարեց, թե բոլորը կատարյալ են ու ռեկորդ են խփում, բայց, վարչապետի խոսքով, հնչած մեղադրանքների 90%-ը հիմնավոր չէ։ «Մարդիկ աշխատում են, այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Երբ նման շեշտադրումներով հարցադրումներ են լինում, ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որովհետև մտածում եմ, որ ինձ վրա կամա թե ակամա ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչ արդյունքում ուրիշների աշխատանքը չի երևում»,- ասաց նա։
Վարչապետը հավաստիացրեց՝ ինքն աշխատում է միայն իր փոխարեն, բայց այն, որ ինքը պետք է շատ աշխատի, փաստ է։
Փաշինյանը գո՞հ է, թե՞ ոչ իր և իր թիմակիցների աշխատանքից։ «Ո՛չ, բայց ցանկանում եմ ասել, որ ինքս իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ։ Եթե իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ կարող լինել։ Բայց այդ ուրիշները՝ իմ թիմակիցները, շատ հաճախ անարդար քննադատության են ենթարկվում, շատ հաճախ զուտ քաղաքական մանիպուլյացիաների պատճառով»։
«Լքված» դրոշի պատճառով մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրելու հանձնարարականի աղմակահարույց թեմային և իր որոշումը փոխելու հանրային պահանջին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Նորագավիթի ավտոմաքսակետի հետ կապված միջադեպից հետո իր պահվածքը երկար է վերլուծել՝ հաշվի առնելով նաև հանրային դժգոհությունը, սակայն համոզված է, որ ճիշտ է վարվել։
«Կարող է մի մարդու համար, մեր հայրենակցի համար, որն ազատվեց աշխատանքից, «դոզան» շատ էր, բայց, իրականում, ես այդ քաղաքացուն չեմ ճանաչում, չգիտեմ, թե ով է։ Նա ընդամենն ինձ համար սիմվոլ էր, սիմվոլ պետական պաշտոնյայի, ով անարգում է դրոշը։ Ես մի մարդու չեմ ազատել գործից, այլ բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը։ Ինձ թվում է՝ բոլոր պետական պաշտոնյաներն այս ուղերձը հասկացել են»,- նշեց նա։
«Կամ ասում են ՝ երեկ 1, այսօր 2, ասում է, որ վարչապետն է գալիս, զգաստացեք։ Խնդիրն այն է, որ եթե ուսադիրներով մարդու մոտ վարչապետն է գալիս, ռեակցիա չկա, բա որ քաղաքացի մոտենա, ի՞նչ ռեակցիա է առաջացնելու։ Ասում են՝ դիմում գրելու իմ պահանջն ապօրինի է եղել։ Այստեղ խնդիրը դիմում գրելը կամ չգրելը չէր, եթե պետք լիներ այդ կառույցը լուծարել, ապա կլուծարեի հանուն պետական սիմվոլը հարգելու։ Այնպես որ, վարչապետը լծակ ուներ իր ասածն ի կատար ածելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում պետական սիմվոլները կայացած չեն։
Վարչապետի դիտարկմամբ՝ ինքը թույլ ղեկավար չէ։ «Աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև չեմ կարող ինձ թույլ տալ լինել այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ է ծռել»,- թեման այսպես եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Խոստումներ տալու և դրանք կատարել-չկատարելու մասին խոսելով՝ վարչապետը սկսեց թվարկել դրանք։ Առաջինը՝ կադրային ջարդ չիրականացնելու խոստումը, վարչապետի գնահատմամբ, կատարվել է։
Փաշինյանը չգիտի՝ ինչու են ասում, թե իր բյուջեի՝ 2 տարում 30-40 տոկոսով ավելացման խոստումը չի կատարվել: «Հիմա, օրինակ, արդեն բնական աճով 2019-ի թվականի պետական բյուջեն 18 թվականի նկատմամբ եկամտային մասով 10 տոկոսի աճ է ունեցել, և ես արդեն ասել եմ, որ այս տարի գնում ենք պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մի 5 տոկոսով առնվազն կգերակատարենք, և եթե այս տեմպով գնանք... ես չեմ ուզում ավելի լավատեսական կանխատեսումներ անել, մենք հստակ գնում ենք այս խոստման կատարմանը: Այս խոստումը 90 տոկոսով արդեն կատարված է»,- նշեց նա:
Հաջորդ խոստման՝ ՀՀ-ում անվտանգության նոր երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ, ըստ Փաշինյանի, իրենք աշխատում են։ Խոստումներն ամբողջությամբ ի կատար չածելու փաստը վարչապետը պայմանավորեց այն հանգամանքով, որ 10 ամիս է անցել, ինչ իրենք իշխանություն են, սակայն իրենք լիարժեք իշխանություն են երեք ամիս, և խոստումներ կան, որ ընթացքի մեջ են:
Անդրադառնալով արագաչափերից գոյացած տուգանքներին քաղաքացիներին ներելու իր խոստմանը՝ նա նշեց, որ մ 13 մլրդ դրամ քաղաքացիների ունեցած գումարները ներվել են, և այս խոստումը հարյուր տոկոսով կատարվել է։
Վարչապետի գնահատմամբ՝ 100 տոկոսով կատարվել է նաև մենաշնորհների վերացման խոստումը, և այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ունի մենաշնորհ՝ առնվազն հնարավորությունների իմաստով: Փաշինյանը նշեց՝ բանանի շուկայում մենաշնորհային երևույթը բացառապես ջախջախված է, շաքարավազի շուկայում այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ պրոբլեմ ունի շաքարավազ ներկրելու հետ, նույնը վերաբերում է բենզինին։
Վարչապետը կատարված է գնահատում նաև պետական ահաբեկչություններն արմատախիլ անելու, աշխարհաքաղաքական ռևերանսներ չլինելու, ՀԱՊԿ անդամ մնալու խոստումները։ Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում, ըստ վարչապետի, իրենք իրենց մասով պարտավորությունները կատարել են, իսկ «Հանրապետականը» խորհրդարանում մի ձայնով չի անցկացրել»։
Վարչապետը 100 տոկոսով կատարված է համարում նաև իր իշխանության օրոք քաղբանտարկյալների, քաղհալածյալների և անձնական վրեժխնդրությունից զերծ մնալու իր խոստումը։
Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի պատասխանատուներին դատարանի առաջ կանգնեցնելուն՝ նա նշեց․ «Կանգնո՞ւմ են, թե՞ ոչ, պատասխանում եմ՝ կանգնում են։ 100 տոկոսով չէ, բայց շատ լուրջ տոկոսով կատարվել է»։
Փաշինյանի գնահատմամբ՝ 100 տոկոսով կատարել է նաև իր այն խոստումը, որ կառավարությունում օլիգարխներ չեն լինելու։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում և ձեռնարկելու ժողովրդից թալանվածը հետ բերելու ուղղությամբ: Իհարկե, 100 տոկոսով գոհ չեմ այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ծավալներից ու արդյունքներից, սակայն դրա համար կան մի շարք պատճառներ: Դրանից մեկը նշեմ: Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ տեսանյութը հրապարակելուց հետո, բազմաթիվ անձինք իրենց ունեցածը շատ արագ թաքցրեցին, այդ թվում՝ Հայաստանից դուրս: Հիմա դա գտնելը դժվար է դարձել, սակայն մենք ունենք քաղաքական կամք գործը մինչև վերջ տանելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ կուզեր ամեն ինչ անել կատարյալ ու 100 տոկոսով ճիշտ ու որակով: «Մենք չենք կարող լինել կատարյալ, կան անուղղելի սխալներ, որոնք անում ես՝ վերջ։ Իմ զգացողությամբ՝ մենք արել ենք սխալներ, ես արել եմ սխալներ՝ մեծ, փոքր, ամեն օր եմ անում, բայց դրանց էությունն ու բովանդակությունը կարևոր է: Դավադիր, անշրջելի, անուղղելի սխալներ չենք անում: Ճակատագրական, ֆատալ սխալներ առայժմ չենք անում, հուսով եմ՝ այդ ռեժիմի մեջ կմնանք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ ոչ մի կուլիսային պայմանավորվածություն չունի որևէ պաշտոնյայի հետ: «Եթե նման բան լինի, ապա ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլև իմ ապրած կյանքը: Դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ: Ես այդպիսի գործարքների չեմ գնա: Խնդրում եմ՝ դավադրությունների մեջ ինձ չկասկածել: Ես կարող եմ սխալվել, բայց ներքաշվել հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ՝ դա բացառված է»,-շեշտեց նա։
Պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե վարչապետին խաբում են և՛ ԿԲ նախագահը, և՛ փոխվարչապետը, երբ ասում են՝ 24 տոկոսից ավելի վարկեր չկան, Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա:
Օգտատերը նշել էր, որ ինքը կարող է վարչապետին 50 և ավելի վարկատեսակ ասել, որտեղ վարկերի տոկոսները 50%-ից ավել են, և որ այդ վարկերը քերթում են մարդկանց կաշին:
Վարչապետը պատասխանեց, որ այս հարցից հետո տեղեկանք է ուզել և ստացել նույն պատասխանը, որ 24 տոկոսից ավել վարկեր գոյություն չունեն, ավելի բարձր տոկոսով վարկեր գործում են այլ կազմակերպություններում:
Նա նշեց. «Այս պատմության լուծումն այն է՝ մենք կարո՞ղ ենք արդյոք դնել տոկոսի վերին շեմ: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, և դա սխալ է, որովհետև դա ընդամենը հնարավորություն է, և մենք այստեղ լուծումը տեսնում ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մեջ, որովհետև երբ մարդուն գումար է պետք, նա վերցնում է առանց դրա հետևանքների մասին մտածելու, առանց կարդալու թղթերը, որն ինքը ստորագրում է»:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունների՝ ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային որոշակի պարտավորություններ, և այդ 80 տոկոսի համար այդ վարկային պարտավորությունները կատարելը բավականին դժվար է: «Այստեղ պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք: Մենք մեկ ճանապարհ ենք տեսնում՝ մարդկանց համար աշխատելու հնարավորություն ստեղծելով, տույժ-տուգանքները վերացնելով, որ մարդիկ գան այն նախնական վիճակին, ինչ վիճակով որ վերցրել են վարկեր: Թեմաներ կան, որ Հայաստանում ցավոտ են ընկալվում, բայց դրա մասին պետք է խոսենք՝ ՀՀ-ում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ պետությունը կայանում է այն ժամանակ, երբ ամեն քաղաքացի գիտակցում է, որ անձամբ պատասխանատու է իր կատարած արարքների, որոշումների համար, որովհետև շատ դեպքերում մարդիկ ուզում են իրենց կատարած արարքների պատասխանատվությունը թողնել ուրիշների վրա:
Մենք ասում էինք, որ եթե մեզ պետք է հազար դրամ, մենք ոչ թե պետք է գտնենք մեկին, ով կտա հազար դրամ, այլ գտնենք հազար մարդու, որ կտա մեկ դրամ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքում քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի առաջարկին։
Օգտատերերից մեկը, նշելով, որ ինքն ու իր թիմը պայքարում են համացանցում կեղծ լուրերի դեմ, առաջարկել էր ստեղծել հատուկ խումբ, որը կզբաղվի համացանցի ֆիլտրմամբ։ Նա առաջարկում էր՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցեն կառավարությանը, պետական որեւէ հաշվեհամարի ամսական ուղարկեն ընդամենը 1 դոլար։
Առաջարկին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գաղափարը հետաքրքիր է, ես գիտեմ, որ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը աշխատում է մի այդպիսի նախագծի վրա։ Այդ գաղափարը դրված է եղել նաեւ մեր կուսակցության գործունեության հիմքում։
Այդ գաղափարն աշխատեց եւ հեղափոխությունը տեղի ունեցավ այդ սկզբունքի շրջանակում։ 50-60 մլն դրամը տվել են հարյուր հազարավոր մարդիկ։ Եթե դա տված լիներ մեկ մարդ, ես որպես վարչապետ կաշկանդվածության մեջ կլինեի, իսկ հիմա ես կարող եմ ասել, որ երկրագնդի վրա չկա մի մարդ, որ ես որպես վարչապետ նրա առջեւ ունենամ պարտավորություն։
Ես հազարավորների առջեւ ունեմ պարտավորություն, եւ սա առաջին նախապայմանն է, որ կոռուպցիան արմատախիլ է արված։ Եթե մեկ մարդ տված լիներ, կասեր՝ բա ձեր սիրուն աչքերի համա՞ր ենք էդ փողը ծախսել, հիմա պետք է էդ փողը հետ բերենք։ Որեւէ մեկն այսօր ինձնից չի կարող արտոնություններ ուզել։ Ես Հայկակ Արշամյանին կասեմ, որ ձեզ հետ կապվի եւ միասին լավ լուծումների կարողանաք հասնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը