«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացված Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին, ողնաշարի հետ կապված խնդիր է ունեցել։
«Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին և կարող է և հեռացվել (այլ բան է, թե ում կողմից և ինչ ընթացակարգով):
Դրոշի հետ կապված դրվագը եկավ ընդամենը ամրապնդելու այդ՝ արդեն ձևավորված կարծիքս: Սակայն այսօր իմացա մի բան, որը, եթե ճիշտ է (իսկ աղբյուրս չեմ կարծում պատճառ ունի ինձ սխալ տեղեկություն տալու), արմատապես փոխում է իրավիճակը և կարող է հիմք դառնալ այդ հեռացման որոշման վերանայման համար, եթե անգամ այն եղել է «սեփական դիմումի համաձայն»: Ինձ հայտնեցին, որ Ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի (որտեղ նա սովորում էր) մի նեղ շրջանակ, տեղյակ է եղել, որ Հայկ Մարտիրոսյանը առնվազն այդ տարիներին ողնաշարի խնդիր է ունեցել, որի արդյունքում մեկ ուսը մյուսից ցածր է եղել, և նա ստիպված է եղել դասերի հաճախել ռետինե հատուկ ամրակներով՝ ուսին և ողնաշարին հագած, որոնք ինչ-որ կերպ թույլ են տվել նրան շատ-թե քիչ աշխատունակ կեցվածք պահպանել:
Չգիտեմ որքանով եմ ճիշտ վարվում, որ հրապարակում եմ Հայկ Մարտիրոսյանի առողջությանը վերաբերող մի տեղեկատվություն, որն ինքը չի ուզել հրապարակել անգամ աշխատանքը կորցնելու վտանգի ներքո՝ արդարանալու համար: Հեռակա ներողությունում եմ խնդրում Հայկից դրա համար: Համենայնդեպս, իմ աղբյուրը չի կարողացել կապ հաստատել իր հետ, քանի որ նա անջատել է հեռախոսը և չի պատասխանում լրագրողների, իրավապաշտպանների և որևէ մեկի հարցերին: Սակայն, սա մի բան է, որի չհրապարակելն էլ կնշանակեր ոտնահարված արդարություն և չիրացված արդարադատություն:
Այսպիսով, սա կարևոր է իմանալ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին՝ որպես իր որոշումը վերանայելու հիմք:
Ի դեպ, այն, որ Հայկը չի բարձրաձայնում այս հանգամանքը, միայն դրական է խոսում իր մարդկային արժանիքների մասին»,-գրել է Հովսեփ Խուրշուդյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը