04 04 2019

ՌԴ ԱԳՆ-ն՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության և Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության և Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի` ԱՄՆ-ում արած հայտարարությունը «Նոր պատերազմ` նոր տարածքներ» կարգախոսի մասին: 

«Ես չեմ կարող գնահատական տալ կոնկրետ  հայտարարությանը, ես կարող եմ գնահատական տալ և վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը քաղաքական դիվանագիտական կարգավորմանը: Անշուշտ, առաջնահերթություն է  տրվում փոխադարձ պայմանավորվածություններին, եթե կողմերի դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ  մոտ են լինում, մենք ողջունում ենք դա, եթե կա անհրաժեշտություն, որպես համանախագահ երկիր,  աջակցություն ենք ցուցաբերում: Կոնկրետ հայտարարությունները, կարծում եմ, մեկնաբանելու կարիք չկա»,- նշել է Զախարովան:

ONA ադրբեջանական պորտալին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ կոնֆլիկտի թեմային՝ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես ամենաակտիվ դերն է խաղացել և շարունակելու է խաղալ ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նա նշել է՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում աջակցությունը կողմերին  կարեւորագույն արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ «Այդ հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, բարձր ուշադրությանը նրա արդյունքների հանդեպ։ Աշխատում ենք այլ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Խնդրի հարցով բանակցային գործընթացը շարունակվում է։ Կողմերը ցուցաբերում են աշխատանքը շարունակելու մտադրություն՝ ուղղված խաղաղ կարգավորման հասնելուն։

Այդ տրամադրվածությունը, մասնավորապես, գրանցվեց Վիեննայում վերջերս Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների հիման վրա արված հայտարարությունում։Ողջունում ենք բանակցություններում կառուցողական մոտեցման գերակայությունը: Կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում։

Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են համանախագահող երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի վրա։ Դրա համար հիմք կա։ Գլխավորը քաղաքական կամք ցուցաբերելն է»,- նշել է նա։

Զախարովան նաև հայտնել ք՝ Ռուսաստանը Անդրկովկասի «ռազմական յուրացման» ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները համարում է լուրջ ռազմաքաղաքական մարտահրավեր:

Նրա խոսքով՝ այս տարածաշրջանն, անշուշտ, դասվում է Ռուսաստանի հատուկ կարեւորության շահերի ոլորտին: Սա առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրական մերձավորությամբ: «Ակնհայտ է Հարավային Կովկասի նշանակությունը լայն աշխարհաքաղաքական ենթատեքստում: Այսօր այստեղ լիովին դրսեւորվում է հայտնի արտատարածաշրջանային ուժերի՝ իրենց քանոններով ԱՊՀ տարածքը վերաձեւելու անպատկառ ձգտումը: Որպես Ռուսաստանի համար լրջագույն ռազմաքաղաքական մարտահրավեր ենք դիտարկում Անդրկովկասի «ռազմական յուրացման» ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները: Եվ, իհարկե, անհնար է չասել Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության մասին, որին, ցավոք, ներգրավված են մեր 2 մերձավորագույն բարեկամներն ու գործընկերները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը:

Հարավային Կովկասում կայունության աջակցությունը, տարածաշրջանի աստիճանական զարգացման ապահովումը տարածաշրջանի երկրների հանդեպ Ռուսաստանի բարեկամական վերաբերմունքի պարագայում այսուհետեւ եւս կմնա ռուսական արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկը»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ