04 04 2019

Հիպոթեքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն՝ մարզերի բնակիչների համար

Հիպոթեքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն՝ մարզերի բնակիչների համար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:

«ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավորապես առաջարկվում է եկամտահարկից նորակառույց բնակարանների ձեռքբերման հիպոտեկային պայմանագրի տոկոսների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա։

Գործող օրենքի կարգավորման հիմնական նպատակը եղել է բնակարանաշինության ոլորտի խթանումը։ Այդուհանդերձ, փաստում ենք, որ այդ նպատակը ներկայում իրագործվում է միայն մայրաքաղաքում։

Խնդիրն այն է, որ օրենքով տրված հնարավորությունը փաստացի գործում է միայն մայրաքաղաքի մասով, քանի որ այստեղ է, որ իրականացվում է կապիտալ շինարարություն, իսկ մարզերում արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ բնակելի շենքեր չեն կառուցվում, ինչի պատճառները բազմաթիվ են։ Օրինակ, մարզերում բնակարաններն արժեն մի քանի անգամ ավելի էժան և այլն։

Ի՞նչ մեղավոր են օրինակ Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և մյուս մարզային քաղաքների բնակիչները, որ իրենց քաղաքներում նոր բնակելի շենքեր չեն կառուցվում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է միայն մարզերի մասով նախատեսել, որ հիպոտեկի պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից հնարավոր է օգտվել նաև մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռքբերելու դեպքում, ինչը, կարծում ենք, առավել ընդունելի և արդար մոտեցում կլինի մարզերի բնակչությամբ նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ