Россия 24-ը կրկին անդարդարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։ Ռուսական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է․
«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է կալանքի տակ մնալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն առանց պատճառաբանության մերժել է փաստաբանների՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացվող մեղադրանքները կոնկրետացնելու խնդրանքը։ Էլ չասած խափանման միջոցը մեղմացնելու առաջարկի մասին: Արդյունքում կա 8 ամսվա քրեական հետապնդում, որն ինքը՝ նախկին նախագահը, գնահատում է ոչ այլ ինչ, քան քաղաքական դատաստան։
2008 թվական ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանը չճանաչեց իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Փորձառու սադրիչը փողոց հանեց ամբոխին, ամեն ինչ ավարտվեց սադրանքով և մասսայական անկարգություններով։ 10 մարդ մահացավ, հարյուրավորները վիրավորվեցին, և այժմ դե ֆակտո չունենալով ապացույցներ՝ ողբերգության մեղքը ցանկանում են ամեն գնով մեկ մարդու վրա գցել։ Եվ դրան փորձում են հասնել իսկապես անհավատալի համառությամբ: Վերաքննիչ դատարանի՝ նախկին նախագահին ազատելու որոշումից անմիջապես հետո ասես հրահանգված կերպով դատախազությունը խառնվեց գործին՝ պահանջելով և վերջիվերջո հասնելով նախկին նախագահին երկրորդ անգամ կալանավորուն։ 2018թ․ դեկտեմբերի 7-ից Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ են պահում, ի դեպ, Հայաստանի օրենքները խախտելով։ Ոտնահարվում է նախագահի անձեռնմխելիության սկզբունքը, պահանջներ կան նաև Քրեական օրենսգրքի այն հոդվածի վերաբերյալ, որով մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին, և որը այդ նույն 2008 թվականին ընդհանրապես գոյություն չուներ։ Վերջին հանգամանքը զարմացնում է, քանի որ Հայաստանում օրենքի հետադարձ կիրառումն արգելվում է։ Ստացվում է՝ նախկին նախագահի համար բացառություն են արել, ինչը ևս հանգեցնում է որոշ եզրակացությունների»,- նշում է հեռուստաընկերությունը։
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Ֆենենկոն հեռուստաընկերության հետ զրույցում ասել է․ «Սա կարելի է գնահատել որպես Հայաստանում հակառուսական ազդեցության ուժեղացում։ Հայաստանում աստիճաբանաբար ուժեղանում են այն մարդկանց խմբերը, որոնք տրամադրված են Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, և հանում են բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք ընկերական հարաբերություններ ունեին Ռուսաստանի հետ և որոնք նպատակադրված էին Հայաստանի ինտեգրմանը ՀԱՊԿ-ում և եվրասիական կառույցներում։ Եվ որպեսզի անդառնալի դարձնեն Ռուսաստան-Հայաստան կապերի տապալումը, հարված են հասցնում այդ քաղաքական գործիչներին»։
Հեռուստաընկերությունը հավելում է․ «Սա ամբողջովին իրատեսական է՝ հաշվի առնելով հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցների սկանդալային հրապարակումները։ Հատուկ ծառայությունների ղեկավարները վարչապետի հետ քննարկում էին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ճակատագիրը, ում, զարմանալի համընկնումով, ինչպես և Քոչարյանին, մեղադրում են հակասահմանադրական դավադրության մեջ։ Նախկին նախագահը ևս հիշատակվում է գաղտնալսված հեռախոսազրույցներում՝ Փաշինյանի կողմից լակոնիկ հրահանգի ֆորմատով այն մասին, որ նրա հարցը պետք է լուծել։
Իշխանամետ ԶԼՄ-ներն իրենց նեղություն չեն տալիս օբյեկտիվությամբ։ Նախկին նախագահի մասին հրապարակումներն ընդգծված բացասական տոնով և հալածանքի տարրերով ակնհայտ պրոպագանդայի ոճով են։ Քոչարյանի մի քանի հարազատների դեմ առաջադրված մեղադրանքները նման են պաշտոնական առիթների որոնումների, որպեսզի գործն ընտանեկանի վերածեն՝ նախկին նախագահի հետ միասին հանրային տիրույթից մաքրելով նրա մտերիմ շրջապատը, գումարած նաև դասական շեղող մանևր անել նախորդ տարվա գարնանը Հայաստանում մասսայական բողոքի ցույցերի կասկածելի ձեռքբերումների ֆոնին»։
Հեռուստաընկերությունը նշում է, որ սոցիալական կայքերում քննարկումները վկայում են Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա նախագահության նոստալգիայի մասին, երբ տնտեսության տարեկան միջին աճը կազմում էր 12․5 տոկոս, իսկ 2003 թվականին հասավ ռեկորդային 14 տոկոսի։ Նրա նախագահության տարիներին ասֆալտապատեցին Երևանը, բարեկարգեցին փողոցների լուսավորությունը, կառուցվեցին օդանավակայանը և ճանապարհները։ Բոլոր տվյալները հասանելի են, սակայն այսօր այս մասին հիշեցնելը Հայաստանում նշանակում է դառնալ ազգի թշնամի, ավելի ճիշտ՝ իշխանավորների թշնամի։ Իսկ նրանք, ում կարգախոսները սիրո և հանդուրժողականության վերաբերյալ էին, այլընտրանքային կարծիք չեն հանդուրժում»։
Ռուսական հեռուստաընկերությունը նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում մեծ ավանդ ունեցած Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից 10 տարի անց Հայաստանից այլ ազդանշաններ են ուղարկում Ռուսաստան։ Խոսքով հանդես են գալիս հանուն համագործակցության պահպանման, իսկ գործնականում դեմ չեն այսպես կոչված արևմտյան գործընկերների համար «փափուկ ուժի» հարթակ տրամադրել։ Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է աղմկահարույց ֆորումը Երևանում, որը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղարության միջոցներով, և որի ընթացքում երիտասարդներին սովորեցնում էին փողոցային պայքարի մեթոդները։
Շեշտվում է, որ նախկին նախագահի գործով խախտվել է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային օրենսդրությունը, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, համաձայն որի՝ քաղաքացուն աբստրակտ հիմքերով, առանց իրավաբանական որոշակիության կալանքի տակ պահելը անթույլատրելի է, բայց Երևանում եվրոպական կոնվեցիայի փաստաթղթերի հասանելիություն կարծես թե չունեն, և քաղաքական մրցակցության վախը գերազանցում է համընդհանուր նորմերը։
Հայաստանի ներկայիս իշխանությունը չցանկացավ ընկերություն անել, հավասար պայմաններում բացահայտ թշնամություն անել էլ ակնհայտ է, որ ի զորու չէ, ստացվում է, որ արդարության, ժողովրդավարության և արդար պայքարի իդեալները, որոնց մասին այքան հայտարարում էր Երևանը, բոլորի վրա չեն տարածվում, և Ռոբերտ Քոչարյանի վրա հաստատապես չեն տարածվում, ով ազատազրկվեց ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը