Ազգային ժողովի՝ մարտի 29-ի արտահերթ նիստը նախ չկայացավ, քանի որ նիստին ներկա էր 132 պատգամավորներից 44-ը: Իշխանական՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից 35-ը մեկնել էին Արցախ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը սկսելու հաջորդ փորձը կանեն 4 ժամ անց:
Նշենք, որ ԱԺ-ն պետք է քննարկեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: ՍԴ դատավորի պաշտոնում ՀՀ նախագահ Արեմն Սարգսյանի առաջարկությամբ դիտարկվում է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Հատկապես վերջին հարցի առկայությունը մի շարք հարցեր առաջացրեց, մասնավորապես, որ իշխանական պատգամավորները միտումնավոր տապալել են նիստը, որպեսզի նա չընտրվի, և այնուհետև առաջադրվի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
Լրագրողների հետ զրույցում, սակայն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հերքեց միտումնավորության հանգամանքը՝ նշելով, որ դա ամենևին էլ քաղաքական ակցիա չէ:
«Մի մասը մեկնել է, վստահ չեմ, որ բոլորն են մեկնել, քվորում կունենանք, թե չէ, համենայն դեպս կսպասենք, հատուկ ակցիա չկա: Լավ չի, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել: Միգուցե պետք էր այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին: Այդ հարցում ձեզ հետ համաձայն եմ»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե արդյոք այս այցը եղե՞լ է համաձայնեցված, որպեսզի համընկնի Նիկոլ Փաշինյանի` Վիեննայում կայանալիք հանդիպմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որեւէ նման պայմանավորվածություն չի եղել, որ պարոն Փաշինյանի այցի հետ համաձայնեցվի: Եթե նույնիսկ որոշված բան չկա, կարծում եմ՝ դա միայն դրական ազդեցություն կունենա, ճիշտ որոշում է»:
Նշենք նաև, որ Արցախ չմեկնած ոչ բոլոր իշխանական պատգամավորներն էին մասնակցում նիստին: Այն ժամանակ, երբ ԱԺ նախագահը հայտարարում էր քվորում չլինելու մասին, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հովհաննես Իգիթյանն ու Հակոբ Սիմիդյան կանգնած էին միջանցքում: Լրագրողի հարցին, թե ինչու նիստերի դահլիճում չեն, պատասխանում են՝ չգիտենք:
Օրվա երկրորդ կեսին արդեն՝ երկրորդ փորձից հաջողվեց քվորում ապահովել և վերսկսել հրավիրված արտահերթ նիստը:
Խորհրդարանը քվեարկության արդյունքում 83 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը