7or.am-ը գրում է․ «1996–ի նախագահական ընտրություններին վերաբերող ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի վերահրապարակումը, որը շատերի համար շոկային էր, քանզի մինչ այդ հույսը դրված էր մարդկանց կարճ հիշողության կամ չիմացության վրա, հերթական ապացույցն էր այն բանի, որ Լևոն Տեր–Պետրոսյանընախագահական 2–րդ ժամկետին գնալիս տապալել է սահմանադրական կարգը։
Վազգեն Մանուկյանը հաղթել էր ընտրություններում, բայց շամպայնի բաժակով որոշվեց ժողովրդի ընտրության ելքը։
Դա իշխանության բռնազավթում էր։ Պատահական չէ, որ 1998–ին նրա հեռացումը ողջունվեց հանրության լայն շրջանակների ու քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից։
Տեր–Պետրոսյանի հեռացմամբ նախ յուրօրինակ ձևով վերականգնվեց սահմանադրական կարգը, բացի այդ՝ հնարավոր եղավ խուսափել Արցախի հարցով տխրահռչակ փուլային տարբերակը կյանքի կոչելուց։
Ի՞նչ տեղի ունեցավ 1998–ին
Տեր–Պետրոսյանը փորձում էր ներքին լեգիտիմության բացակայությունը փոխհատուցել արտաքին քիրվայական քայլերով՝ «Արցախ՝ իշխանության դիմաց» բանաձևի շրջանակներում, սակայն իշխանափոխություն իրականացնողները դա կանխեցին։ Վազգեն Սարգսյանն այդպիսով մաքրվեց 1996–ի նախագահական ընտրություններից ու ամբողջությամբ քավեց իր մեղքը, իսկ Ռոբերտ Քոչարյանը հետագայում ցույց տվեց, որ ինքը ճիշտ էր, իսկ Լևոնը՝ սխալ։
1–ին նախագահը մինչև հրաժարականը տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում մռայլ կանխատեսումներ էր անում Արցախի, Հայաստանի տնտեսության հնարավորությունների, բյուջետային մուտքերի սահմանափակման, սփյուռքի լուրջ աջակցության անհնարինության և այլնի մասով։ Գործնականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Տեր–Պետրոսյանը հեռանալիս հայտարարեց, որ իշխանության է գալիս «պատերազմի»կուսակցությունը, սակայն կյանքը կրկին հակառակն ապացուցեց։ Ռոբերտ Քոչարյանինախագահության շրջանը միակն էր, երբ մենք ամենահեռուն ենք եղել պատերազմից և կարողացել ենք զսպել Ադրբեջանի ախորժակն ու թույլ չտալ նրան լկտիանալ՝ զուգահեռաբար բանակցային գործընթացում չեզոքացնելով փուլային տարբերակի վտանգն ու հասնելով Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցի լեգիտիմացմանը։ Այսինքն՝ իրականում 1998–ին իշխանության եկավ «խաղաղության» կուսակցությունը, և իշխանությունից հեռացվեց պարտվողական–քիրվայական խմբակը։
Եվ այսպես, 1–ին նախագահը կանխատեսում էր, որ շատ շուտով պատերազմ է լինելու, բայց դա չեղավ։ Նա կանխատեսում էր, որ պետբյուջեն ավելացնելու ֆիզիկական ծավալները սպառված են, բայց Քոչարյանը հակառակն ապացուցեց։ Տեր–Պետրոսյանը համոզված էր, որ սփյուռքը չի կարող լրջորեն օգնել Հայաստանին, բայց Քոչարյանի նախագահության շրջանում սփյուռքից հսկայական ներդրում եղավ Հայաստանում՝ Քրքորյան, Էռնեկյան, Գաֆեսճյան, Կարապետյան և այլն։
Տեր–Պետրոսյանը տնտեսության զարգացումը կապում էր Արցախի հարցում զիջումների գնալու հետ, բայց կյանքը ցույց տվեց, որ ինքը, մեղմ ասած, սխալ էր և է։
Ռոբերտը ճիշտ էր, Լևոնը սխալվեց
1998–ի իշխանափոխությունն ազգային անվտանգության ապահովման խնդիր էր լուծում։ 98–ին խնդիր էր դրված ապացուցել, որ կարելի է զարգանալ՝ չզիջելով։ Եվ նախագահ Քոչարյանը դա ապացուցեց։ Նրա նախագահության շրջանում՝
–ՀՀ ՀՆԱ–ն աճեց 5 անգամ,
–պետական բյուջեի ծախսային մասը մեծացավ ավելի քան 10 անգամ՝ հասնելով 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի,
–1998–ից հետո պատմության գիրկն անցավ ամիսներ շարունակ բյուջետային աշխատողներին աշխատավարձեր չվճարելու պրակտիկան. աշխատավարձերը վճարվում էին ժամանակին ու ավելանում էին ամեն տարի,
–մասնավոր տնտեսվարողների քանակն ավելացավ 8 անգամ. մարդիկ սկսեցին բիզնես հիմնել,
–փոքր բիզնեսի համար սահմանվեց 5–տոկոսանոց պարզեցված հարկ, ինչը շուրջ 14.000–ով ավելացրեց փոքր տնտեսվարող սուբյեկտների քանակը. ընդհանուր առմամբ, փոքրից մինչև խոշոր բիզնես հատվածում ակտիվորեն ներգրավված էր ավելի քան կես միլիոն մարդ (չհաշված համեմատաբար ցածր աշխատավարձ ստացող աշխատուժին),
–արտագաղթի տեմպերը նվազեցին. եթե մինչև 1998 թվականը, այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում, Հայաստանից պաշտոնապես հեռացել էր 586.800մարդ, ապա 1998–ից հետո արտագաղթի տեմպը կտրուկ նվազեց, իսկ 2004–ից սկսած՝ առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում երեք տարի շարունակ գրանցվեց ներգաղթ՝ ընդհանուր առմամբ 36.300 հոգի, ինչն առաջին հայացքից փոքր, բայց իրականում շատ խոսուն թիվ է շարունակաբար տեղի ունեցող արտագաղթի ֆոնին,
–տեղի ունեցավ հսկայական կապիտալ շինարարություն, մասնավորապես աղետի գոտու շինարարություն, բնակարանաշինություն, ճանապարհաշինություն, մշակութային օբյեկտների լայնածավալ վերանորոգում, ոռոգման համակարգերի բարելավում և այլն,
–տեղական արտադրությունը խրախուսվում էր ամենատարբեր մեթոդներով, ու Քոչարյանը, պատկերավոր ասած, դարձել էր նոր բիզնեսների ու շահագործման հանձնվող օբյեկտների բացման արարողության մշտական հյուրը,
–ժամանցի ու հանգստի վայրերի քանակը տասնապատիկ աճեց,
–բիզնեսի համար գրասենյակ գտնելը դարձել էր դժվար գործ, քանզի պահանջարկը զգալիորեն գերազանցում էր առաջարկը,
–երկնիշ տնտեսական աճը դարձավ Հայաստանի բրենդը,
–Հայաստանը շատ ապրանքատեսակներ ներմուծողից դարձավ արտահանող (թեթև արդյունաբերություն, սննդարդյունաբերություն, հանքարդյունաբերություն, շինարարական նյութեր և այլն),
–հարևան Վրաստանից գալիս էին Հայաստան՝ բիզնես հիմնելու, իսկ Հայաստանից Վրաստան կար արտահանում, և անգամ հայկական կաթնամթերքն էր արտահանվում հարևան երկիր,
–շարքային քաղաքացիները սկսեցին փոխել իրենց կյանքի որակը և ապրելակերպը. Հայաստանի ու արտերկրի հանգստավայրեր մեկնելը դարձավ նորմ, շատերը ձեռք բերեցին ավտոմեքենաներ, գնեցին բնակարաններ։
Կարելի է բազմաթիվ այլ դրական արդյունքներ մատնանշել, որոնք հերքում էին Լևոն Տեր–Պետրոսյանի այն թեզերը, ըստ որոնց՝ Հայաստանը զարգանալու շանս չունի, և «Սերգո ջանը»լավ չի ապրելու, քանի դեռ Արցախի հարցը չի լուծված, իսկ լուծում ասելով՝ նա նկատի ուներ փաստացի մեր միակողմանի զիջումներն Ադրբեջանին ու նաև Հայոց ցեղասպանության հարցով զիջումը Թուրքիային։
2018–ին վերադարձավ 1998–ի բումերանգը
Կա՞յին արդյոք սխալներ ու թերություններ Քոչարյանի կառավարման շրջանում։ Իհա՛րկե, կային։ Եթե չլինեին, ապա այսօրվա պատկերը չէինք ունենա, երբ քիրվայականությանջատագովները, ընտրակեղծիքների հիմնադիր հայրերը, մեր երկրի տնտեսության հերն անիծածները, չտեսավարի թալան անողները և դրանց հոգեզավակները չէին դառնա օրինականություն քարոզողներ, Արցախի համար դեմագոգիկ ձևով կոկորդ պատռողներ ու արդարության մարտիկներ։ Զուտ մետաֆիզիկական տեսանկյունից Քոչարյանն այսօր կալանավորված է այդ ամենի համար։ Այսինքն՝ իր չարածի համար։ 1998–ից հետո չարածի։
Նա 1998–ից հետո չգնաց լևոնական ռեժիմին քաղաքական ու իրավական գնահատական տալու ճանապարհով, այլ փորձեց դրան չանդրադառնալ։ Արդյունքում՝ այսօր նա դատվում է լևոնական ռեժիմի հոգեզավակների ու թերմացքների ձեռքերով։
1998–ի իշխանափոխության ու սահմանադրական կարգի վերականգնման գլխավոր դերակատարներից Վազգեն Սարգսյանը սպանված է (ի դեպ, այդ սպանությունից հետո ամենաակտիվը ՀՀՇ–ական ռեժիմի բորենիներն էին՝ Անդրանիկ Քոչարյան, Վահան Շիրխանյան, Գագիկ Ջհանգիրյան. նրանք Վազգենի արյան վրա ուզում էին պաշտոնի առևտուր անել և կասկածելիորեն արագ էին գործում), իսկ Ռոբերտ Քոչարյանը՝կալանավորված։ 1998–ին նրանց չարածն այժմ բումերանգի պես վերադարձել է։ Մենք լևոնական ռեժիմի ռեինկարնացիան ենք տեսնում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսքով։ Համենայնդեպս, Փաշինյանը դեռ չի ապացուցել, որ դա այդպես չէ։ Ապացուցելու համար պետք է քրեական գործ հարուցի 1996–ի նախագահական ընտրությունների մասով։ Սահմանադրական կարգի տապալումն այն ժամանակ է եղել։ Կանի դա Նիկոլը՝ լավ, չի անի՝ միևնույն է, 1996–ի գործը վաղ թե ուշ բացվելու է։
Ամեն ինչ դեռ առջևում է։ Միշտ էլ կարելի է սրբագրել սեփական քայլերը, անել չարածները։ Գալիս է սխալներն ուղղելու ժամանակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը