28 03 2019

Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է․ Վարչապետ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Բազմիցս առիթներ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է, նկատի ունեմ այն, որ մեր բոլոր խնդիրներն ունեն առաջին հերթին ինտելեկտուալ լուծումներ: Մեզնից որևէ մեկը չի կարող որևէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ և առաջ ինքն այնտեղ չի գտնվել մտովի, մեզնից որևէ մեկը չի կարող անել որևէ գործողություն, եթե այդ գործողությունը նախ չի արել մտովի, իհարկե, եթե մենք ուզում ենք անել գիտակցված գործողություններ և ուզում ենք կառավարել մեր գործողությունները:

Իհարկե, յուրաքանչյուր կառավարության, ինստիտուտի ու, կարծում եմ, անհատի խնդիրն է՝ գիտակցել սեփական գործողությունները և կառավարել դրանք: Դա է պատճառը, որ մենք կայացրել ենք որոշում՝ ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն, որի խնդիրը շատ հստակ է ձևակերպվում. կենտրոնը պետք է ընդարձակի ընդհանուր մտավոր դաշտը, մտավոր տարածքը, գործողությունների դաշտը և տարածքը, որում գործում ենք մենք, որում գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որում գործում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը:

Մեզ համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Մենք ամենևին էլ այս կենտրոնը, որը վարչապետի աշխատակազմում է, չենք համարում ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը»: Վարչապետն ընդգծեց, որ կենտրոնը պետք է համագործակցության կամուրջներ և մեխանիզմներ ունենա վերլուծական այլ կենտրոնների հետ, այդ թվում՝ մասնավոր:

«Երկրի իշխանությունը պետք է առկա խնդիրների շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով պետք է փորձենք հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն կամ որոնք նոր կստեղծվեն: Այն մեծ մտավոր աշխատանքը, որի պահանջը և օրակարգը կա այսօր բոլորիս ընդհանուր սեղանին՝ պետք է միասին կատարենք»,- ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ