Комсомольская правда-ն կրկին անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին։ Ռուսական լրատվամիջոցը ևս մեկ անգամ շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։
«Ուղիղ 8 ամիս առաջ՝ 2018թ․ հուլիսի 28-ին, կալանավորեցին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նրա կալանավորումը և սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը հենց սկզբից վկայում էին, որ Երևանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընդամենը վրեժ է լուծում․ նա ակտիվ մասնակիցն էր այն անկարգությունների, որոնք Քոչարյանը կոշտ միջոցներով ճնշեց։ Ժամանակի ընթացքում կասկածները հաստատվեցին փաստերով։
Հրապարակվեցին Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ հեռախոսազրույցները։ Գաղտնալսումներից ակնհայտ է դառնում, որ հենց Փաշինյանն է հրաման տվել ամեն գնով «նստեցնել» Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին նախագահի կալանավորումից անմիջապես հետո հատուկ հայտարարություններով հանդես եկան ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ն, այլև հայ և արտասահմանցի իրավապաշտպանները։ Սակայն Երևանում այս ամենին ուշադրություն չդարձրին։
Փաշինյանի կամքով հայ իրավապահները մի շարք խախտումներ թույլ տվեցին։ Օրինակ, թքեցին նախագահական անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմի վրա։ Երևանում օրենքը հետադարձ ուժ չունի․(քրեական հոդվածը, որով մեղադրում են Քոչարյանին 2008 թվականի մարտին կատարած գործողությունների համար, ուժի մեջ է մտել 2009 թվականին)։ Ավելին, Քոչարյանների ընտանիքի դեմ քարոզչություն է ընթանում պաշտոնական ԶԼՄ-ներով, նախկին նախագահի ընտանիքի անդամների դեմ քրեական գործեր են հարուցվել, կալանավորված նախագահին պաշտպանել փորձողների հասցեին էլ սպառնալիքներ են հնչում։
ՔԿՀ-ում գտնվող Ռոբերտ Քոչարյանը կարող է քաղբանտարկյալ ճանաչվել ըստ ԵԽԽՎ 1900 բանաձևի։ Նա կալանքի տակ է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի երաշխիքների խախտումներով։ Կալանքի տակ է պահվում քաղաքական պատճառներով, առանց կոնկրետ իրավախախտման։ Նա, վերջիվերջո, կալանավորվել է ակնհայտ անարդար դատական որոշմամբ։ «Դեմոկրատ» Փաշինյանը սեփական քաղաքական բանտարկյալն է ձեռք բերել։
Ահա թե ինչպիսին է երևանյան ժողովրավարությունը»,- գրում է ռուսական թերթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը