27 03 2019

Ինչո՞ւ եք էդպիսի թախծոտ ձայնով հարցնում․ Ուրիխանյանի ձայնի ելևեջները Փաշինյանին դուր չեկան



Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց, թե արտաքին պարտքի սպասարկման մեծ չափը ի՞նչ խնդիրներ կհարուցի պետբյուջեում։

Վարչապետին հարցի հնչերանգը թախծոտ թվաց. «Չգիտեմ՝ ինչո՞ւ եք թախծոտ ձայնով այդ հարցը տալիս, բայց նորություն չէ, արտաքին պարտքն այսօր չի ծագել: Միջնաժամկետ ծրագրով, բյուջետային պլանավորված ծրագրով մարվելու է և ոչ մի սպառնալիք չի կարող ՀՀ-ին սպառնալ՝ անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ՝ ավելանալու են, պետական բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու են, այլ՝ ավելանալու են: Այս տարի նվազագույնը 40 մլդր դրամով ավել գումար ենք հավաքելու պետական բյուջե, և մեր տնտեսության ակտիվության ցուցանիշները մեզ հիմնավորում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք՝ տնտեսկան աճի և ստվերային տնտեսության աճի հաշվին: Մենք գնալու են ստվերի հարկման ճանապարհով»:

Վարչապետը նշեց, որ արտաքին պարտքի սպասարկումը դրված է ինստիտուցիոնալ հիմքի վրա, որը տարիներ առաջ է պլանավորված եղել, իսկ ռիսկերը կապված են ոչ թե Հայաստանի, այլ՝ գլոբալ ճգնաժամի հետ:

Պատգամավորը հակադարձեց. «Պարոն Փաշինյան հարցը տալիս եմ ահռելի պարտքի մասին, ժպտում եք, հետո ասում եք թախծոտ ձայնով, բա պարտքից եմ հարցնում, բա թախիծ ա, բա ի՞նչ ա, լուրջ հարց ա, այո՛, ես մտահոգ եմ, և ուզում եմ հիշեցնել, որ թախծոտ հարցեր տվել եմ բոլոր իշխանություներին, որոնց հանդիպել եմ»:

«Կներեք, եթե խոսքիս մեջ ոչ պատեհ բան նկատեցիք, որևէ նման բան նկատի չունեի: Ես ընդամենը Ձեր տրամադրությունն էի ուզում փոխել, որովհետև հին հռետորիկան՝ վա՜յ պարտք ենք, բա ի՞նչ ա լինելու, պետք է դուրս գա: Մենք չունենք փողի խնդիր, մենք ունենք գաղափարի խնդիր, և ես նորից ասում եմ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը մտքի ասպարեզում է»,- ասաց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ