27 03 2019

Ոչ թե քուչեքում պետք է պպզեն, ճշտից խոսան, այլ պետք է կրթություն ստանան․ Վարչապետ



«Կա քննադատություն, որ մենք բարձր աշխատավարձերի համար եկամտահարկը իջեցնում ենք և դա դիտարկվում է սոցիալական ոչ ճիշտ քաղաքականություն: Ես սրա հետ համաձայն չեմ»,- այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այնպիսի տպավորություն է, որ մենք բոլորս ընկել են բարձր աշխատավարձ ստացողների հետևից և ուզում ենք ներկայացնել նրան սոցիալական բևեռ: Ես ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ ոք հարուստ առավել ևս մեծահարուստ չի դարձել բարձր աշխատավարձով: Մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, Հայաստանում պետք է չլինեն 80 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդիկ և պետք է չլինի էժան աշխատուժ, որով էլ վարչապետը հիմնավորում է բարձր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի իջեցումը. «Հայաստանում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Ես հստակ ասում եմ՝ այդ 80 հազար աշխատավարձ պաշտպանողների հետ որևէ կերպ համաձայն չեմ: Այնպիսի տպավորություն է, որ այս երկրի թշնամին բարձր աշխատավարձ ստացող մարդն է, բայց դա այն մարդն է, որ կրթություն է ստացել, դարձել պրոֆեսիոնալ և 1-2 մլն դրամ աշխատավարձ է ստանում: Պետք չէ այդ մարդու հետևից ընկնել, որովհետև մեր ժամանակների հերոսը ինքն է, մարդը չի գնացել «պպզել» քուչեքում, գնացել կրթութուն է ստացել: Մեր երկրում պետք է լինի այսպես, մեր երկրում ոչ թե քուչեքում պետք է պպզեն, գողականից, ճշտից խոսեն, այլ պետք է գնան համալսարան, կրթություն ստանան: Սա է նոր Հայաստանը: Մենք հեղափոխություն ենք արել, որ սևագործ բանվոների հասարակություն լինի՞. պետք չի կեղծ սոցիալական կարգախոսներով պայքարներ ծավալել»,- հավելեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ