Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:
Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները չեն փոխվել։ «Նախկինում էլ ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան։ Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչ մեզ հետաքրքրում է` ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում` ԱԽ համատեղ նիստում, ըստ էության, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, և այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ամբողջ գործընթացում»,— ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ մտքեր կփոխանակեն Արցախը բանակցություններում ներգրավելու շուրջ․ «Կան մեկնաբանություններ, որ բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ կա։ Դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը