Նարեկ Մանթաշյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, Արթուր Դավթյանին և Սասուն Խաչատրյանին:
«Հարգելի պարոններ, oրերս մամուլում շրջանառվեց մի բաց նամակ, որը իմ խորին համոզմամբ ուղղորդված և կազմակերպված էր իշխանական վերնախավից և նպատակ ուներ «նոր» Հայաստանի քաղաքական ղեկավարների կողմից մեղավոր նշանակված ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով բանտում պահելու նոր հիմքեր ստեղծել՝ առաջադրելով նոր մեղադրանք։ Նույնիսկ չեմ անդրադառնա ընտրված մեթոդի ճղճիմությանն ու հանձնարարականը կատարող ծերունի ավազակին, այլ կանդրադառնամ նամակի այն թեզին, որի արդյունքում անփառունակ և տեռորիզմի մեջ մեղադրվող ծերունուն ՀՔԾ հարց է տվել և նյութեր է նախապատրաստում, դա է՝ 1998թ․-ի նախագահական ընտրությունների կեղծումը։
Պարոնայք Արդարադատություն իրականացնողներ, քանի որ այս պահին նյութեր է նախապատրաստվում ընտրությունների կեղծիքի վերաբերյալ, ապա պահանջում եմ հարուցել քրեական գործ և քննել 1996թ․-ի նախագահական ընտրությունները, հայտնաբերել և պատժել մեղավորներին՝ Նախագահ Լևոն Տեր –Պետրոսյանի գլխավորությամբ։ Խնդրում եմ նամակս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, կից ներկայացնում եմ նաև այդ տարիներին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի մասնակցությամբ տեսագրությունը, որպես հանցանքի ապացուցողական նյութ, նաև ինքնախոստովանություն։
Եթե կարճ ժամանակում նշված դեպքի առթիվ չհարուցվի քրեական գործ, ես ինձ իրավունք եմ վերապահում Հայաստանի Հանրապետության գործող, նամակիս պաշտոնյա հասցեատերերին չվստահել, չվերաբերվել, որպես պետական պաշտոնյաների և նրանց աշխատանքը որակել, որպես ռեվանշիստական արդարադատության կամակատարներ, ովքեր իշխանությունը օգտագործում են միայն աշխատավարձ, պարգևավճար ստանալու և Քոչարյանից վրեժ լուծելու համար»։
Աղվան Պետրոսյանը գրում է․
«ՀՔԾ–ում 1998թ.նախագահական ընտրությունների հետ կապված նյութեր են նախապատրաստում` Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա։ Սա շատ հետաքրքիր նախադեպ է,երբ մի անձի նամակի հիման վրա ՀՔԾ ում ուսումնասիրություններ են անում և պատրաստվում են գործ հարուցել կեղծված ընտրությունների վերաբերյալ:Տպավորություն է,որ ՀՔԾ ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով, ու սևեռված է կոնկրետ անձի վրա,այն է` 98 –2008 ժամանակաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա,մոռանալով, որ ընտրակեղծարարության ,քաղաքական սպանությունների ու թալանի ժամանակաշրջանի հիմքը դրվել է Լևոն Տեր- Պետրոսյանի ու ՀՀՇ ի կառավարման ժամանակաշրջանում»։
Գարեգին Պետրոսյանը գրում է․
«Շիրխանյանն իրեն հանել է վաճառքի
«Քաղաքականությունն անբարոյականություն է» արտահայտությունը որոշ մարդկանց դեպքում հնչում է հենց բառի բուն իմաստով: Նշված մարդկանցից է Վահան Շիրխանյանը, ով հանրությանը հայտնի է որպես քաղաքական անբարոյական: Հիշյալ անձնավորությունն այս անգամ իր ծառայությունները մատուցեց մտքի զեղումներով ու կեղտոտ ստերով համեմված բաց նամակի միջոցով՝ իր անբարոյական մտքերը մատուցելու համար ընտրելով 1in.am կայքը:
Շիրխանյանն իր բաց նամակում մեղադրանքներ է հնչեցնում երկրորդ նախագահի հասցեին, որոնց իսկության վկան հանդիսանում է կամ ինքը կամ էլ Վազգեն Սարգսյանը, ով բնականաբար չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել հնչեցված փաստերը: Ինչևէ, նամակը ընթերցելիս պարզ է դառնում գրված տողերի իրական պատճառը, որը տարիներ առաջվանից մնացած «աբիժնիկությունն» է: Երկրորդ նախագահը Շիրխանյանին պատժել էր 1999-ի հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանի դիակը դեռ չսառած, իր թիմակիցների հետ պաշտոններ բաժանելու համար: Այդ ժամանակվանից սկսած նամակագիր «հերոսը» աչքի է ընկել Քոչարյան և Արամ Սարգսյան հակադրությունը խորացնելու փորձերով, քանի որ այդ ժամանակ էլ նա պլանավորել էր արդեն Արամի միջոցով հասնել պաշտոնի բարձրացման, սակայն այդ դեպքում էլ երկար չձգեց և կրկին դավաճանեց իր ղեկավարին:
Շիրխանյանը 2000 թվականին, Արամ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հեռացման հրամանագրի թանաքը դեռ չչորացած, ԱԺ–ում հայտարարեց, որ ճիշտ է համարում Քոչարյանի որոշումը: Նողկալի է, երբ պատկառելի տարիքի հասած տղամարդը իրեն պահում է դասական անբարոյականի պես և պատրաստ է մի փոքր ուշադրության կամ գումարի համար իրեն հանել վաճառքի»։
Hayeli.am-ը գրում է․ «Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը, որում նա ծավալուն պատմում է սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Քոչարյանի փոխհարաբերությունների մի քանի դրվագներ ու իրեն ներկայացնում Վազգենի հավատարիմ զինակից, Վազգենի մտերիմների մոտ ոչ հաճելի հիշողություններ է արթնացրել: Մասնավորապես Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից մեկ տարի անց Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը հետ է հրել ու թույլ չի տվել, որպեսզի Շիրխանյանը ողջագուրվի իր հետ. «Հեռու գնա սպիտակ թուրք» մոտավորապես այսպես է բնորոշել նա Շիրխանյանին: Նման վերաբերմունքի պատճառը վերջինիս՝ Վազգենի մասին հայտարարություններն են եղել, վարչապետի պաշտոնից Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը նույնպես Շիրխանյանը դրական ու ճիշտ քայլ է համարել, ասելով, որ Արամ Սարգսյանը չէր համապատասխանում այդ պաշտոնին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը