22 03 2019

Մի՛ բացիր պանդորայի արկղը․ առաջին հերթին դա չի բխում քո շահերից․ Zham.am

Մի՛ բացիր պանդորայի արկղը․ առաջին հերթին դա չի բխում քո շահերից․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Երբ ամիսներ առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը ամբողջովին բացահայտված է , իսկ մեղավորներն էլ հայտնի են, մենք զգուշացրեցինք Փաշինյանին, որ իր գործելաոճի այս ձևը վտանգավոր է, քանզի պատմության դառը էջերի բացումը անխուսափելիորեն իր հետ քաղաքական մանիպուլյացիաների դաշտ է տեղափոխելու և իր հետևից բերելու է 1999-ի հակտեմբերի 27-ի խնդրի քննարկման:

Հետո սկսվելու է քննարկվել 1998-ի իշխանափոխության խնդիրը, և վերջապես վերադառնալու ենք այս շղթայի ակունքին՝1996-ի դեպքերի քննարկմանը: Քանզի 96-ը դարձավ այն հիմնական պատճառը, որից հետո եղան 1998-ի իշխանափոխությունը, հետո, հոկտեմբերի 27-ը, հետո մարտի 1-ը: 98-ը,  Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, յուրօրինակ 96-ի հետևանքներն էին:

 Բայց ինչքանո՞վ է ճիշտ Փաշինյանի համար՝ վերադառնալ անցյալի դառը խնդիրներին, որը հանրությանը բաժանելու է տասը մասի: Կարծում ենք, որ կարճ ժամանակ անց Փաշինյանը կհասկանա, որ այդ խնդիրները արժեր քննարկել, երբ երկրում հաստատված լիներ կայուն իրավիճակ, տնտեսությունը զարգանար, ղարաբաղյան խնդիրը ցնցումներ չառաջացներ և այլն:

Մինչդեռ, երբ այս ամենը բացակայում է, ապապատմական էջերի քննարկումները դառնում են մանիպուլյացիաների առարկա, քանզի դրանք լոկ պատմական բնույթ չեն ունենում: Դրանք դառնում են պատմա-քաղաքական մանիպուլյացիայի առարկաներ, որոնց քննարկումները պղտորելու են հանրային մթնոլորտը, էլ ավելի են պառակտելու  հանրությունը, իսկ վերջնարդյունքում երկրում հաստատվելու է գաղջ մթնոլորտ, որի պարագայում ոչ ներդրումներ կլինեն, ոչ էլ՝ տնտեսական զարգացում: Բայց այդ իրավիճակում ժամանակը կսկսի աշխատել Փաշինյանի դեմ, քանզի ինքն է իշխանությունը և ինքն է կրելու տնտեսության և սոցիալական վիճակի պատասխանատվությունը երկրում:  Իսկ  այդ պարագայում երկրի հետագա ստագնացիոն վիճակի համար ինքը՝վարչապետը կլինի գլխավոր մեղավորը և արդյունքում, կարճ ժամանակ անց, նրա քաղաքական պարտությունը կդառնա անխուսափելի:

Բայց միթե պարզ չէ Փաշինյանի համար, որ այս սցենարը իրեն ձեռնտու չէ: Այօր դա կարող է ձեռնտու լինել մի նեղ խմբակին, ովքեր ապրում են անցյալով, «աբիժնիկ են» և բացի ատելությունից այլ զգացմունքներ չունեն: Այդ մարդիկ են տարիներ շարունակ թունավորում երկրի մթնոլորտը: Բայց դա չպիտի շահավետ լիներ Փաշինյանին ու նրա թիմին:

Դժվար է ասել, թե Փաշինյանը կարող է հետ պտտեցնել  այս գործընթացը, թե՝ ոչ: Սակայն պարզ երևում է, որ այս գործընթացի հետագա խորացումը ուր է տանելու երկրին:

Իսկ եթե, աստված չանի, այս ամենի արդյունքում երկիրը թուլանա ու պարտություն կրի   ղարաբաղյան հարցում՝ թե ռազմական, թե դիվանագիտական ուղղությամբ,  ապա դրա արդյունքում կարող է առաջանալ նոր իրավիճակ, որտեղ կլինի հետևյալ տրամաբանական հարցադրումը:

Իսկ միգուցե այս խառնաշփոթը կանխամտածված էր, պլանավորված  և իրագործված մեր հակառակորդների կողմից:

Կարդացեք Թուրքիայի ու Ադրբեջանի գաղտնի ծառայությունների շրջաբերականները Հայաստանի վերաբերյալ և կտեսնեք, որ այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, թե  ինչ գաղափարներ պիտի սերմանել հայերի մեջ.

-հայերն ու ղարաբաղցիները տարբեր ազգեր են,

-ղարաբաղյան կլանը թալանում է հայաստանցիներին,

-եթե հայերը զոհաբերեին Ղարաբաղը, ապա կստանային մեծ օգուտներ Թուրքիայից ու Ադրբեջանից, և Սերգոն վերջապես լավ կապրեր,

-Հայաստանի գլխավոր թշնամին Մոսկվան է, և այդպես շարունակ:

Իհարկե մենք էլ ունենք մեր շրջաբերականները, որ թալիշներն ու լեզգինները ադրբեջանցի չեն, որ  սյունիները հալածում են շիաներին: Բայց բանից պարզվում է, որ նրանք մեր դեմ ավելի լավ են աշխատում, քան՝ մենք իրենց դեմ:

Կարծում ենք, որ ոչ Փաշինյանին, ոչ էլ ազդեցիկ մյուս այլ շրջանակներին շահավետ չէ գործընթացների նման զարգացման ուղին:

Եվ եթե դեռ հնարավոր է, կողմերը պիտի ամեն ինչ անեն, որ դուրս գան այս վտանգավոր շրջապտույտից, որը կխորտակի երկրի ապագան:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ