21 03 2019

Տարածքների հանձնումը Արցախի ու ՀՀ անվտանգության համակարգի փլուզումն է. Արցախի ԱԳՆ

Տարածքների հանձնումը Արցախի ու ՀՀ անվտանգության համակարգի փլուզումն է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին։

Արցախի ԱԳՆ-ն հարցազրույցում անդրադարձել է ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գործընթացին։

Անդրադառնալով խորհրդատվությունների ակտիվացմանը` նա նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև հանդիպումների ինտենսիվացումը կապված է միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու ձգտման հետ:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բանակցային գործընթացում Արցախին ներգրավելու անհրաժեշտության մասին, ինչպե՞ս է ինքը տեսնում այդ գործընթացը, Մայիլյանը պատասխանել է. «Եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտը նույն մոտեցումներն ունեն: Ժամանակը ցույց է տվել, որ հենց եռակողմ ձևաչափն է ամենարդյունավետը եղել:  Հենց այդ ձևաչափով հաջողվեց ձեռք բերել միակ զգալի արդյունքը` կրակի դադարեցման մասին` 1994 թվականի եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց ՌԴ-ի միջնորդությամբ: Եռակողմ բանակցային ձևաչափի հաջողության բանաձևը շատ պարզ է` կողմերից յուրաքանչյուրն ուղիղ ներկայացնում էր իր շահերը և քննարկում իր իրավասությունների մեջ մտնող հարցերը»:

Ինչպես բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանը չի պատրաստվում Ստեփանակերտի մասնակցությունը որպես նախապայման դնել, սակայն բանակցությունները վարելու է միայն իր անունից: Սա նշանակում է, որ բացառապես Արցախի Հանրապետության իրավասությունների և լիազորությունների շրջանակում գտնվող հարցերը չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով: Այս մոտեցումն օբյետիվ է ու, մեր կարծիքով, կարող է դառնալ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մեխանիզմներից մեկը»,-ասել է պաշտոնյան:

Հարցին` ԼՂ հակամարտության կարգավորման նախագծերի ճնշող մեծամասնությունը ենթադրում է ԼՂՀ-ի տարածքի կրճատում, ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ մտքին, Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է․

«Քանի որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ չէ, հիմնախնդրի՝ տարածքային զիջումների հիման վրա լուծման հնարավոր ուղիներ գտնելն անհեռանկարային է ու չի արտահայտում հակամարտության էությունը: 1988թ., երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը գտնվում էին Բաքվի վերահսկողության ներքո։ Այս փաստը վկայում է այն մասին, որ հակամարտությունը տարածքային վեճ չէ: Այսինքն՝ չնայած, որ այդ տարածքները վերահսկում էր ադրբեջանական կողմը, այնուհանդերձ՝ հակամարտություն կար:

Ուստի անտրամաբանական է ենթադրել, որ Արցախի տարածքային զիջումների դեպքում հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորման:

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ այդպիսի առաջարկները վերաբերում են Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի համար «կարմիր գծերից» մեկը համարվող անվտանգության հարցին: Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացմանը տանող ուղիղ ճանապարհն է։ Այն կվտանգի բնիկ ժողովրդի գոյությունն իր պատմական հայրենիքում»,-ասել է Մայիլյանը:

Արցախի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հասկացվում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ Սյունիքի մարզի և անգամ մայրաքաղաք Երևանի գրավումը:

«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին պետք է  լուրջ վերաբերվել ու չհեշտացնել նրա՝ դեպի ռազմավարական նպատակ տանող ճանապարհը։

Հիշեցնեմ, որ Արցախի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է անցյալին վերադառնալու անհնարինության և անթույլատրելիության մասին` ինչպես կարգավիճակի հարցում, այնպես էլ` տարածքների: Բացի այդ` 2009 թվականի հուլիսի 17-ից հետո, երբ հրապարակվեցին միջնորդների մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ խեղաթյուրված բանակցային գործընթացի վերագործարկման անհրաժեշտության, Արցախի` բանակցային գործընթաց վերադարձի մասին: Արցախի Հանրապետության այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում»,- ասել է նա։

Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին` Մայիլյանը նշել է, որ դեռ վաղ է խոսել է ընտրությունների հետ կապված ծրագրերի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ