12 03 2019

Մեզ ներսից քանդող ատելության մթնոլորտը

Մեզ ներսից քանդող ատելության մթնոլորտը

Գեղամ Նազարյանը գրում է․ «Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մեկ անգամ եւս վեր հանեց մեր հասարակության թերությունները, բացերը եւ այն ատելության մթնոլորտը, որ թեւածում է մեր երկրում:

Համանախագահների հայտարարությունը նաեւ ցույց տվեց, որ մենք ունենք հատվածական հիշողություն, որ մեր երկրում, ցավոք, իշխում է անցած դարի 30-ականների մթնոլորտը, եւ որ մենք՝ որպես պետություն ունեցող ազգ, դեռ չենք ձեւավորվել:

Հիմա չխորանանք համանախագահների հայտարարության մեջ, այլ անդրադառնանք հասարակության տարբեր խմբերի արձագանքին:

Այնպիսի տպավորություն է, կարծես շատ քչերին է հետաքրքրում Մինսկի խմբի համանախագահների հայտարարության բուն տեքստը: Շատ քչերն են փորձում վերլուծել, հասկանալ, հետեւություններ անել: Գերակշիռ մասի համար սա լավ առիթ է ատելության հերթական չափաբաժինը մթնոլորտ արտանետելու համար:

Եւ այս մթնոլորտը ձեւավորվում է իշխանության վերեւներից եկող ազդակներից, էներգետիկայից, ագրեսիվությունից:

Հիմա նրանք, ովքեր դեռ պաշտում են Նիկոլ Փաշինյանին, շտապեցին հայտարարել, թե նման հայտարարության մեղավորները Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն են: Նրանց անգամ չի հուզում, որ մինչեւ հիմա Փաշինյանը եւ իր թիմը Արցախի հարցի լուծման իրենց տեսլականը հստակ չեն հայտնել կամ հրապարակել:

Մեկ այլ խումբ սկսեցին մեջբերումներ անել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածից՝ ավելացնելով, որ եթե այն ժամանակ լսեիք նրան, ապա վաղուց հարցը փակված կլիներ:

Հետո բանավեճի ընթացքում հերթական ատելության արտանետումներն է տեղի ունենում եւ ոչ մի կառուցողական քննարկում եւ ոչ մի շահագգիռ քննարկում: Այնպիսի տպավորություն է, որ սա պարզապես առիթ է միմյանց նկատմամբ ատելությունը արտահայտելու համար:

Այս ամենը, ցավոք, հիշեցնում է 1930-ականները, երբ մրցակցություն էր տարբեր խմբերի միջեւ, թե ով ավելի շատ «գործ կտա», որի հետեւանքով տուժում էին բոլորը, բայց համընդհանուր մղձավանջի մեջ շատ քչերն էին նկատում իրական պատկերը:

Եւ հիմա, երբ ասում են, որ հատկապես հիմա Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Արցախի պատերազմում մեծ ավանդ ունեցող զինվորականների անդադար հարցաքննությունները թուլացնում են մեր դիրքերը, ատելությամբ լցված խմբերը սկսում են նոր ձերբակալություններ պահանջել, ավելի խիստ դատավճիռ են պահանջում, միայն թե բավարարեն իրենց նեղ անձնական եւ խմբակային շահերը, իսկ պետության մասին նրանք չեն էլ մտածում, նրանք դեռ պետություն ունեցող ազգի ներկայացուցիչ չեն: Նրանց համար կարեւորը նեղ անձնային եւ խմբակային բավարարվածությունն է:

Համոզված եմ, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ քչերն են կարդացել: Շատերը խոսում են այդ հայտարարությունից միայն սրանից կամ նրանից ինչ–որ կարծիք լսելուց հետո: Խոսում են, ոչ թե որ մտահոգ են Արցախի հարցով, այլ պարզապես լավ առիթ է ինքնադրսեւորվելու համար:

Ատելության մթնոլորտում զարգանում է նաեւ կեղծ հայրենասիրությունը, եւ հիմա ոմանք մնում է՝ վերնաշապիկներ հագնեն, որի վրա գրված կլինի՝ ոչ մի թիզ հող թշնամուն, կամ անգամ իրենց մարմնի վրա դաջեն այդ կարգախոսը: Եւ կրկին տուժում է բանականությունը, եւ կրկին տուժում է առողջ միտքը, եւ, մեծ հաշվով, երկիրը եւ ժողովուրդը:

Եւ այս իրավիճակում ամբողջ ծանրությունն ընկնում է այն փոքրամասնության վրա, որը ատելություն չի տածում որեւէ խմբի նկատմամբ, որը հատվածական հիշողություն չունի, եւ որը նեղ անձնական եւ խմբային շահը ստորադասում է պետության եւ ազգի շահին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ