Հրանտ Մելիք-Շահնազարյանը Times.am-ում գրում է.
«Պաշտոնական Երևանը «բնական» և «սովորական» որակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախօրեին տարածած հայտարարությունը։ ԱԳՆ-ն սկզբից փորձեց հանրության ուշադրությունը շեղել այդ տեքստից՝ հրապարակ նետելով ամորֆ և բացառապես ադրբեջանական կողմին ուղղված անբովանդակ մի հայտարարություն։ Հետո, երբ հասկացան, որ դրանով էլ ավելի շատ կրքեր են բորբոքել, որոշեցին արդեն վարչապետի մակարդակով մարդկանց փորձել հանգստացնել։ Սկզբից Վլադիմիր Կարապետյանն է հանդես գալիս վերոնշյալ գնահատականներով, հետո արդեն անձամբ Փաշինյանն է դերասանի իր հագուստը հագնում և «համոզում», որ ամեն ինչ լավ է։ Իբր թե՝ տեսեք, հանգիստ գիրք եմ կարդում։
Իսկ պաշտոնական Բաքուն ահա ողջունում է միջնորդների դիրքորոշումը։ Ադրբեջանում, երևում է, գոհ են դեպքերի նման զարգացումից։ Ի՞նչ վատ է որ. առանց մեծ ջանքերի ձերբազատվեցին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի կապանքներից, ըստ էության հաշտվեցին և կրկին իրենց դաշտ բերեցին միջնորդներին, հիմա էլ անհամբեր սպասում են, որ մոտ օրերս Հայաստանին բանակցություններից խուսափելու և ըստ էության բանակցությունները տապալելու պաշտոնական մեղադրանք ներկայացնեն։ Իհարկե՝ կրկին համանախագահների կնիքով հաստատված։
Այս սցենարով պատերազմն անխուսափելի է թվում։ Երեկվանից մի շարք իշխանամետ գործիչներ համոզում են մարդկանց, որ «Նիկոլը հող չի հանձնելու, նման թուղթ չի ստորագրելու»։ Ստեղծված իրավիճակի նման... մեկնաբանություն ասեմ, թե՞ արդարացում՝ ամենահիմար բանն է, որ կարող էր անել այսօրվա իշխանությունը։ Գիտենք, որ չի հանձնելու։ Չի կարող։ Բայց խոսքը դրա՞ մասին է։
Այս մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ Փաշինյանի առջև նման պահանջ ոչ ոք չի էլ դնելու։ Նրանք չեն տեսնում, որ Ադրբեջանը ոչ միայն ձերբազատվում է իր ագրեսիան զսպող քաղաքական բոլոր գործոններից, այլև պայմանավորվածություններ է ձեռք բերում նույն այն ուժերի հետ, ովքեր կարող են և պետք է խոչընդոտեին ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցն իր օգտին լուծելու Ալիևի ծրագրերին։ Նրանք չեն գիտակցում, որ կանգնել են պատերազմի շեմին ու որ այդ պատերազմի պատասխանատվությունն ամբողջությամբ դրվելու է Հայաստանի ուսերին…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը