Politik.am-ը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահի ձեռքերով ցանկանում է խնդիրներ ստեղծել Սահմանադրական դատարանի համար, ինչպես որ դա արդեն արել է այլ դատարանների դեպքում թե իր սկանդալային և պաշտոնատար անձին ոչ վայել հայտարարություններով, թե հատկապես սկանդալային գաղտնալսումների միջոցով բացահայտված դատավորների ուղղոդմամբ: Ինչպես կարելի է այլ կերպ բացատրել այն կատաղի համառությունը (այլ կերպ դժվար է բնութագրել), որով Հանրապետության նախագահը վարչապետի շատ մտերիմ և հովանավորյալ փաստաբան Վահե Գրիգորյանին արդեն երկրորդ անգամ փորձում է դարձնել Սահմանադրական դատարանի դատավոր: Միթե նրանց թվում է, թե մեր լայն հասարակությունն այդքան կարճատես է, որ չհասկանա այն, ինչը պարզից էլ պարզ է իրավաբանական հանրության համար:
Սույն թվականի փետրվարի 23-ին “Արմդեյլի նյուս” կայքում (…) արդեն իսկ հոդված է հրապարակվել, որում մանրամասն անդրադարձ է կատարվում Վահե Գրիգորյանի թեկնածության հնարավոր երկրորդ առաջադրմանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Մեր հերթին անդրադառնալով խնդրին, ցանկանում ենք հանրության ուշադրությունը հրավիրել քաղաքական կոռուպցիայի այս դրսևորման վրա, երբ Հանրապետության նախագահը՝ հնազանդվելով վարչապետի հրահանգներին, կապտորեն անտեսում է Սահմանադրությունը և օրենքը և նրա թեկնածուին փորձում է կրկին առաջադրել իր անունից: Մեկ անգամ հայտարարված շինծու մրցույթի արդյունքում նախորդ խորհրդարանում ձախողվելուց հետո Հանրապետության նախագահը նոր «մրցույթ է» հայտարարել, որին կրկին մասնակցելու է Վահե Գրիգորյանը:
Նախ՝ հեռու ենք այն մտքից, որ հմուտ իրավաբան Վահե Գրիգորյանն արկածախնդիր անձ է և դիմել է Հանրապետության նախագահի կողմից կազմավորված խորհրդակցական խմբին հենց այնպես իր բախտը կրկին փորձելու համար: Պարզ է, որ ինքը պետք է ստացած լիներ երաշխիքներ, որ ամենայն հավանականությամբ կրկին առաջադրվելու է այդ պաշտոնում, որպեսզի մասնակցեր այս կեղծ գործընթացին:
Այս կաակցությամբ պետք է նշել, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը պահանջում է, որպեսզի մեկ անգամ ձախողվելուց հետո Ազգային ժողովին առաջարկվի նոր թեկնածու: Այն մարդիկ, որոնք լուրջ դեմքով կարող են պնդել, թե նոր խորհրդարան է ընտրվել և ցանկացած հին թեկնածու նոր է, թող պարզապես կարդան Սահմանադրությունը և օրենքը և իրազեկվեն, որ այս պահանջը վերաբերում է առաջադրող մարմնին, տվյալ դեպքում՝ Հանրապետության նախագահին, այլ ոչ թե ընտրող մարմնին՝ Ազգային ժողովին: Հետևաբար, աճպարարությունը համատեղելի չէ առնվազն սահմանադրական օրենքի հետ, եթե չասենք նաև Սահմանադրության:
Ինչ վերաբերում է նոր «մրցույթի» անվան տակ հին թեկնածուին նորից ընտերելու և որպես նոր թեկնածու Ազգային ժողովին առաջարկելու հնարավոր արդարացումներին, ապա հարկ է հիշեցնել, որ հնի և նորի միջև տարնջատում դրել է արդեն իսկ Սահմանադրությունը՝ վարչապետի թեկնածուի առումով: Սահմանադրության …համաձայն… Ակնհայտ է, որ վարչապետի ձախողված հին թեկնածուին երկրորդ անգամ առաջադրելիս առաջանում է իբրև թե նոր ընտրության պատրանք, մինչդեռ նոր ընտրությունը ենթադրում է միայն նոր թեկնածուի առաջադրում, հակառակ դեպքում Ազգային ժողովը անգործունակության հիմքով հնարավոր չի լինի արձակված համարել և պետությունը կընկնի խորը և անլուծելի սահմանադրական ճգնաժամի մեջ: Իհարկե, գուցե այս անալոգիան կաղում է, բայց հինը նորից տարբերելու համար անալոգիա պետք չէ՝ «ոզնուն» էլ պարզ է, որ թե առաջին «մրցույթը», որն անցկացվեց փոքրաթիվ (՜) իրավաբանների պահանջով, թե նորի միակ նպատակը Վահե Գրիգորյանի առաջադրումն էր: Չանդրադառնալով մրցույթ անցկացնելու լիազորության իսպառ բացակայության հարցին՝ հարկ է նշել, որ մեզանում չափազաց վտանգավոր ավանդույթ է դառնում այս կամ այն խմբերի պահանջներին տուրք տալը՝ առանց պարզելու անգամ, թե դրանք ում են ներկայացնում՝ տվյալ քուչի մարդկանց, թե նաև ամբողջ հանրությանը:
Ցանկանում ենք նշել, որ եթե Հանրապետության նախագահը տուրք է տվել ճնշումներին, ապա իր առաջարկությունը առոչինչ է, իսկ եթե նա գիտակցված է խախտում Սահմանադրությունն ու օրենքները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Եթե այս եղանակով է գործում Սահմանադրության պահպանմանը հետևող մարմինը Սահմանադրության պահապանի նկատմամբ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում ալ դատարաններում և ավելի ցածր օղակներում: Սա լակմուսի թուղթ է, որով կարելի է պարզել, արդյոք Հանրապետութան նախագահն իր տեղում է, թե ոչ, և արդյոք իշխանության հավաստիացումները կոռուպցիայի, այսինքն, նաև քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի և դատարանների անկախությունը սրբորեն ապահովելու, սահմանադրական կարգի վերահաստատման և օրինականության հաստատման մասին արժեն այն թղթի գինը, որոնց վրա գրված են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը