06 03 2019

Կործանիչ շրջադարձ․ Panorama.am

Կործանիչ շրջադարձ․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Ուրբաթ երեկոյան գործող վարչապետի հետ քայլելու էին եկել ամբողջ դպրոցներ` ուսուցչական կոլեկտիվների ուղղորդմամբ, ուսանող ու երիտասարդ քպական ակտիվիստները, գյուղապետերն ու քաղաքապետերը` իրենց հետևող աշխատակազմերով, պետական գերատեսչությունների ու հիմնարկների կոլեկտիվները` նախարարների, փոխնախարարների ու տնօրենների հսկողությամբ, իքական պատգամավորական կորպուսը` սպասարկող կազմով հանդերձ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ոստիկաններ, թիկնապահներ... Ամենաճոխ գնահատականով` ընդհանու թվով մոտ 8 հազար մարդ։

Այսպիսով. մարտիմեկյան ոճրագործության 11-րդ տարելիցի առիթով Փաշինյանի նախաձեռնած երթը բոլորովին «հուժկու» չստացվեց։ Ադմինիստրատիվ ու կուսակցական ողջ ռեսուրսի ներգրավմամբ տեղի ունեցած քայլերթը, մեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է համարել «ժողովրդի և կառավարության միասնության» դրսևորում։Հենց գործող վարչապետի հավաստմամբ` սա նշանակում է, որ կառավարությունը երերուն է, «անպարտելիության» պնդումը` պատրանքային։ Եվ ո՞ւմ դեմ է պայքարում կառավարությունը, երբ իր մեջ է ամփոփել նախկինում եղած թերություններն ու աննախադեպ բոլոր արատները և առանձնացել, բաժանվել է ժողովրդից։Թավշյա իշխանության ու իր երբեմնի հետևորդների տարրանջատման, ժողովրդի և Փաշինյանի միջև օրըստօրե մեծացող անջրպետի մասին են վկայում հեռակա լայվով սահմանափակվելու, ժողովրդային ելույթի սպասումը չկարևորելու, երթի մասնակիցներից մեկուսի ու թիկնազորով շրջապատված քայլելու, ապա և` իր հրավերին արձագանքածներին ուղղակի լքելու խիստ ծանրակշիռ գործոնները։ Իրենց այլևս անտերության մատնված են զգում Փաշինյանի բոլոր հետևորդները։

«Բա հետո՛ ի՞նչ է լինելու» հարցը տանջում է նրանց, քանի որ գործող վարչապետն ու իր իշխանությունը ո՛չ թե միլիմետրերով, այլ արդեն կիլոմետրերով են շեղվել «իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների առաքելությունից»։Դեռ երեկ արմատախիլ արված կառուպցիայի ու մենաշնորհների մասին ներքին ու արտաքին լսարաններում ճառող թավշյա վարչապետն այսօր ստիպված է խոստովանել, որ ստել է, որ անտեղյակ է ճշմարտությանը։ Ստիպված է հաստատել, որ իր գրեթե 10-ամսյա ամբողջատիրական կառավարման հետևանքով «այսօրվա Հայաստանում» արատավոր դրսևորումներ են ստացել «իշխանության վերնախավի հանցագործությունները, ապօրինությունները, իրավունքների ոտնահարումները, կաշառքի ու բռնության դեպքերը»։

Միաժամանակ, այս կերպ Փաշինյանը հստակ ցույց է տալիս, որ այլևս չունի ժողովրդի աջակցության կարիքը։Ակնհայտ է, որ երկրի ներքին կյանքում Փաշինյանին այլևս չի հաջողվում ոչինչ։ Թավշյա իշխանությունն այլևս ներքաղաքական ու տնտեսական, նաև մյուս բոլոր հարթություններում ամեն ինչ ձախողում է։ Մինչդեռ` արտաքին պատվերը և՛ Փաշինյանը, և՛ ըստ շահադիտությունների ու նպատակների պառակտվող ու խմբերի բաժանվող իշխանական վերնախավը կատարում է կատարելապես։Հենց այն, որ բացառապես պոպուլիզմի ալիքի վրա կատարված իշխանափոխությունը անթաքույց կոչվեց «թավշյա», (Ջին Շարփի ստրատեգիայով ու տակտիկայով և Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ իրագործվող գունավոր հեղափոխությունների ընդհանրական անվանումն է) իսկ այսօր ժողովրդավարության ու օրինականության բեռից ազատվելու և նկատելի այլ շրջադարձեր են կատարվում, միանգամայն այլ հարցադրումներ է առաջացնում։Ի սկզբանե զարմանալի էր, բայց արագ զարգացող իրադարձությունների համատեքստում պատասխանը չէր գտնում այն հարցը, թե` ինչո՞ւ է Փաշինյանն իր «իշխանափոխությունը» համառորեն շեշտված կոչում «թավշյա, աննախադեպ ու բացառիկ», երբ ակնհայտորեն` ԼՏՊ-ի 2008-ի հեղաշրջման փորձի շարունակությունն է և չեխոսլովակյանի, վրացականի, ուկրաինականի, սերբականի ու մյուս բոլորի ընդհանրացված տարբերակը։

Մինչդեռ Փաշինյանի ու թավշյա վերնախավի «հետհեղափոխական» քայլերը, ժողովրդի դերը գործնականում այլևս գրեթե անտեսելը, օրինականությունն ու արդարադատությունը պրակտիկորեն անձև ու անհայտ անցումային արդարադատությամբ փոխարինելը ավելի ու ավելի պարզորոշ է դառնում, որ իրոք, մեր երկրում Փաշինյանն աննախադեպ ու բացառիկ ծրագիր է իրագործում։Բանն այն է, որ մինչ այժմ բոլոր թավշյա հեղափոխությունների նպատակը եղել է լոկ իշխանափոխությունը` ինքնիշխան երկրի «անցանկալի» իշխանությունը «ցանկալիով» փոխարինելը։ Փաշինյանի ստանձնած «թավշյա» ավանտյուրան, ըստ էության, առաջին արտագունավոր, հետթավշյա «հեղաշրջման» փորձն է, որի հիմնական նպատակը` իշխանափոխության միջոցով պետության սուվերենությունը, երկրի ինքնիշխանությունը վերացնելն է։ Նույն հետթավշյա հեղաշրջման զուգահեռ տարբերակներից մեկն էլ այսօր փորձարկվում է Վենեսուելայում։

Չի բացառվում, որ Փաշինյանի գործողություններում հետհունվարյան այս կործանիչ շրջադարձն առաջինը նկատել է հենց նրա քաղաքական հոգեհայրը։ Եվ ԼՏՊ-ն բավարարվեց Փաշինյանից արագ սահմազատվելով։ Նա հարկ չհամարեց բացահայտել իր հոգեզավակի հետթավշյա միֆը, որը զուրկ է և՛ գիտակցությունից, և՛ տրամաբանությունից, և՛ բարոյականությունից, և՛ գեղագիտությունից, և՛ պատվից, և՛ խղճից, և՛ հիշողությունից, և՛ հիմքից։ Իսկ առաջին կործանիչ քայլն արդեն արված է` Իրանում»։

Սիմոն Գյուրջյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ