7or.am-ը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննում է պատմության դասագրքերի վերանայման հարցը։
«2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների շուրջ թյուր ինֆորմացիա է զետեղված դրանցում»,– այս մասին ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Կրթության և գիտության նախարարը չի ներկայացրել հանձնաժողովում ներառված անձանց ցանկը։ Բայց հույս ունենք, որ ներքոնշյալ անձինք դրանում կլինեն, քանի որ հույժ կարևոր դերակատարում ունեն ՀՀ նորօրյա պատմության մեջ, պատմության ընթացք են փոխել, ինչպես նաև ականատես են։ Նրանց հաղորդած տեղեկությունները կարող են լինել ոչ միայն հավաստի ինֆորմացիա, այլ՝ որպես ցուցմունք պատմության ու ժամանակի առջև։
Եվ այսպես.
Պետք է այդ հանձնաժողովում անպայմանորեն ներառել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա կնշի, անկախության համար պայքարի մասին, իր նախագահության ժամանակաշրջանի մասին, գործարանների կոպեկով մասնավորեցման, այն ժամանակվա թալանի մեխանիզմների մասին, պետության սրընթաց սնանկացման մասին, էներգետիկ ճգնաժամի, տալոնով հացի ու ժամով լույսի մասին։ Հուշեք, որ չմոռանա նշել ամենակարևոր բանը՝ ինչպես 95 թվականին իր համար կեղծվեց ընտրությունն ու 96-ին իրականում տապալվեց սահմանադրական կարգը՝ բանակով, տանկերով և այլն։
Լևոն Տեր-Պետրոսյանն արժեքավոր տեղեկություն կտա, թե ինչպես Ցեղասպանությունից ի վեր առաջին անգամ հայ ժողովրդի հսկայական գաղթ տեղի ունեցավ իր երկրից, այս ամենը խնդրեք՝ թվերով նշի։ Չի մոռանա, իհարկե, նշել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու՝ բանակի գեներալների և անկարգությունների միջոցով, փորձի մասին, որը, բարեբախտաբար, կասեցվեց և դժբախտաբար՝ արդյունքում եղան զոհեր, որոնք պետք է ծանրային իր խղճին, բայց հակառակը՝ այդ օրվանից ի վեր նա հանգիստ է քնում։
Պատմության դասագրքի փոփոխման խմբում անպայմանորեն պետք է ներառել վերջերս նորից ակտիվացած Գագիկ Ջհանգիրյանին։ Չէ՞ որ նա մեծ ավանդ ունի Հայաստանում պատմության ընթացքը փոխելու և 1995 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ։ Պարոն Ջհանգիրյանն անպայման կպատմի՝ ինչպես իրար խառնեց ընտրացուցակները, մեռելներին ու ողջերին, որ մինչև էսօր նրանց առանձնացնել չի ստացում։ Իսկ 2008 թվականին, լինելով զինվորական դատախազ, ինչպես էր Ազատության հրապարակ շտապում՝ Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ պետական հեղաշրջման միջոցով իրականացնելու վաղեմի երազանքները։ Ընտրությունների հաջորդ օրը ինչպես էր կազմակերպում Տեր-Պետրոսյանի հետ ՊՆ փոխնախարարների հանդիպումները («Ման–վե՛լ, Ման–վե՛լ»)՝ բանակը իրենց քաղաքական խաղերի մեջ մտցնելու նպատակով։
Այդ ցանկում անպայման պետք է ներառել Սասուն Միքայելյանին։ Նա երեք անգամ խոշոր դերակատարում է ունեցել Հայաստանի պատմության համար․ 1-ին անգամ 90-ականներին էր՝ ընտրությունները խայտառակ կեղծելու ոսկե ժամանակաշրջանում, երկրորդ անգամ՝ 2008 թվականին, երբ դարձյալ ատամներով ուզում էին պահել հրապարակն՝ իշխանազավթման փորձ անելով, և երրորդ անգամ՝ 2018 թվականին՝ դարձյալ սահանադրական կարգ տապալելով, փողոցները կաթվածահար անելով և իշխանափոխություն իրականացնելով։ Պատկերացնո՞ւմ եք, մարդ, որը երեք անգամ սահմանադրական կարգին վտանգ է սպառնացել ու երկու անգամը հաջողել, ինչպե՞ս չներառել պատմության դասագիրքը վերաշարադրողների ցանկում։ Դա աններելի սխալ կլինի անգամ Արայիկ Հարությունյանի կողմից։
Այդ ցանկում պետք է ներառել այժմ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որի միայն հեռախոսազրույցները լույս են սփռում և ամբողջացնում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների իրական պատկերը։ Հիշում ենք, նա հեռախոսով հրահանգում էր, թե ինչպես, որտեղից կազմակերպեն մարտի 1-ի ավերն ու թալանը։ Ուշադիր եղեք չմոռանա պատմել, թե ինչպես էին ամբոխին հեռվից բարձրախոսով գոռռում «անվտանգա, ոչ մի վտանգավոր բան չկա, մի բան արեք, յա՛հ»՝ ուղարկելով ոստիկանական ուժերի հետ բախման՝ քաջ իմանալով, որ զոհեր կան արդեն։
Շատ կարևոր է այդ հանձնաժողովում ներառել Սասուն Խաչատրյանին՝ միջակից ցածր իրավական գիտելիքներով օժտված ՀՔԾ պետին, որը կարողացավ պատմության մեջ առաջին անգամ անգրագիտություններով ողողված քրեական գործ կարել, բայց և մեղադրանքներ առաջադրել Հայաստանի ու Արցախի համար վճռորոշ դերակատարում ունեցող անձանց։
Ի դեպ, Սասուն Խաչատրայնը (որքան շատ են սասունները նիկոլի թիմում) այն մարդն է, ով իր վրա վերցրեց Տեր–Պետրոսյանի հնչեցրած քաղաքական հայտարարության տեքստը դնել Քոչարյանի դեմ մեղադրական եզրակացության հիմքում։ Ըստ տեղեկությունների՝ նրան լևոնական Վահե Գրիգորյանի առաջարկով բերեցին ՀՔԾ ղեկավար։ Մինչև այդ նա շատ վատ համբավ ուներ համակարգում, քանզի օդում կախված լուրերի համաձայն՝ թաթախված էր եղել մի շարք կոռուպցիոն սկանդալների մեջ։ Համ էլ՝ Սասունը հայտնի գաղտնալսման հերոսներից է ու նրան պատմություն վերաշարադրողների մեջ չներառելը մեծ սխալ կլինի։ Չէ՞ որ զանգովի արդարադատությունը պետք է կոնկրետ մարմնավորում ունենա։
Չմոռանաք ներառել Անդրանիկ Քոչարյանին, որը նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի պատվերով փաստահավաքն էր, որը մարտի 1-ին հավաքել էր բացառապես այնպիսի փաստեր, որոնք կարդարացնեն խանութ թալանող, ավտոմեքենա հրկիզող ամբոխին և դրանց կազմակերպիչներին, իսկ, օրինակ, ցուցարարների կողմից կրակոցները ոստիկանության ուղղությամբ, չտեսնելու կտար։ Նա շատ կարևոր դերակատարում ունեցավ պատմության մեջ, չէ՞ որ հենց նրա տեքստերով ու «ձևակերպած փաստերով» քննչական մարմինը գործի անցավ ու գործ «կարեց»։
Պատմության դասագրքերի փոփոխման հանձնաժողովում, անկասկած, պետք է չմոռանաք ներառել Նիկոլ Փաշինյանին։ Նա երկու անգամ դերակատարություն է ունեցել նորագույն Հայոց պատմության մեջ և զարմնալիորեն, երկուսն էլ պատմության համար բացասական․ 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունները հրահրելով՝ ամբոխին անկառավարելի դարձնելուց հետո պարզապես փախավ, և երկրորդ անգամ, արդեն, եկավ կատարելապես հաջողված փորձով։ Նա, արդեն շատերի գնահատականով, Հայոց պատմության այն գործիչն է, որին կհաջողվի ջնջել 5 հազարամյա մեր պատմական կենսագրությունը։ Նա պետական կառավարման համակարգը մեծապես լցրել է անհայրենիք, անուղեղ, անփորձ դեմքերով, որոնց մեծագույն մասը պարզապես հակապետական գործունեություն է ծավալում, ընդ որում՝ չթաքցնելով։
Նիկոլ Փաշինյանին, սակայն, կարելի է ներառել մի քանի ոլորտի դասագրքեր փոփոխելու հանձնաժողովներում․ օրինակ՝ իրավաբանության։ Չէ՞ որ զանգովի արդարադատությունը, հրապարակային սպառնալիքներն ու պատվերներ տալը, անձնական, իրավական գաղտնիք իր կողմից հրապարակելը կարևոր օրինակներ են՝ ցույց տալու համար իրավաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին, թե ինչը պետք է մերժվի արդարադատության ոլորտում։
Բայց պետք է չմոռանալ Նիկոլ Փաշինյանին ներառել նաև լրագրության վերաբերյալ դասագրքերի կազմման հանձնաժողովում․ նա վստահաբար կսովորեցնի, թե ինչպես ատելություն սերմանելով՝ ֆեյքնյուզի օգտագործմամբ տապալել սահմանադրական կարգը, շանտաժով և ստի գերագույն դոզայով գալ իշխանության։
Շատ շատերին կարելի է ներառել այդ դասագրքաստեղծ գործունեության մեջ, այդ թվում՝ ԿԳ նախարարին՝ որպես բացառիկ անտաղանդ կառավարչի։
Այո՛, մարտի 1-ի անվան փաշինյանական կառավարությունում հանձն են առել վերաշարադրել Հայոց պատմությունը։ Փոխել պետք է ամեն ինչ՝ մարդկանց, հիմնը, պատմությունը, ժողովրդին։
Այսպես է լինում, որ բոլորին ակնհայտ է դառնում, որ իրականում իշխանություն փոխելու անհրաժեշտությունն է, ոչ թե պատմությունը կամ հիմնը։
Շարունակե՛ք, պարոնայք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը