Գևորգ Պետրոսյանը գրում է․
«Անշուշտ, մարտի 1-ը մեր իրականության ցավոտ կողմերից է…Առնվազն տասը ընտանիք շատ ավելի լավ է հասկանում՝ ինչի մասին է խոսքը, և որքան մեծ է ցավը։ Բայց, մի հարցնող լինի իշխանության այժմյան պատասխանատուներին՝ ի՞նչ եք արել տասը զոհերի ընտանիքների համար։ Հերիք չի՞ շոուներով կերակրել մարդկանց։ Մարտի 1-ի զոհերն ազնիվ մարդիկ են եղել, խաբվել են առաջնորդներին, ովքեր օրացույցի մյուս օրերին իրենց պարտավոր չեն էլ համարել հիշել այդ նույն զոհերի ընտանիքների խնդիրները…Ու հիմա ելել են քայլի՞…Առնվազն ծիծաղելի է…»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության աշխատակազմի տակ գործող ՊՈԱԿ-ը բացել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն», որտեղ «պայքարելու են կեղծ լուրերի դեմ» (դասական լեզվով՝ «ճշտի նախարարություն»):
Իմ բարեկամ Էդուարդ Աղաջանյանին ուզում եմ հիշեցնել, որ Կառավարությունը դատարան չի, որպեսզի որոշի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Կառավարությունը կարող է անել միայն այն, ինչ բխում է Սահմանադրությունից և օրենքներից:
Ավելին՝ խախտվել է նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ»:
Մենուա Հարությունյանը գրում է․
«Եթե «մարտի 1»-ը լիներ օրինակ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում՝ Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և մյուս կազմակերպիչները կորակվեին պետական դավաճաններ ու կնստեցվեին էլեկտրական աթոռին կամ ցմահ կդատվեին, քանզի ցանկացած ժողովրդավարական և պետական մտածողությամբ առաջնորդվող երկրում «մարտի 1»-ը դիտարկվելու էր իշխանությունը փողոցով բռնազավթելու և սահմանադրական կարգը տապալելու փորձ, և հենց նման մտածողությունն է հզորացրել և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան․․․
Բայց երբ «մարտի 1»-ը տեղի է ունենում օրինակ Հայաստանում, նույն ԱՄՆ-ն և Արևմտյան այլ պետություններ սկսում են տակից օգնել, խրախուսել Տեր-Պետրոսյանի և Նիկոլի տեսակը, քանզի այս տեսակի ամեն գնով իշխանության գալու ձգտումները օգտագործելով՝ Արևմուտքը քանդում է մեր պես պետությունների պետական համակարգերն ու իմունիտետը, որպեսզի դառնանք խաղալիք ԱՄՆ-ի կամ այլ Արևմտյան երկրների ձեռքում..
Որքան շուտ հասկանանք, որ մարտի 1-ին Նիկոլենք փորձել են բռնազավթել իշխանությունը, տապալել մեր պետության սահմանադրական կարգը՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնների և որոշենք, որ այլևս երբեք թույլ չենք տալու որևէ մեկին փորձ անելու փողոցի ուժով իշխանափոխության հասնելու և սահմանադրական կարգը տապալելու, այդքան շուտ մեր պետությունը կսկսի զարգանալ և դառնալ մրցունակ տնտեսություն ունեցող, իսկ եթե չհասկանանք , մենք ուղղակի ինչ-որ պահի կրկին կանգնելու ենք պետականության կորստի փաստի առաջ․․․»։
Միհրան Հակոբյանը գրում է․
«Թեև պատմությունն ամենաքաղաքական դիսցիպլինն է, բայց պատմության հետ խաղալը, փաստերն ուզածդ լույսի ներքո ներկայացնելը երբեք և ոչ մի տեղ լավ բանի չեն բերել: Հայոց պատմության հատկապես նոր և նորագույն շրջանի հետ ամենաշատը խաղացին կոմունիստները: Գաղափարախոսական պետության մեջ չէր կարող պատմությունը` որպես ագիտպրոպի առանցքային երևույթ, չգաղափարախոսականացվել, հատկապես երբ կային երկաթյա վարագույրն ու տեղեկատվական տոտալ վերահսկողությունը: Երրորդ հանրապետության շրջանում հայոց պատմության բազմաթիվ դրվագներ արդարացիորեն ներկայացվեցին այլ լույսի ներքո, բայց դեռ բավականին մեծ աշխատանք կա անելու թե՛ գիտական անաչառության և թե՛ պատմական փաստերն ունիվերսալ ճշմարտության հուն մտցնելու և պահի քաղաքական կոնյուկտուրայից հեռու պահելու առումով:
Սովետական պատմագիտությունը Պապ թագավորի կերպարի և այդ շրջանի իրադարձությունների մասին սեփական մեկնաբանությունն ուներ: Պապի մասով աթեիստական-հակաեկեղեցական պետության տեսակետը չէր կարող հակաեկեղեցական և «հակաարևմտյան» չլինել․ չէ՞ որ այդ շրջանի «Արևմուտքը» Բյուզանդիան էր: Ի դեպ, հայկական ընկալումներում Կոստանդնուպոլսի անկումից հետո «Արևմուտքը» դարձավ Ֆրանկների երկիրը, հետո` Բրիտանական իմպերիան, հիմա՝ արդեն Միացյալ Նահանգները: Իրականում սովետական պատմագիտության կողմից «սրբադասված» Պապ թագավորի կերպարն` իր ռեֆորմներով հանդերձ, վիճելի է թե՛ գիտական, թե՛ քաղաքական մեկնաբանության և թե՛ մ.թ. 4-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունները վերլուծելու տեսանկյունից: Ամեն դեպքում չափազանց դժվար է համաձայնվել մտքի հետ, թե Պապ թագավորի անձն ու նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հայ ժողովրդի կյանքում ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ նշանակություն են ունեցել: Սա մաքուր քաղաքական հայտարարություն է, ոչ ավել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը