01 03 2019

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը

Փետրվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ առաջիկայում երկու ղեկավարների հանդիպման նախապատրաստական հարցերը, ինչպես նաև քննարկման հնարավոր թեմաները քննարկելու համար: Այս մասին հայտարարում են համանախագահները։  Նրանք նաև քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են այս տարվա հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում իրենց զրույցի մասին: Ղեկավարները և համանախագահները քննարկել են իրավիճակը տեղում և հետագա քայլերի վերաբերյալ իրենց ակնկալիքները:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում առանց զոհերի շարունակվող իրավիճակը: Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում ծավալվող բանավեճերը խաղաղությանը բնակչության նախապատրաստման մասին:

Առաջնորդներն ընդունել են Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ նրանց հովանու ներքո առաջիկայում հանդիպելու մասին:

Տարածաշրջանային այցից հետո համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փետրվարի 28-ին և մարտի 1-ին այցելել են Վիեննա և Բրատիսլավա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին տեղեկացնելու իրավիճակի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ