Ես արդեն որոշ գործողություններ անում եմ այն երեք նախարարությունների հետ, որոնք պետք է միավորվեն: Նկատի ունեմ՝ ծանոթանում եմ այն գործընթացներին, որոնք այդտեղ կան: Այս մասին փետրվարի 27-ին, «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մշակույթի, սպորտի և ԿԳ նախարարությունների միավորմանը:
Հարցին, թե այդ միավորման արդյունքում քանի հոգի կարող է զրկվել աշխատանքից, նախարարը պատասխանեց. « Այս պահին կրճատումներ, ըստ էության, չեն լինելու: Այսինքն միավորումները լինելու են, հետո նայելու ենք, թե ներսում ինչ գործառույթներ կան, որքան մասնագետ է անհրաժեշտ այդ գործառույթների համար: Հետո, ըստ դրա կշարժվենք»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ պատասխանել է 15-ից ավել պատգամավորների հարցերի, սակայն դեռ շատ հարցեր կան. «Մարտի 19-ին կրկին հանդիպում կլինի, քանի որ ոլորտը մեծ է, շահառուների թիվը մեծ է, և հարցերն էլ շատ են»,- ասաց նա, ավելացնելով, որ խորհրդարանականների հետ քննարկման ընթացքում թիրախում են եղել դպրոցի հետ կապված խնդիրները՝ ծրագրերը, չափորոշիչները, ուսուցիչների վերապատրաստումը, տնօրենների ընտրության կարգը և այլն. «Կրթության ոլորտում վայրիվերումներ» կան արդեն վերջին 9 ամսում, քանի որ այն ռեֆորմները, որոնք իրականացնում ենք, այն, ինչի մասին խոսում ենք, նոր են, ցավոտ են և պետք է դրան առերեսվենք»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին՝ կապված աշխատավարձի ցածր լինելու հետ, նախարարն ասաց, որ աշխատավարձի բարձրացման հետ կապված քննարկումներ կան։
«Թե՛ վարչապետը, թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ հարցն օրակարգում է ու առաջնային խնդիրներից է։ Ամբողջական համակարգը՝ նույն դրույքների հետ կապված, ուշադրության կենտրոնում է, երեկ էլ նաև մարզպետների հետ այս հարցով քննարկում ենք ունեցել, և վերջնական հասկանալուց հետո կանդրադառնանք աշխատավարձի բարձրացմանը։ Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձը բարձրացնելու հարցը»,- շեշտեց նա։
Նրա խոսքով՝ աշխատավարձի բարձրացման միջոցներն այս պահին հստակեցվում են, կլինեն նաև խնայողությունների հաշվին։
«Ինչպես գիտեք, մենք իրականացնում ենք «Ուսուցիչ» նախագիծը, որը սեպտեմբերից կլինի։ Ուսուցիչների վերապատրաստման մի համակարգ ենք դնելու, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը