27 02 2019

Մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է. Նիկոլ Փաշինյանը՝ Հասան Ռոհանիին

Մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է. Նիկոլ Փաշինյանը՝ Հասան Ռոհանիին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի.

«Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:

Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը:

Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:

Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:

Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:

Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:

Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:

Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:

Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան.

«Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ: Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է:

Նախագահ Ռոհանին արդեն ներկայացրեց այն հարցերի շրջանակը որ մենք քննարկել ենք: Ես կցանկանայի մեկ-երկու դետալ ավելացնել: Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:

Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ:

Ընդհանուր առմամբ կարևոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում և իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:

Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից»:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:

Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվեl Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:

Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ