26 02 2019

ՀԱՊԿ-ում ծանր բանակցություններ են ընթանում․ Շավարշ Քոչարյան. Tert.am



Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» խորթ էր ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով այն մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում վստահության դեֆիցիտ կա:

«Այն պրոցեսը, որը տեղի ունեցավ Հայաստանում, իրենց համար խորթ է: Մենք մեր հարաբերությունները տարբեր պետությունների հետ կառուցելիս իրենց ներքին հարցերը երկրորդական ենք համարում: Ինչ իշխանություն էլ լինի Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում, այդ երկրների հետ պետք է ունենանք լավ հարաբերություններ: Միամիտ կլիներ ենթադրել, որ այդ երկրները հանգիստ կվերաբերվեին: Իրենց ժամանակ է պետք ադապտացվելու, փոխվել է համակարգը: Առաջ իրենք նախագահներով էին նստում, հիմա վարչապետ է: Տարբեր խնդիրներ կան: Բազմաթիվ իրավիճակներ կան, որը պահանջում է ադապտացիա»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ուզում է, որ կազմակերպության Գլխավոր քարտուղարի նշանակման ու հետկանչման հարցում լինի խաղի հստակ կանոն, որը կգործի ապագայում, ինչպես նաև տվյալ դեպքում:

«Ցանկացածը կարող է պնդել՝ իմն է, չէ, իմն է: ՀԱՊԿ փաստաթղթերը չեն նախատեսել այդպիսի իրավիճակ, երբ ինչ-ինչ պատճառով գործող գլխավոր քարտուղարը չի կարող կատարել իր ստանձնած պարտավորությունները: Դրույթն այնպես է գրված, որ ոնց ուզես՝ կմեկնաբանես: Դրույթն այն է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարի ժամկետով, չի ասվում, որ պետությանն է 3 տարի ժամկետով տրվում: Մենք ասում ենք, որ քանի որ հնարավորություն չունի տվյալ անձը կատարել պարտավորությունները, ուրեմն մնացած ժամանակի համար պետք է ուրիշ անձ լինի էլի ՀՀ ներկայացուցիչ:

Իրենք ասում են, որ ժամկետը տրվում է անձին: Հիմքում սա է, որի շուրջ գնում են ծանր բանակցությունները: Պետք է հստակեցնենք խաղի կանոնը: Մեզ համար կարևոր է, որ կազմակերպությունը լինի արդյունավետ, որ չլինեն տարընթերցումներ: Խնդրին լուծում չի տրվել, բայց տարվում են աշխատանքներ հստակեցման ու կոնկրետ թեկնածուի հետ կապված»,- մանրամասնել է Շավարշ Քոչարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ