23 02 2019

Փակել պայմանական փողոցները. Տնտեսական հեղափոխության Փաշինյանի բանաձևը



Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին մասնակցում են Հայաստանի ու արտերկրի գործարարներ ու ներդրողներ:

Ֆորումին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում նշեց, թե այսօր օդում կախված հիմնական հարցը սա է՝ կարո՞ղ է, արդյոք, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն, և կարո՞ղ են կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք. «Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է: Բայց ովքե՞ր են ստեղծում դա, տնտեսության մեջ ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է»,- նշեց նա:

Ըստ վարչապետի՝ քաղաքացուն իրենք քաջալերելու են առաջին հերթին խոսքով, բայց կառավարության քաջալերությունը չի սահմանափակվելու միայն խոսքով. «Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների մեղմացման, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման,  օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»,- շեշտեց Փաշինյանը՝ կրկնելով, որ տնտեսական հեղափոխությունը ամեն քաղաքացի պետք է իրականացնի, այն է՝ իր գործունեությամբ պիտի փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը. «Մենք պետք է պայմանավորվենք, որ իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը շարունակում է մնալ նույնը: Իրականում սա հեշտ չէ, պետք է խոստովանել՝ տնտեսության կոռուպցիոն համակարգը երբեմն շատ ավելի մեծ պարզություններ ունի, քան սովորական ազատ մրցակցային համակարգը, որովհետև  եթե որևէ բիզնես փայ է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, կամ նա տանիք է այդ բիզնեսին, նշանակում է, որ պատասխանատվությունը  կիսված է, և երբ ահազանգ լինի, թե ընդհանուր  բիզնեսին ինչ-որ բան է սպառնում, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցին շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են, և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության մեջ ունեցած հովանավորության հետ, այլ հակառակը՝ իր բիզնեսի պատասխանատվությունն իրենն է, և ինքը պիտի երաշխավորված զգա, որ որևէ իշխանական օղակ իր համար ապօրինի խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ կա մի գաղափար, որ տնտեսական հեղափոխության առաջնորդների համար նոր տերմին պետք է հորինել, որպեսզի բիզնեսի և գործարարության հետ կապված հին զուգորդումները նկատի չառնվեն. «Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը` հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլենք»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ