Փետրվարի 22-ին Ազգային Ժողովում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մինչ քննարկումը նախարարից հետաքրքրվեց նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին, որին ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ կալանավորը ինքնասպանություն է գործել:
Նրա խոսքով՝ ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են կախված վիճակում: «Երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվելիս եղել: Նրանք մեղադրվում են անչափահաս երեխային բռնաբարելու մեջ, այդպիսի դեպքեր լինում են, իհարկե, ցավալի է, բայց գործը դեռևս նախաքննության փուլում է»,- ասաց նա:
Անդրադառնալով Մհեր Եղիազարյանի հացադուլի դեպքին, որի հետևանքով վերջինս մահացավ, նախարարն ասաց, որ ջրից և սննդից հրաժարվելը մարդու ազատությունը և իրավունքն է: «Անձն իր կամքով է գնում այդ քայլին։ Թե հացադուլից և ջրադուլից դուրս գալն ինչի դիմաց է պատրաստ անել, դա այլ խնդիր է»,-ասաց նա:
Ըստ Զեյնալյանի` անձը տեղափոխվել է ՔԿՀ արդեն հայտարարված հացադուլի պայմաններում և նրա բողոքն ուղղված է եղել ոչ թե կալանավայրի պայմանների դեմ, այլ քրեական գործի դեմ: «Մհեր Եղիազարյանին սահմանված կարգով բացատրվել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հացադուլը, այդ թվում՝ նաև վախճանի հանգեցնի: Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ»,-ասաց Արտակ Զեյնալյանը։
Նախարարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում 5300 կալնավոր պահելու հանարվորություն կա. «Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում 2226 կալանավոր և դատապարտյալ կա, որոնցից 963-ը՝ կալանավորներ են, 1303-ը՝ դատապարտյալներ: Այս պահին 10 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել: Քաղաքացիական հիվանդանոցներում բուժվողների թիվը 8-ն է: Բարելավվել է սննդի որակը, ինչի մասին վկայում են դատապարտյալների հարազատները, դիտորդական խմբերը: Խիստ պակասել է հանձնուքների քանակը, հացի որակն է լավացել: Ինքս էլ համատեսում եմ սնունդը, ծանոթանում ճաշատեսակներին ու այդ թեմայով առանձնազրույց ունենում դատապարտյալների հետ»,-ասաց Զեյնալյանը:
Նախարարը նաև խոսեց նախատեսված բարեփոխումներից և նշեց, որ ցմահ դատապարտյալները և առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտված անձինք, ովքեր խիստ ռեժիմում են իրենց պատիժը կրում, արգելված է այլ դատապարտյալների հետ պահել, մինչդեռ իրենք մտադիր են աստիճանաբար տեղափոխել այդ դատապարտյալներին, որ մի ՔԿՀ-ում չլինեն:
Զեյնալյանը նշեց, որ ՔԿՀ-ների փոփոխման հարցը օրակարգում է և մտադիր են նոր կալանավայր կառուցել հներից դատապարտյալներին տեղափոխելու համար:
Նախարարն ասաց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում կոյուղու հարցն արդեն լուծված է, նաև նախորդ կառավարությունը 270 մլն դրամ էր հատկացրել երեք կալանավայրի վերանորոգման համար: Նախահաշվարկից 100 մլն դրամ խնայել են մրցույթի միջոցով:
Հանձնաժողովի նախագահը նախարարից հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է անել, որ հրատապ գործերի քննությունը հանիրավի չհետաձգվի դատավորների քմահաճույքների պատճառով: ««Գորիս» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի երեք անչափահաս երեխաները չունեն խնամակալ: Տատիկն էր խնամակալը, վերջերս մահացել է: Երեխաները 16, 10 և 4 տարեկան են: Գործի քննություն իրականացնելու պահանջով` երեխաներից մեկը նույնիսկ հայտարարել էր, թե հացադուլ է անելու»,- ասաց Զոհրաբյանը:
Նախարար Զեյնալյանն արձագանքեց, որ դատական իշխանությունը հարկավոր է մեծացնել՝ հավելելով, որ Հայաստանի 100 000 բնակչի հաշվով կա 7 դատավոր, նրանց թիվն այս պահին 232-ն է: Նա ընդգծեց, որ դատավորների թափուր հաստիքներ կան, քանի որ այս ոլորտը դադարել է լինել հրապուրիչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը