21 02 2019

ԼՂ հարցով կասկածելի կուլիսային հանդիպումների առեղծվածը

ԼՂ հարցով կասկածելի կուլիսային հանդիպումների առեղծվածը

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գ. Պետրոսյանը հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«Արցախյան կարգավորման հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը վերջին 10 ամիսների ընթացքում այդպես էլ շարունակում է մնալ անհասկանալի: Նման անորոշությունն է, թերևս, հասարակության տարբեր շրջանակներում ծնվող տարակարծությունների և մտահոգությունների պատճառը: Չկա հնչեցված պաշտոնական դիրքորոշում, կան արտասովոր զուգադիպությամբ հաճախակի տեղի ունեցող «վերելակային հանդիպումներ», որոնք թեև ոչ պաշտոնական են, բայց և այնպես հարցի կարգավորման համատեքստում են: Կան մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը հիշեցնող խաղաղության կոչեր, մյուս կողմից ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված կրավորական հայտարարություններ: Արցախյան կարգավորման հարցի շրջանակներում Փաշինյանի ձեռնարկած յուրաքանչյուր քայլ, արած յուրաքանչյուր հայտարարություն, անցնող ամիսների ընթացքում ավելի շատ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել, քան տվել անհրաժեշտ պատախաններ և լուծումներ:

Ի՞նչ խնդիրներ են շոշափվում «վերելակներում», ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը, երբ ակնարկում էր հետընտրական շրջանում ակնկալվող բանակցային գործընթացի «վերակենդանացման» մասին, ինչու՞ են թաքցվում սահմանին տեղի ունեցած ողբերգական միջադեպերը, և վերջապես, ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ հայտարարում է, որ կարգավորման գործընթացում ինքը Արցախի բնակչության կողմից տրված բանակցային մանդատ չունի: Արդյո՞ք նման հայտարարությունը Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու միտում է հետապնդում, թե՞ Հայաստանը բանակցությունից հեռացնելու քողարկված նպատակ ունի՝ առաքելության ողջ ծանրությունը թողնելով Արցախի բնակչության և իշխանությունների ուսերին:

«Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ, եթե բանակցային սեղանի շուրջ նստեին Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի նախագահները: Ղարաբաղը պետք է ներկայացված լինի իր օրինական իշխանություններով, այլ ոչ թե համայնքային տարբերակով` "հայկական-ադրբեջանական", ինչի փորձ արվում էր 1990-ական թթ. սկզբներին: Դա վատագույնն էր: Լավագույնը, եթե մասնակցենք երեքով»,- այս մասին, ի դեպ, նշում էր դեռևս 2006 թ. մարտի 2-ին Հ1, Հ2 և Արցախի Հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ Նախագահ Ռ. Քոչարյանը: Այնպես որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանական հայտարարություններն ամենևին գյուտ չեն: Հարցն ունի քողարկված այլ նրբերանգ, որի պարզաբանումը վարչապետի կողմից տրվել է ոչ միանշանակ հետևյալ ձևակերպմամբ՝ «Արցախի բնաչությունն ունի իր կողմից ընտրված նախագահ, իր կողմից ընտրված խորհրդարան»:

Նույն հարցազրույցի շրջանակներում Քոչարյանը պարզաբանում էր, որ աշխատելու ենք Ղարաբաղն ավելի ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում , բայց ոչ Հայաստանի տեղը զբաղեցնելու կամ դերը նվազեցնելու հաշվին: «Հակառակ պարագայում, արդյունքում մեծ կորուստ կունենանք: Իսկ Ղարաբաղցիներին ուղղակի հատուկ կասեմ հետևյալը. դուք պետք է անհանգստանաք այն ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը կսկսի խուսափել այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, կսկսի փորձել մի կողմ քաշվել ու կողքից աջակցողի դեր ստանձնել: Այդ ժամանակ պետք է անհանգստանաք: Ուրեմն, Հայաստանի ղեկավարը կամ չի հավատում լավ արդյունքների, կամ իր մեջ բավարար ուժ չի գտնում գործն առաջ տանելու համար»:

Հարց է ծագում՝ Փաշինյանը իսկապես չի՞ հավատում լավ արդյունքների, թե՞ իր մեջ բավարար ուժ չի գտնում գործն առաջ տանելու համար․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ