Ավետ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նկատել եք, որ վերջին շրջանում ՀԱԿ-ականները գրեթե սպառնալից տոնով պահանջում են վերանայել 90-ականների նկատմամբ վերաբերմունքը և դադարել դրանք անվանել «ցրտի ու մթի տարիներ»։ Ընդ որում, փաստարկը հետևյալն է. դա միտումնավոր, ավելի քան 20 տարի արված հակաքարոզչության արդյունքն է և պետք է այն վերանայել ու անվանել «պատերազմը հաղթելու», «պետությունը կառուցելու» «դժվար, բայց երջանիկ տարիներ»։
Առանձին գործիչների ու օգտատերերի միջոցով հնչած այս պահանջն իրականում պատահական չէ։ Իհարկե, այն գալիս է ուղիղ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Էլ ով, եթե հենց նա գիտի պատմության գինը։ Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանը դա անում է ոչ թե պահի ազդեցությամբ, այլ խիստ պլանավորված, հետևողականորեն և ցանկացած պատեհ առիթ օգտագործում է այն իրականացնելու համար։ Տեր-Պետրոսյանն ունի 2 գերխնդիր. անձնական ռեաբիլիտացիա և իր նախագահության տարիների։ Անձնական ռեաբիլիտացիան նա փայլուն կատարեց 2008-ին, ապացուցելով, որ այն ժողովուրդը, որ 96, 98-ին իրեն ատում էր, հայհոյում և մերժում, ընդամենը 10 տարի անց ընկնելու էր իր ոտքը, մեռնելու նրա համար։ Լևոնը դա արեց իր թոռներին ցույց տալու, որ ահա տեսեք թե ով է Ձեր պապը։ Ոչ թե, ով է եղել, այլ ով կա։ Եվ դա անում էր առանձնակի ցինիկությամբ՝ սափրվելով Ազատության հրապարակում, այն դարձնելով իր անձնական օգտագործման սրահը։
Հիմա, ևս 10 տարի անց, Լևոնն անցել է իր նախագահության տարիների վերախմբագրմանը։ Ընդ որում, շատ լավ իմանալով իր ժողովրդին, նա դա անում է պարզունակ ուղերձների միջոցով՝ շրջանառության մեջ դնելով «ցուրտն ու մութը» «հաղթանակի ու կայացման » բառակապակցություններով ռակիրովկա անելու պահանջը։
Որովհետև Տեր-Պետրոսյանը գիտի, որ ձևակերպումը փոխելով, ի վերջո ինքը կազատվի իր ամենամեծ բեռից ու ամենամեծ մեղադրանքից։ Իսկ դա ամենևին էլ ոչ ցուրտն էր, ոչ էլ մութը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժառանգեց մի պետություն, որտեղ քաղաքացիները հավատում էին հավաքական կամքին, պետությանը, այն ապագային, որի համար պայքարել են։ Տեր-Պետրոսյանը 7 տարվա ընթացքում արեց ընդամենը մեկ բան. նա ոչնչացրեց քաղաքացուն։ Այն մարդուն, որ հասկացավ, որ չի կարող պետությունից որևէ օգնություն ակնկալել, որ պետությունը կարող է խաբել, մսխել ավանդները, տնտեսությունը և լկտիաբար հրաժարվել իր պարտականություններից։ Տեր-Պետրոսյանը քաղաքացուն բարոյազրկեց, այն աստիճան, որ երևանցին իր ձեռքով իր պապու տնկած ծառը կտրեց, գնացքի ռելսերը գողացավ, որ տաքանա։ Նա բոլորիս ստիպեց հաց հայթայթել մեր արժանապատվության հաշվին, երբ հացը գնում էր նա, ով հերթի մեջ ամենաշատն էր դուրս բրդում մյուսներին։ Նա երկիրը դարձրեց վայրի անապատ, որտեղ քո եղբայրը կարող էր տանից դուրս գալ ու չվերադառնալ։ Հետո՝ կպարզվի, որ ավտոբուսով մեկնել է եռամսյա հավաքի, այնտեղ էլ կորել։ Հետո՝ անհետ կորել։ Տեր-Պետրոսյանը փոշիացրեց ցանկացած քաղաքացու պահանջելու իրավունքը՝ արժանապատիվ թոշակի, աշխատավարձի, սոցիալական ապահովության։ Նա պետությունը, որպես գաղափար, հեռացրեց բոլորից ու առաջին հերթին հայերից։ Նա ստիպեց, որ մենք որևէ ակնկալիք չունենանք պետությունից, մեր երկրից, հետևաբար, եթե ակնկալիք չունենք, ուրեմն չունենք նաև պարտավություն։ Եվ եթե չունենք պարտավորություն, ապա չունենք նաև սրտացավություն։ Ու հենց այդ պատճառով, երբ ոչինչ ոչ մեկի բանին չէր, մարդիկ շենքի վրա շենք կառուցեցին, պարտքերը՝ չտվեցին, իրար սկսեցին քցել։ Տեր-Պետրոսյանն, ի տարբերություն շատերի, այս ամենը հիշում է ու հասկանում։ Հիմա փորձում է ոչ թե դա մոռացության տալ, ոչ։ Նա փորձում է մեր հիշածը խմբագրել։ Պնդել, որ մենք սխալ ենք ամեն ինչ հասկացել։ Հարցն այն չէ, թե որքանով կհաջողվի, այլ թե որքան հավակնոտ է առաջին նախագահը և անկեղծորեն որքան ոչնչություն է համարում իր ազգին։ Այնքան, որ անպատիժ ու շատ դուխով, սկսել է ուղեղների լվացումը։ Առանց վախի, ամոթի ու ափսոսանքի»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր, որն համարժեք կլիներ մեր առջև ծառացած ներքին և արտաքիքն բազում մարտահրավերներին:
Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը, խաբվելով, քեզ է տալիս իշխանության մանդատ:
Այս պրիմիտիվ սխեման, էֆեկտիվ լինելով կարճաժամկետ կտրվածքով, պլանավորման հորիզոնում շատ արագ սկսում է վթարների ենթարկվել: “Հույսի վաճառականի” քաղաքական իմիջը խոցելի է դառնում առաջին իսկ պահից, երբ այդ ժողովրդին տրված խոստումները բախվում են մի կողմից առկա դառը իրականությանը, մյուս կողմից՝ սեփական քաղաքական սնանկությանը:
Երկիրը, կորցնելով զարգացման իրական ուղենիշները, վերածվում է “օրվա հացի”, “օրվա ստատուսի” կամ “օրվա սկանդալի” կեցավայրի: Հետզհետե քայքայվող հասարակական հարաբերություններին միանում է նաև պետական ապարատի էրոզիան, և պետությունը կորցնում է իր երբեմնի ռազմավարական խորությունը:
Ցավոք, Հայաստանի փորձը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա:
Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում “Հայաստան՝ Նիկոլից հետո”, Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, և որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը»:
Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծանոթացեք՝ հերթական ապազգային, սորոսական փոխնախարարը...
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը ... 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը...։»
2014 թվականին Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին ստացված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը... Մնացած «գիտական քննարկումների» մասին կարող եք պատկերացում կազմել բերված մի քանի օրինակից։ Ի դեպ, Բուն ՏՎ-ն լայն հարթակ էր տրամադրել նաև վերջերս համացանցում մեծ աղմուկ հանած մի կատարյալ տխմարի՝ Տեր-Գաբրիելյանին, որի խոսքերը Արցախյան պատերազմի և հայերի մասին, ոչ միայն աղերս չունեն տրամաբանության հետ, այլ նաև դուրս են բարոյականության սահմանենրից։ Մի մարդ, որ Արցախյան ինքնապաշտպանությունը, և Բաքվի ու Սումգայիթի ջարդերին հաջորդած ադրբեջանցիների տեղափոխությունը Հայաստանից անվանում է «հայկական բռնություն»..., իսկ ինքնապաշտպանության դրդված հայ մարդկանց գործողությունները՝ «սպանելու փշրելու գլուխը ցխելու մոլուցք»... Կարճ ասած, սրանով խորանում է էն հարցը, թե արդյո՞ք Փաշինյանը պարտավորություններ ունի լգբտ-ների հանդեպ... Կարծես թե՝ ոչ միայն նրանց հանդեպ... Հիշեցնեմ, որ մյուս սորոսական փոխնախարարն է՝ Արևիկ Անափիոսյանը՝ Կրթության նախարարությունից, իսկ ապազգային փոխնախարարների շարքին կարելի է դասել նաև Սպորտի և Երիտասարդության հարցերով փոխնախարար՝ Կրիստինա Ասատրյանին, որը ևս սերտ հարաբերությունների մեջ է լգբտ-ների և թուրքական կազմակերպությունների հետ։ Այդ մասին նաև իր ՍՎ-ում է գրված։ Այսինքն՝ հերթական պետպաշտոնյան՝ էդ կուտոկից... Ի՞նչ ասեմ... ժողովուրդ ջան... սրա՞նք պիտի որոշեն մեր երկրի ու ազգի ապագան... սրա՞նք, որոնց զզվանքն առ ամեն հայկականը ուղղակի կաթում է դեմքներից ու իրենց գործունեությունից....
Իրոք որ՝ «Անաստված Կինոթատրոն» է սա»...
Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ ինչու՞ ՀՀ-ում բնակվող քաղաքական գործիչը, ՀՀ քաղաքացին չի կարող առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, ինչպես դա անում են Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիները, այն դեպքում, երբ անձնագիրը նույնն է՝ Հայաստանի Հանրապետության: Հավելեմ նաև, որ դեռ ուժը կորցրած չի ճանաչվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի 1989թ. ընդունված համատեղ որոշումը, որի հիմա վրա էլ 1998թ. ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին և արդյունքում ընտրվեց ՀՀ 2-րդ նախագահ:
Այս նույն սկզբունքով առաջարկում եմ Ռեֆորմիստների կուսակցությանը քննարկել առաջիկա ընտրություններին մեր կուսակցության նախագահ Վահան Բաբայանի առաջադրման հարցը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում: Որքան ես գիտեմ՝ Վահան Բաբայանի նախնիները գալիս են Արցախից, 2012-2017թթ. Վահան Բաբայանը հանդիսացել է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ բարեկամական խմբի ակտիվ անդամ, ԵԽԽՎ հեղինակավոր կառույցում պարբերաբար հանդես է եկել Արցախի վերաբերյալ հարցադրումներով և առաջարկներով, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր միջազգային հարթակներում պարբերաբար բարձրացրել է ԼՂՀ խնդրի արդարացի լուծման անհրաժեշտության հարցը, և մի շարք այլ բաներ, որոնք, կարծում եմ, ճիշտ կլինի, որ ինքը թվարկի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը