Օրական 50.000-ից ավելի ավտոմեքենա է մտնում Երևան։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«2018թ. Հանրապետությունում ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք է եղել և եթե մեքենաների քանակն այս տեմպով շատանա, մենք մեքենաների քանակի հետևից չենք հասցնի։ Հանրապետությունում փաստացի ԱՊՊԱ արված միայն 500.000 ավտոմեքնենաներից 250.000–ը Երևանում են, իսկ օրականա 50.000-ից ավելի մեքենա էլ գալիս է քաղաք »,-ասաց նա:
Մարությանի խոսքով՝ յուրաքանչյուրն իր հերթին պետք է նպաստի երթևեկության ծանրաբեռնվածության նվազմանը։
«Ամեն մեկն իր հերթին հնարավորինս պետք է քաղաքն ազատի մեքենայից։ Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին այն տեղը, որտեղ կարող են գնալ առանց մեքենա՝ թող գնան ոտքով և եթե ինչ-որ տեղ են գնում, որտեղ պետք է մի քիչ ոտքով քայլել, ես խնդրում եմ այնուամենայնիվ ոտքով քայլել»,-ասաց նա։
Անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցների և վարորդների բողոքի ակցիային քաղաքապետը նշեց, որ դա գործադուլ չէր, այլ մեր քաղաքապետարանի ներքին, «ընտանեկան» հարց էր, որը լուծվել է։
«Չեմ կարծում, որ իմ որոշման դեմ էր, քանի որ տնօրենն արդեն աշխատանքից ազատվելու դիմումը գրել էր, և մենք պետք է գլոբալ լուծում տանք։ Գիտեք՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործվում, բայց մենք պլանավորվում են մտցնել շահագործման՝ ի շահ մեր քաղաքացիների։ Ցանցի մեջ որոշակի փոփոխություններ կլինեն, և այդ ավտոբուսները կմտնեն շահագործման»,- ասաց նա։
Մարությանի խոսքով՝ 70 ավտոբուսից բացի կհամալրվեն նաև տրանսպորտային այն գծերը, որտեղ քանակի հետ կապված խնդիր կա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու մինչև հիմա այդ ավտոբուսները չեն շահագործվել, քաղաքապետը պատասխանեց․ «Այդ հարցն ինձ մոտ էլ է առաջացել, ավտոբուսները շատ լավ վիճակում են։ Քանի որ հիմա քաղաքային իշխանության ձեռքերը լրիվ ազատ են, ոչ մի կապվածություն չունեն ոչ մի բիզնեսի հետ, ոչ մեկի հետ որպես անհատ կամ կազմակերպություն, հանգիստ գործում են ի նպաստ մեր քաղաքացիների, և կարողանում են անել այն, ինչ չէին կարողանում անել առաջ»,- ընդգծեց Մարությանը։
Խոսելով Երևանի տրանսպորտային ցանցի արդիականացման մասին նա շեշտեց, որ նախկին քաղաքային իշխանությունը ոչ թե վերջնական կազմել էր ծրագիր այլ ծրագիրը կազմման գործըթնացում էր։
«Մի քանի օր առաջ բրիտանական ընկերությունը վերջնական արդյունքները ուղարկել է քաղաքապետարան։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք, նախկինում էլ, հիմա էլ նախնականով գնահատվել է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր։ Չեմ կարծում, որ Երևան համայնքը կարողանա ինքնուրույն իրագործել այն, մեզ պետք է լինելու պետական օժանդակություն»,- նշեց քաղաքապետը։
Ըստ նրա՝ Երևանի տրանսպորտային ցանցը հասցվել է վերջին կետին՝ վատ իմաստով։ Նրա խոսքով՝ իշխանությունները տրանսպորտային ցանցի արդիականացումը ձգձգել են, ինչի արդյունքում տնտեսվարողը սպասել է ու չի արդիականացրել շարժակազմը։
«Գիտեք, որ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարի շահագործվեն, ավելին իրավունք չունեն։ Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն ցանցը, այն դեպքում, երբ օրական մոտ 900 ավտոբուս է սպասարկում Երևանը, այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանալու շարունակել աշխատանքները։ Ցանցը բերվել է ամենավերջին կետին։ Մենք այս պահին հրատապ փորձում ենք լուծել այս խնդիրը՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարելի անել։ Եթե մենք ասում ենք, որ մոտ 2 տարուց հետո կարող է նոր ցանցը լինել շահագործման մեջ, պետք է հասկանալ, թե ինչ պետք է արվի այս 2 տարվա ընթացքում»,- հավելեց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ Թումոյի մոտ, նոր մետրոյի կայարանի կառուցման կոնցեպտն են մտածում, որի համար երկու տարբերակ կա.
«Առաջինը, որ, այնուամենայնիվ, լինում է կամուրջ, գնացքն անցնում է կամուրջը և կանգնում է հենց այնտեղ, և մյուսը, որ գնացքը կանգնում է, լինում է հորիզոնական էսկալատոր, որով մարդիկ տեղափոխվում են»,-ասաց նա:
Քաղաքապետը պնդեց՝ նախագիծը ռեալ է, և աշխատում են, որ մասնավորները նույնպես ներգրավեն: «Այն կայարանը, որ պետք է կառուցվի ձախ կողմում, պետք է մասնավոր ներդրումներ լինեն, և կարող է կայարանը միքսել ինչ-որ առևտրի կենտրոնի հետ: Այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ պետության բեռը միայն պետության վրա չընկնի, քանի որ շատ թանկ է մետրոյի կայարան կառուցելը»,-ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ 100 մլն դոլարը միջինացված և մի քիչ էժան գներով հաշվարկ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը